Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության թիվ մեկ նպատակը՝ Արցախի մշտական ներկայացուցչության ցուցանակը փոխարինել Ադրբեջանի կամ Թուրքիայի դեսպանատան ցուցանակով. Ռոման Երիցյան

Հուլիս 17,2025 18:45

Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը «վերադարձնելու» գլխավոր դատախազության նախաձեռնության վերաբերյալ ընդդիմության ներկայացուցիչների ու հատկապես պատգամավորների լռությունը արցախցի փաստաբան Ռոման Երիցյանին շատ է զարմացրել:

-Չտեսա ընդդիմադիր ներկայացուցիչների  ու պատգամավորների կողմից ակտիվ եւ բուռն  քննադատություն, ինչն ինձ համար խիստ զարմանալի է: Կարծում եմ՝ այս հարցը պետք է արժանանա լուրջ քննադատության ու քաղաքական գնահատական պետք է տրվի,- ուղիղ եթերով ասաց Երիցյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը դիմել է վարչական դատարան, որ անվավեր ճանաչեն Արցախի կառավարության սեփականության իրավունքը այս շենքի նկատմամբ:

Փաստաբան Երիցյանը հիշեցրեց, որ երբ ընդդիմադիր որեւէ ներկայացուցչի քաղաքական հետապնդման կամ բռնաճնշումների են  ենթարկում, արցախցիներն առաջինն են  նրանց կողքին կանգնում  ու առաջինն են քննադատում այդ ամենը. «Մենք կարծում ենք, որ ընդդիմադիրները  պետք է կանգնած լինեն արցախցիների կողքին, որովհետեւ բոլորս էլ դարձել ենք ՀՀ իշխանության կողմից վարվող քաղաքականության զոհ»:

Փաստաբանը նաեւ դժգոհեց շենքի հարցում հենց արցախցիների միասնական դիրքորոշման բացակայությունից: Ըստ նրա՝ թեեւ արցախցիների մեծ մասը  բացասական են վերաբերվում շենքը հետ վերցնելու գործընթացին, բայց. «Չտեսա արցախցիների միասնականություն: Սա շենքի կամ շենքում գտնվող անձանց ամ որեւէ ներկայացուցչի համար պայքար չէ, սա պայքար է նաեւ Արցախի համար, Արցախի ներկայացուցչությունը բոլորիս համար դարձել է խորհրդանշական շենք: Կոչ եմ անում լինել առավել քան միասնական ու վերջ տալ մեկնաբանություններին, թե այնտեղ նստում են թալանչիներ»:

Փաստաբանը նկատեց նաեւ, որ պատահական  չեն իշխանություններն ընտրել այս պահը Արցախի ներկայացուցչության շենքը վերադարձնելու առումով: Ըստ նրա՝ տեսել են արցախցիների սակավամարդ հանրահավաքը ու հասկացել, որ եթե նրանք պատրաստ չեն իրենց սոցիալական խնդիրների համար պայքարել, ապա ճիշտ ժամանակն է ոտնձգել նաեւ Արցախի ներկայացուցչության շենքի վրա. «Արցախի ներկայացուցչության շենքն ինձ համար կամ արցախցիների համար չպետք է համարվի լոկ տարածք կամ ինչ-որ շենք:  Արցախի ներկայացուցչությունն, իհարկե, չի դադարի, եթե նույնիսկ շենքը մեզնից վերցնեն, բայց այնուամենայնիվ, այդ շենքն ու տարածքը մեզ համար խորհրդանշական տարածք է: Տեղին չեն ձեր հայտարարությունները, թե այդ շենքը պետք է թալանչիներից ազատվի եւ այլն»:

Նա արցախցիներին զգուշացրեց նաեւ, որ ոչ թե ներկայացուցչության շենքը վաճառվելու է ու այդ միջոցներն ուղղվեն  իրենց սոցիալական խնդիրներին կամ բնակեցվեն անտուն արցախցիներով, այլ ՀՀ իշխանությունների թիվ մեկ նպատակն է «Արցախի մշտական ներկայացուցչություն» ցուցանակը փոխարինել, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի դեսպանատուն ցուցանակով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031