Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մեր ասելիքն աշակերտներին հստակ է՝ «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»

Հուլիս 17,2025 16:54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն  ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում՝  կապահովվի Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր արժեքը 1 մլրդ 568 մլն դրամ է, ներառում է 8 մարզից 16 ծրագիր, հիմնական պայմանագրերը կնքված են:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է իրականացվող աշխատանքները: Որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորել հետևյալ հրատապ ծրագրերը՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Զանգակատան ջրամբարի ոռոգման ցանցի մոտ 1 կմ երկարությամբ ջրատարի կառուցման աշխատանքների իրականացում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Արևելյան նորակառույց թաղամասով անցնող անձրևատար կոլեկտորի վերակառուցման աշխատանքների իրականացում,  Լոռի մարզի Տաշիր համայնքի 6 կամուրջների հիմնանորոգում և Տաշիր քաղաքի Գետափնյա 8 շենքի հիմքի վերանորոգում և մայթի վերականգնում, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրատար համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի քանդված հենապատերի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման, մայթերի կառուցման, վերականգնման, ճանապարհի կահավորման՝ գծանշումների, ճանապարհային նշանների տեղադրման, ճաղաշարերի տեղադրման աշխատանքների իրականացում,  Ալավերդի համայնքի ճանապարհների և բակային հատվածների ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքների իրականացում, Լոռու մարզի կրթահամալիրներ տանող ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում և նախագծանախահաշվային փաստաթղթերի պարզ փորձաքննության իրականացում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների իրականացում,  Սյունիքի մարզի  Սիսիան համայնքի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների  վերանորոգման աշխատանքների իրականացում, Մեղրի     համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 5 հասցեում գտնվող մանկապարտեզի շրջակա տարածքի դրենաժային համակարգի կառուցման աշխատանքների իրականացում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքների իրականացում, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների իրականացում, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի խմելու ջրի ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացում, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում որոշակի պարտավորությունների և ծառայությունների մասով ծախսերի իրականացում:

Կրթությունն է մեր ռազմավարությունը բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում. վարչապետ

 Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 3,408,199.8 հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխվող գումարից շուրջ 2 մլրդ դրամը նախատեսվում է ուղղվել դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը, ընդ որում՝ դպրոցների կառուցմանը՝ 1.3 մլրդ դրամի չափով, կրթահամալիրների կառուցմանը՝ 700 մլն դրամի չափով: Ընդ որում՝ գումարը կհատկացվի այն օբյեկտներին, որտեղ շինարարության մասով կատարողականները կլինեն ավելի առաջանցիկ։

Մանկապարտեզների գույքով ապահովման ուղղությամբ կհատկացվի 120 միլիոն 600 հազար դրամ, որն ուղղված է շինարարությունն ավարտված և այս տարի ավարտվող 61 մանկապարտեզներին: Դրանցից 57-ի համար հիմնական գույքն արդեն ձեռք է բերվել:  545 միլիոն դրամ հատկացվելու է կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի՝ փոխարժեքի տատանումով առաջացած գումարների սպասարկմանը։ Ծրագրի շրջանակում Երևանում, Արտաշատում, Աշտարակում և Վանաձորում վերակառուցվում են 300 դպրոցների ցանկում ընդգրկված չորս ավագ դպրոցներ. գումարն ուղղվելու է հենց այդ աշխատանքներին։ Այս ծրագրի շրջանակում է իրականացվում նաև հանրակրթական դպրոցների լաբորատորիաներով ապահովումը, ինչպես նաև նախակրթարանների հիմնումը, որը 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի մաս է:

ԿԳՄՍ նախարարը ընդգծել է՝ որոշմամբ նաև արհեստական բանականության դպրոցական ծրագրի ստեղծման նոր պայմաններ են ձևավորվում: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է 2023 թ.-ից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ իրականացվող «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին, որի շրջանակում երեխաները խորացված մաթեմատիկա, ծրագրավորում և նաև արհեստական բանականության հիմունքներ են սովորում ու իրականացնում են պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։  Նախորդ տարի ծրագրում ընդգրկվել է հանրակրթական 15 ուսումնական հաստատություն 7 մարզերից, իսկ այս տարվա սեպտեմբերից դպրոցների թիվն ընդլայնվելու է՝ հասնելով 42-ի: Վերջիններս նաև ձևավորվելու են որպես քննական կենտրոններ, որտեղ ուսուցիչների կամավոր ատեստավորման և մյուս կարևոր գործառույթների համար համապատասխան տեխնիկական վերազինումը նախատեսվում է Կառավարության այս որոշմամբ:

Անդրադառնալով արագ արձագանքման ֆոնդի համալրմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ խոսքը 40 միլիոն դրամի մասին է: Գումարը կուղղվի շուրջ 25 դպրոցի հրատապ կարիքների լուծմանը, այդ թվում՝ հունիսի 14-15-ին ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում տեղի ունեցած փոթորիկի և կարկուտի հետևանքով դպրոցների շենքերի վնասների վերականգնմանը և պատշաճ պայմանների ապահովմանը:

Նիկոլ Փաշինյանը, այդ համատեքստում անդրադառնալով կրթության ոլորտի զարգացմանը,  նշել է. «Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է, բայց իմ կարծիքով՝ մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ, որ կրթությունն է մեր ռազմավարությունն ընդհանրապես բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում»: Վարչապետը հավելել է՝ կրթությունն է մեր ռազմավարությունը, որովհետև չկա այնպիսի ոլորտ, որի համար այս կարգախոսը շատ պրակտիկ նշանակությունի չունենա:

 Վարչապետը նաև նշել է՝ կարևոր  է, որ Կառավարությունն ունենա աշակերտներին ուղղված  մի ուղերձ, որը կլինի նրանց աչքի առաջ՝  հասկանալի, պարզ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունեցող:  Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գարնանը տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնարարական է տվել ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մշակվի այդ ուղերձը և համապատասխան ձևավորում տրվի:  «Ուրախ եմ տեղեկացնել, որ եկել ենք եզրակացության, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ըստ էության, առնվազն նորակառույց դպրոցներում մենք մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք. «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»», –ասել է երկրի ղեկավարը՝ ցույց  տալով համապատասխան պաստառը:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ասելիքն աշակերտներին հստակ է՝ «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»: Համոզված ենք, որ շատ պրակտիկ ուղերձ է, և դրա ճշմարտացիության մեջ կասկածելու որևէ առիթ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ»:

Կառավարության նիստում ներկայացվել են նաև կրթական այն հաստատությունների, մասնավորապես՝ մանկապարտեզները ցանկը, որի համար որոշմամբ  գույքի ձեռքբերման հատկացումներ են կատարվում. Արագածոտնի մարզի՝ Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր–Ղևոնդյանի անվան մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Ալագյազ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ (մոդուլայինների ծրագիր), Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ (ավարտված, անհետաձգելի ծրագիր),  Արարատի մարզի՝ Արալեզ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ (ավարտված, մոդուլայինների ծրագիր), Արմավիրի մարզի՝ Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Արաքս համայնքի Ջրառատ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Արաքս համայնքի Մեծամոր գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի  մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Մեծամոր համայնքի Ջանֆիդա գյուղի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ (ավարտված, մոդուլայինների ծրագիր), Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ» մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Վաղարշապատ համայնքի թիվ 3 «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատուն) Արաքս համայնքի Գայ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Արաքս համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Արաքս համայնք Առատաշեն գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ(սուբվենցիոն ծրագիր), Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Արմավիր համայնքի Խանջյան գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ (անհետաձգելի ծրագիր), Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզ            (սուբվենցիոն ծրագիր), Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Վաղարշապատ համայնքի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Վաղարշապատ համայնքի թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի  մանկապարտեզ (բարեգործական ծրագիր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ), Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Այգևան համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ (ավարտված, մոդուլայինների ծրագիր),  Գեղարքունիքի մարզ՝ Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Աստղաձոր համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ (ավարտված, մոդուլայինների ծրագիր), Կոտայքի մարզի՝ Հրազդան համայնքի թիվ 6 մանկապարտեզ, թիվ 8 մանկապարտեզ, թիվ 11 մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագրեր), Աբովյան համայնքի Արամուս գյուղի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Նաիրի համայնքի Արագյուղ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Նաիրի համայնքի Բուժական գյուղի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Նաիրի համայնքի Պռոշյանի թիվ 1 մսուր մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր),Հրազդան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ (մոդուլայինների ծրագիր), Սյունիքի մարզի՝ Ագարակի մանկապարտեզի Ալվանք գյուղի մասնաճյուղ  (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Կապան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ (սուբվենցիոն ծրագիր), Կապան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ (ավարտված, սուբվենցիոն ծրագիր), Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ ՇԵՆ բարեգործական կազմակերպություն), Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ Հայ օգնության ֆոնդ), Իջևան համայնքի գ. Ծաղկավանի մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ Ամերիկյան Փարոս հիմնադրամ), Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ Ամերիկյան Փարոս հիմնադրամ), Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ), Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի մանկապարտեզ (ավարտված, սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր), Գանձաքարի մանկապարտեզ (ավարտված, բարեգործական ծրագիր՝ Հայ օգնության ֆոնդ),  Այրումի մանկապարտեզ  (ավարտված, բարեգործական ծրագիր՝ ՇԵՆ բարեգործական կազմակերպություն)

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխման միջոցով գումար կհատկացվի մի շարք կրթական ավարտված և ավարտական փուլում գտնվող, նոր մեկնարկող և ընթացող օբյեկտների շինարարական աշխատանքների, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի ֆինանսավորման համար: Ըստ հիմնավորման՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական հաստատությունների շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների (3 մանկապարտեզի կառուցման, 1 դպրոցի կառուցման, 3 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման), շինարարությունը մեկնարկող նոր օբյեկտների (5 մանկապարտեզի կառուցման), տարեկան հատկացումներն ավելացվող ընթացող օբյեկտների (1 մանկապարտեզի կառուցման, 1 կրթահամալիրի կառուցման), նոր օբյեկտների հաշվարկային փաստաթղթերի (15 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի «Նախնական նախագիծ» փուլի մշակման) ֆինանսավորման, ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների չափագրման (9 մանկապարտեզի կառուցման, 5 դպրոցի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման), ինչպես նաև 1 դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման, 16 մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման  և 1 թատրոնի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման պայմանագրի մնացորդային արժեքի ֆինանսավորման համար անհրաժեշտ է հատկացնել շուրջ 1.5 մլրդ դրամ:

Հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատման և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպման  նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվելու են 58 ուսումնական հաստատության` 41 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 74 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ: Ըստ հիմնավորման՝ Կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման  տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,  նախորդ տարի ՄԿՈՒ համակարգում գրանցվել է ավելի քան 15 հազար նոր ուսանող՝ համակարգի ուսանողների ընդհանուր թիվը հասցնելով  45 հազարի: Իսկ գերակա ուղղություններով, ըստ ԿԳՄՍ նախարարի,  ընդունելության աճը շատ ավելի զգալի է: «2023-2024 ուստարվանից որդեգրվել են քաղաքականության որոշակի համամասնությունների, որոնց միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվում է 6064 տեղ՝ պետության փոխհատուցմամբ, իսկ արհեստագործական ծրագրերով՝ 3312 տեղ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ առավելապես  պետության փոխհատուցմամբ  տեղերը հատկացվում են հատկապես մարզերում գործող ուսումնական հաստատություններին, որտեղ ուսանողների շուրջ 90 տոկոսն ունի հնարավորություն օգտվելու պետության փոխհատուցման տեղերից:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արդեն մի քանի տարի իրականացվում է նաև փորձարարական կրթական ծրագրերի ներդրում։ Մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկ համակարգերի սպասարկման մասնագիտության գծով նախորդ տարի հատկացված 200 տեղերը լիովին համալրվել են, ընդ որում՝ կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կազմել է շուրջ 285։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և անդրադարձել Կառավարության՝ կրթության ոլորտի  ռազմավարական ճարտարապետությանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ամբողջացնում են այդ պատկերը: Վարչապետը ներկայացրել է ռազմավարական ճարտարապետության էությունը, որի առանցքում բոլոր մակարդակներում կրթության հասանելիության և որակի ապահովումն է:

Վարչապետի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը դիտվում է որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծելով, որ այն կրթության պարտադիր մաս է։  Երկրորդ մակարդակը, ըստ Նիկոլ Փաշինյանի,  հանրակրթությունն է, որը նույնպես պետք է ունենա  տրամաբանական հասանելիություն: Անդրադառնալով մասնագիտական կրթությանը՝  վարչապետը նշել է. «Մեր նպատակն է, հատկապես մարզերում՝  տնտեսական կառուցվածքին և մարզի աշխատաշուկային արձագանքող մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ ստեղծել, որպեսզի շրջանավարտները սովորեն և շարունակեն գործունեությունն իրենց մարզերում,  կարողանան սերտորեն կապվել իրենց մարզի տնտեսական կյանքի հետ՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի միջոցով»:

Բարձրագույն կրթության համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  Ակադեմիական քաղաքի ստեղծմանը՝ ընդգծելով, որ այնտեղ կգործեն նաև ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն  առավել օժտված երեխաներ։

Անդրադառնալով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն  պետք է ունենա շարունակություն. հաջորդ փուլում Կառավարությունը կունենա հստակ պատկերացում՝ քանի մարզադպրոց, քանի արվեստի դպրոց և քանի երաժշտական դպրոց պետք է կառուցվի: 

Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում: Ըստ հիմնավորման՝ պարգևավճարի իրավունքի իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագել են որոշ խնդիրներ, որոնք նպատակահարմար է լուծել։ Որոշմամբ առաջարկվում է  սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը  (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում  կամ պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով: Աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կարող են միաժամանակ նշանակվել մարտական գործողությունների մասնակցի համար (5000 դրամ) և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց համար (15000 դրամ) սահմանված պարգևավճարները: Պարգևավճարը նշանակվում է մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթուղթը ստանալու օրվանից, եթե  պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Պարգևավճարի իրավունք ունեցող, սակայն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցին կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հիմքով պարգևավճար նշանակվում է առանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։ Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակված լինելու մասին:

Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համար

Վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսավարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկելու հարցում։  Տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում են՝

– Ծրագրից օգտվելու համար խաղողի մթերումների պայմանագրերի կնքման՝ օգոստոսի 1-ը վերջնաժամկետը 2025 թվականի համար երկարաձգել մինչև սեպտեմբերի 1-ը,

– 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգել լրացուցիչ մինչև 6 ամիս ժամկետով և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգել վարկերի մայր գումարների մարման ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ, պայմանով, որ շահառուները ֆինանսական կառույցներին կներկայացնեն 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար սահմանված ժամանակացույցով նախատեսված մարումների գումարների հանրագումարի չափը,

– 2022 և 2023 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգել նաև տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները,

– վարկերի մայր գումարի մարման համար սահմանված  արտոնյալ լրացուցիչ և մարման ժամկետները երկարաձգելու համար սահմանվող նախապայմանի խախտման դեպքում երկարաձգված ժամկետներում տրամադրված սուբսիդավորման գումարները ենթակա են վերադարձման։

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: Արդյունքում՝ լայնորեն կկիրառվի «Մեկ առողջություն» սկզբունքը, որն իր մեջ ներառում է մարդկանց, կենդանիների և բույսերի համար վտանգավոր վարակների նկատմամբ հսկողությունը, կանխարգելումը և տարբեր բռնկումների ժամանակ պատշաճ արձագանքումը: Զգալի միջոցառումներ են նախատեսված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իջեցման ուղղությամբ:

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Գործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն  հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն սովորողներին, ովքեր հանդիսանում են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ կամ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ։ Անվանական կրթաթոշակը կտրամադրվի 12 ամիս՝ ամսական 5000-25000 դրամ չափով։ Կանոնակարգվում է նաև անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև սահմանվում է, որ  եթե  սովորողը երկու կամ երեք հիմքերով ընդգրկվել է կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ, անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով, անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ, կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման նաև կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում: Առաջարկվում է նաև սահմանել մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները, ըստ որոնց մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ուսումնառության ընթացքում անվանական տրվում է կրթաթոշակ ամսական 10000-45000 դրամի չափով՝ կախված կրթության մակարդակում սովորողի ընդգրկվածությունից և առաջադիմությունից։ Կանոնակարգվում է նաև անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև սահմանվում է, որ կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով։

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության,  այնպես էլ՝  փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելով, ինչը հնարավորություն կընձեռնի փոխհատուցել փորձաքննության արդյունքում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների  (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով փորձաքննության պատվեր ներկայացնող անձին կամ պետությանը հասցված վնասները:

Գործադիրը հաստատել է նաև «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային   նպաստի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ 2026-2028 թթ.՝ 2026 թ. հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թ. օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Որոշմամբ  սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն  հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում և ակտիվ տարածում սոցցանցերի միջոցով՝ ծրագրի մասին իրազեկվածությունը երիտասարդների, հատկապես՝ նշված համայնքներում բնակվող բնակիչների շրջանում բարձրացնելու նպատակով:  Նախատեսվում է Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքներում արդեն իսկ դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի մասնագետներից ընտրել 2 ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց, վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։ Դասընթացը անցնելու է ամբողջությամբ առցանց տարբերակով, Միջազգային WSWCF միջազգային ֆեդերացիայի կողմից պատրաստված կրթական ծրագրով։ Ուսուցողական տեսանյութերը (5 տեսանյութ) նկարահանել ֆեդերացիայի մարզիչների մասնակցությամբ, և այդ տեսանյութերը QR կոդերի միջոցով հասանելի են լինելու Հայաստանում մինչ այս կառուցված և ապագայում կառուցվելիք բոլոր վորքաութ տեսակի մարզահրապարակներում։ 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն  ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը  նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 42-ի՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.2 մլն դրամ։

«Էդգար փարթներս» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բազմատեսակ տուփերի, գովազդային և փաթեթավորման նյութերի, պիտակների և այլ տպագրական ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 2.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 400 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում: Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 213 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թվականը, նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 48-ի՝ 235 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113 մլն դրամ։

«Սարանիստ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար՝ իրականացնելով 3.5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 605-ի՝ 405 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 178.2 մլն դրամ։

«Միմո թրեյդ» ՍՊԸ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 436 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 169.8 մլն դրամի ներդրում մոնտաժային և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 436 մլն  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22 մլն դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի խնդիրների լուծման ապահովմանը։ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ևս ակնկալվում է ապահովել ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, նպաստել ստորերկրյա արտեզյան ավազանի վերականգնմանը։

Կառավարության հավանությանն է արժանացել «Կրթության մասին» օրենքում լրացումներ», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ հանրակրթական դպրոցների կենտրոնացված կառավարման անցնելու գործընթացը կնպաստի ոլորտային բազմաթիվ այլ խնդիրների լուծման: Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը ոչ թե մեխանիկական, այլ բազմաշերտ և հսկայածավալ աշխատանք է ենթադրու,մ   իրականացվել են նախապատրաստական և վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝ գործող համակարգի պայմաններում գործառույթների ցանկ և պատասխանատուների գույքագրում, թվայնացված գործառույթների գույքագրում և թվայնացման ենթակա գործառույթների ժամանակային պլանավորում, կենտրոնացված կառավարման անցնելու դեպքում՝ աշխատանքային ծավալների վերլուծություն և բաշխում:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2025 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրման մասին» որոշում: Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 7 ընտանիքների բնակարանային խնդիրը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ այն նշանակալի քայլ է երկու երկրների միջև վերոնշյալ բնագավառում համագործակցությունը զարգացնելու, ինչը կնպաստի երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը: Համաձայնագրի ստորագրումը նպաստում է երկու երկրների մշակութային ժառանգության և համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը և պատշաճ կերպով պաշտպանվածությանը: Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեմ պայքարելու համար: Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ: Կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի աջակցել միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձի հարցում՝ գործող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին համապատասխան:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031