«Երրորդ ֆեյքը, որի մասին կուզեի խոսել, որն ավելի շատ մանիպուլյացիա է, «Սփյուռքը չպետք է միջամտի» թեզն է».-ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձում հանրության հետ զրույցի ընթացքում, որտեղ ներկայացնում էր ընդդիմախոսների կողմից ասպարեզ նետվող երեք գլխավոր ֆեյքերը, որոնցով փորձում են խանգարել անազատության մեջ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից նոր գաղափարներով քաղաքական ուժ ստեղծելու գործընթացին:
«Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ սփյուռքը էլ Հայաստանին աջակցող ինստիտուտ պետք է չլինի եւ Հայաստանն էլ սփյուռքին աջակցող ինստիտուտ չպետք է լինի:
Սփյուռքը Հայաստանին ամեն տարի ուղարկում է $ 5 միլիարդ: Դա Հայաստանի ՀՆԱ-ի 2025 %-ի չափ է: 500 հազար մարդ Հայաստանում օգնություն է ստանում սփյուռքից: Եվ եթե այդ օգնությունը չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում: Այսօր Հայաստանում բնակչության 23 %-ը աղքատ է: Դա մոտավորապես 600-700 հազար մարդ է, որ գտնվում է աղքատության մեջ: Մենք հաշվի չառնելով աղքատության այդ մեծ բեռը մեր վրա, ընկել ենք արտաքին քաղաքական ինչ-որ սխեմաների հետեւից եւ տնտեսությունով լրջորեն չենք զբաղվում: Օր առաջ մեր նոր ուժի խնդիրը 23 % աղքատությունը վերացնելն է, գործազրկությունը վերացնելն է եւ բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելն է:
Ի՞նչ է տալիս սփյուռքն այստեղ: Մեր տարածաշրջանի երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը եկեք համեմատենք իրենց տնտեսական պոտենցիալներով: Ադրբեջանն ունի գազ, նավթ եւ այլ բնական հանածոներ: Եվ այդ կարողանում է պահել իր տնտեսությունը: Բայց մեկ մարդու հաշվարկով երկրի ընդհանուր ծախսը եւ Հայաստանի համախառն ներքին արդյունքը այսօր հավասար են: Այսինքն, չնայած նավթի եւ գազի մեծ պաշարներին՝ մի ադրբեջանցին ավելի լավ չի ապրում, քան մի հայը: Վրաստանը չունի ռազմական ծախսեր եւ շատ մեծ ազդեցություն է ունենում լոգիստիկան՝ Ադրբեջանի եւ Հայաստանի տրանսպորտային շարժը Վրաստանով: Նաեւ ունի ծով, տուրիստական մեծ հնարավորություն: Բայց անգամ այդ պարագայում Վրաստանն էլ Հայաստանի պես նույն մակարդակի վրա է գտնվում: Մի վրացին ապրում է մի հայի պես՝ մի քիչ ավելի լավ, քանի որ մի շարք այլ պարամետրեր կան՝ երկրի ղեկավարության, կառավարության ավելի էֆեկտիվ լինելը:
Կարդացեք նաև
Ո՞րն է այս պարագայում Հայաստանի տնտեսական մրցակցությունը: Մի բան ընդամենը. Վրաստանը չունի բանակ, չունի ռազմական ծախսեր, բայց չունի սփյուռք: Ադրբեջանը ունի գազ, ունի նավթ, բայց չունի սփյուռք: Մեր տնտեսական ակտիվության ավելացման միակ գործոնը մեր սփյուռքն է:
Եթե հայտարարում ենք, որ սփյուռքը Հայաստանին օգնող գործոն չէ, այսինքն, ընդունում ենք, որ նա միայն պետք է փող ուղարկի, մենք պետք է այդ փողը ծախսենք: Բայց երբ սփյուռքի ներկայացուցիչը ցանկանա խոսք ասել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի, ընդհանուր հասարակական իրավիճակի մասին, նա պետք է այդ իրավունքը չունենա: Այսինքն, երկրի համար մտահոգվելը սփյուռքահայի համար պետք է ընդունելի չլինի: Երկիրը պետք է լինի միայն այն մարդկանց, այն գործարարների համար, որոնք պետք է գան այստեղ, աշխատեն գումար եւ կարծիք չունենան, դիտարկեն որպես խոպան:
Եթե դա է մեր ներդրումային քաղաքականությունը, որ պետք է այնպիսի ներդրող լինի, որը կարծիք չունենա, սփյուռքը պետք է որեւէ կարծիք չունենա եւ միայն փող ուղարկի, դա ընդունելի չէ մի քանի պատճառներով:
Առաջին: Մտահոգություն: Այդ մարդիկ տնտեսապես մեծ ազդեցություն են թողնում մեր վրա:
Երկրորդ: Սփյուռքում 100 հազարավոր հայեր ունեն բարձրագույն կրթություն լավագույն համալսարաններում: Հայաստանում այդպիսի հնարավորություն ունեցող մարդիկ քիչ կան: Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի իր քաղաքացիները դուրս գան երկրից եւ կրթություն ստանան աշխարհի լավագույն համալսարաններում: Վրաստանը այդպիսի հնարավորություն չունի: Եթե մենք ունենք բարձրագույն կրթություն ստացած պրոֆեսիոնալ 100 հազարավոր սփյուռքահայեր, ինչո՞ւ չենք օգտագործում իրենց պոտենցիալը, ինչո՞ւ ենք, ինչպես արեց մեր երկրի ղեկավարը Շվեյցարիայում, փորձում այդ պորտալարը կտրել եւ սփյուռքին սարքել միայն գումար ուղարկող կառույց:
Մեր ամենագլխավոր բնական դաշնակիցը հայկական սփյուռքն է, ինչպես Սամվել Կարապետյանն իր հայտարարության մեջ ասաց, եւ դա չօգտագործելը ուղղակի մեզ դանդաղեցնելու, մեր տնտեսությունը պահելու հին ու ոչ էֆեկտիվ քայլ է:
Բոլոր երեք ֆեյքերը եւ մանիպուլյացիաները արվում են մի նպատակով. Հասարակության մեջ հակադրություն ստեղծելով՝ հեշտ կառավարել, կամ հասարակությանը հիասթափեցնել բոլոր այն ուժերից, որոնք նոր գաղափարներ են առաջարկում:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, սիրելի հայրենակիցներ, որ այս մանիպուլյացիաները ամբողջ ընթացքում մեզ հետեւելու են: Եթե մենք սկսենք օգտագործել մեր ամբողջ պոտենցիալը, որպեսզի գտնենք նոր գործընկերներ, հավասարակշռենք եւ մեր ինքնիշխանության հասնենք աշխատանքով եւ ոչ թե հակամարտությամբ, գտնենք նոր երկրներ, որոնց հետ պետք է բարեկամանանք եւ աշխատենք, եթե մենք մեր մեջ եղած տարանջատումը վերացնենք եւ սկսենք աշխատել միայն պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա եղած հարաբերություններով, եթե պետության մեջ որոշիչ, կարեւոր դեր ունենան միայն պրոֆեսիոնալները, ում ձեռքերը մաքուր են, եւ հաշվի չառնենք ոչ քաղաքական հայացքները, Հայաստանից կամ սփյուռքից լինելը եւ եթե մենք օգտագործենք սփյուռքի ամբողջ պոտենցիալը, դուք կարող էք գուշակել չէ՞, թե ինչ է լինելու հետո»,-եզրափակեց Նարեկ Կարապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ