Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի արտիստ Գագիկ Կարապետյան Կրտսերը առաջին անգամ առաջին մրցանակի է արժանացել Իտալիայում կայացած մրցույթում

Հուլիս 17,2025 17:23

Aravot.am-ը պարբերաբար անդրադառնում է ստեղծագործական գերդաստանների տարբեր սերունդների գործունեությանը և սիրով է արձագանքում մշակութային այս կամ այն հաջողությանը: Այս անգամ ևս հրաշալի առիթ է անդրադառնալու պարային ոլորտի ամենամեծ գերդաստաններից մեկին` Կարապետյանների արդեն չորրորդ սերնդի ներկայացուցչի` կրտսեր Գագիկ Կարապետյանի հենց այս ամռանը իրականացված նվաճմանը, երբ նա առաջին մրցանակով վերադարձավ «Պարող Իտալիա» միջազգային մրցույթից:

DANCING ITALY մրցույթ-փառատոնը ներառում է պարային ոլորտի բոլոր հնարավոր ժանրերը և  տվյալ մրցույթի դասական պարում նվաճած մրցանակը բաձրագույն վարպետության հստակ հավաստումն է: Երբ խոսքը չորրորդ սերնդի մասին է, հարկ ենք համարում մեր ընթերցողին համառոտ ներկայացնել Կարապետյանների  գործունեությունը` «Ավագից» մինչև «Կրտսեր»:

Կարապետյանները ոչ միայն սերնդե-սերունդ  գործունեություն են ծավալել պարի բնագավառում, այլ շատ ավելի կարևոր է, որ անխտիր բոլոր սերունդները` մեծից-փոքր, գործել են մասնագիտական ամենաբարձրակարգ և ամենապատասխանատու ոլորտներում` Հայաստանի պարի պետական անսամբլում, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և բոլոր այն ասպարեզներում, որտեղ պրոֆեսիոնալ պարի  բարձրակարգ մասնագետ է պետք լինել ( տարբեր թատրոնների ներկայացումներում  պարային հատվածների  բեմադրությունները կամ պարարվեստի մասնավոր դպրոցի հիմնադրումն ու գործունեության ապահովումը):

Հոդվածի ձևաչափով գերդաստանի  չափազանց լայն գործունեությանը չանդրադառնալու համար՝ բավարարվենք պարի տարբեր ասպարեզներում լայն գործունեություն ծավալած անունների թվարկմամբ. ամենից հատկանշականը Հայաստանի պարի պետական անսամբլում իրականացված տասնամյակների գործունեությունն է: Արտաշես Կարապետյան Ավագ, Գագիկ Կարապետյան Ավագ, Արտաշես Կարապետյան Կրտսեր, Գագիկ Կարապետյան Կրտսեր: Գերդաստանի համար հատկանշական է նաև այն հանգամանքը, որ  Կարապետյանները պարի ոլորտում ներգրավված են եղել նաև ընտանիքներով, որտեղ ամուսիններով միասին պարի մասնագետներ են և այն էլ պրոֆեսիոնալ պարի մասնագետներ (գործունեություն պետական անսամբլում և մասնագիտական  բարձրագույն մանկավարժության ոլորտում): Վստահ ենք, որ հայոց մշակութային կյանքում ամենաակտիվ գործունեություն ծավալող և տարբեր սերունդների կողմից մեծագույն հարգանք վայելող գերդաստանը դեռ շատ նվաճումներով կզարդարի հայկական պրոֆեսիոնալ պարի ասպարեզը:

Անդրադառնալով Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած DANCING ITALY մրցույթ-փառատոնին, տեղեկացնենք, որ Գագիկ Կարապետյան Կրտսերը, որն արժանացել է ամենաբարձր պարգևի` առաջին մրցանակի, ներկայացրել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը: Բալետի արտիստը շուրջ երեք տարի հանդես է գալիս տարբեր ներկայացումներում, այդ թվում` Խաչատրյան «Սպարտակ», «Դիմակահանդես», Չայկովսկի «Կարապի լիճը», «Մարդուկ- Ջարդուկ» և այլն:  Վերջերս էլ արտիստին հանդիպեցինք գլխավոր դերապարով Ռավելի «Բոլերոյում»:

Մեզ հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց, որ միջազգային մրցույթ-փառատոնում ներկայացրել է Վասիլի Վայնոնեի խորեոգրաֆիայով վարիացիաները (ըստ էության, դա մենապար է) Բորիս Աստաֆևի բալետից: Կես կատակ- կես լուրջ դիտարկմանը, թե հայրը, մայրը, պապը, կարճ ասած՝ ընտանյոք հանդերձ հավանաբար աջակցում են ինչպես կարող են, սկսած խորհուրդներից մինչև… կրտսեր Գագիկ Կարապետյանը ժպիտով պատասխանեց. «Խորհուրդներով, այո, ինչ վերաբերում է ձեր ենթատեքստով դիտարկմանը, իմ կամ ընտանիքիս անդամների դեպքում բացառվում է: Ինքս եմ փորձում ամեն ինչ անել և ինչպես ընդունված է ասել՝ կամաց-կամաց առաջ գնալ, վեր բարձրանալ: Կուզեի շնորհակալական խոսք հղել թատրոնի տնօրինությանը, գլխավոր բալետմայստերին, գործընկերներիս, բոլորին-բոլորին, նվագախմբին, դիրիժորներին…»:

Կարճատև զրույցի ընթացքում արտիստը հավաստիացրեց, որ այլ երկրների թատրոններից, խմբերից ունեցել է հրավերներ, բայց ցանկությունը մեկն է` բեմ բարձրանալ հայրենիքում, հարազատ դարձած թատրոնում, իսկ եթե արտասահման, ապա միայն հյուրախաղերի ձևաչափով:

Ցանկություն ունի նկարահանվել ֆիլմերում, ինչը հավանաբար գերդաստանի, ավելի ճիշտ՝ ընտանիքի, սիրելի քրոջ, արդեն ճանաչում ձեռք բերած դերասանուհի Աիդա Կարապետյանի «մեղավորությունն է»:

Ինչ վերաբերում է իտալական մրցույթից հետո նման միջոցառումների մասնակցությանը, Գագիկ Կարապետյան Կրտսերն ասաց, որ մտադիր է շարունակել մասնակցությունը նման միջոցառումներին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Գագիկ Կարապետյան Կրտսերը միջազգային մրցույթ-փառատոնում և կադրեր արտիստի մասնակցությամբ մեր օպերայի և բալետի թատրոնի ներկայացումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031