Լրահոս
Օրվա լրահոսը

«Արշավիրը բողոքում էր՝ էս ի՞նչ է, ոչ մի բանում չի օգնում»․ Միսակ Հովսեփյանը՝ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի մասին

Հուլիս 17,2025 20:29

«Հաշվի առնելով իր ստերը, կարող է և՝ եղած չլիներ»,- Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող՝ դատավոր Տիգրան Դավթյան) ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանի փաստմանը՝ Արշավիր Սարգսյանը դատարանում հարցաքննվելուց ասել է, որ 2015-ին մեկ անգամ ՌԴ-ում հանդիպել է Աղվան Հովսեփյանին և հարցին՝ արդյոք տեղյա՞կ է այդ հանդիպումից, այսպես պատասխանեց Աղվան Հովսեփյանի որդի Միսակ Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք է տվել, նրա ընտանիքի մտերիմներից է։

Գլխավոր դատախազը Միսակ Հովսեփյանին հիշեցրեց՝ ասացիք, որ 2013-ին շփումներն Արշավիր Սարգսյանի հետ դադարել են, այդ դեպքում ինչպե՞ս է, որ հանդիպել են Աղվան Հովսեփյանի հետ Մոսկվայում, Միսակ Հովսեփյանն արձագանքեց․ «Ես իմ մասին եմ խոսում։ Հարգելի դատախազ, ես հասկանում եմ, որ Ձեր մեղադրանքը դրա վրա է կառուցված, բայց ես ուրիշ մարդ եմ, իմ եղբայրը՝ ուրիշ, իմ հայրը՝ ուրիշ։ Մենք տարբեր մարդիկ ենք, չնայած ընտանիք ենք»։

Դատախազի հարցին՝ ի՞նչը կարող էր Արշավիր Սարգսյանի դրդապատճառը, շահագրգռվածությունը լինել Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տալու համար, Միսակ Հովսեփյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով իմ շփումն այդ մարդու հետ, հետագայում տարբեր տեղեկությունները իր՝ նախկինում ունեցած գործունեության, հարաբերությունների վերաբերյալ, իմ մեջ  այդ մարդու բարոյական կերպարի վերաբերյալ  տպավորություն է կառուցվել, և ինձ համար հարց չի առաջանում։ Օրինակ, երբ ես Մոսկվայում ծանոթացա նրա՝ բավականին ազդեցիկ և ֆինանսապես կայացած քավորի հետ, նա այդ մարդուն կռանալով էր բարև տալիս։ Բայց երբ մի քիչ վատացել էին նրա գործերը, երբ նա գալիս էր Երևան, Արշավիր Սարգսյանն ինձ զանգում էր, ասում՝ խնդրում եմ՝ գնա, դրան դիմավորիր, հավեսը չունեմ։ Կարո՞ղ եք ասել նման բարոյական կերպար ունեցող մարդու դրդապատճառները։ Դա իմ արժեհամակարգը չի հասկանում։ Կամ զանգում, ասում է՝ ես Պոդմոսկովյայում իմ ընկերոջ հետ հզոր բիզնեսներ եմ սկսել, դուք էլ իմ հետ փայատեր եք։ Իր ընկեր Սաշային զանգում եմ, ասում է՝ ի՞նչ փայ, ի՞նչ բան։ Իր էությունից է, միգուցե քաղաքական համապատասխան միջավայր է ստեղծվել, մտածել է՝ կարող է՝ մի երկու բան էլ պոկի»։

Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը փաստեց՝ ըստ մեղադրանքի փաստական նկարագրության՝ իրավիճակն այնպիսին է, որ այն ժամանակ, երբ Աղվան Հովսեփյանը ստացել է առաջարկ Արշավիր Սարգսյանից բիզնես գործունեություն ծավալելու, ուղարկել է Մաքսիմ Հակոբյանի մոտ, և նրա միջոցով բիզնես գործունեությունը փորձել են զարգացնել․ «Մեղադրանքի նկարագիրն այնպիսին է, որ Մաքսիմ Հակոբյանն ունեցել է հնարավորություն Բելշինա ընկերությունից՝ Բելառուսում գործող, էապես մատչելի գներով անվադողեր ձեռք բերել, սակայն անտեսել է այդ հնարավորությունը և հարգանքից ելնելով՝ նախապատվությունը տվել է Աղվան Հովսեփյանի և Արշավիր Սարգսյանի առաջարկին։ Սա իրատեսական համարո՞ւմ եք»։ Միսակ Հովսեփյանն արձագանքեց․ «Իմ բիզնես գործունեության ընթացքում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչ եմ եղել ՀՀ-ում։ Չեմ կարող մատնանշել մի դեպք, որ արտադրողը վերջնական սպառողի հետ ինչ-որ գործարք կնքի»։

Փաստաբանի մյուս հարցին՝ Ձեր հայրիկը մեկին մի բան կխնդրե՞ր՝ իր բնավորությունից ելնելով, Միսակ Հովսեփյանը ծիծաղով պատասխանեց․ «Կարող եմ ասել՝ չէ, ու դրանով վերջացնեմ։ Բայց ուզում եմ ավելի բովանդակալից՝ կյանքից օրինակներով պատասխանել Ձեր հարցին»։ Աղվան Հովսեփյանը կատակով արձագանքեց՝ այդ ընթացքում ինձ չվիրավորես։ Միսակ Հովսեփյանը շարունակեց․ «Երբեմն, որ իմ գործունեության հետ կապված կիսվում էի հորս հետ՝ տնական զրույցի շրջանակներում, իր հարցադրումները միշտ եղել են ոչ թե նրան ուղղված՝ ես եկամուտ ունեցե՞լ եմ, թե՞ ոչ, այլ՝ պետությունը տուժվե՞լ է, չի տուժվել, էս մարդը տուժվե՞լ է, թե՝ ոչ։ էս մարդը բիզնեսից տեղյակ չէ, իր գործի բնույթը, բնագավառն այլ է։ Երբ նոր կյանք ես փորձում մտնել, միշտ տղան ուզում է իր հոր հետ քննարկել, բայց ես հասկացել եմ, որ իր հետ ամեն կյանքի իմաստնություն կարելի է քննարկել, բայց ոչ բիզնես․ ուզի էլ՝ չի կարող»։

Էրիկ Ալեքսանյանի հարցին՝ Արշավիր Սարգսյանի հետ եղե՞լ է տարաձայնություն, որ նա ասի՝ դու չես այն մարդը, ում հետ պետք է քննարկեմ, հորդ հետ կքննարկեմ, Միսակ Հովսեփյանը պատասխանեց․ «Չէր կարող ինքն իրեն նման բան թույլ տալ։ Նման բան չկար։ Չի եղել նման տոնայնութամբ խոսակցություն։ Ընդհակառակը, բողոքում էր՝ էս ի՞նչ է, ոչ մի բանում չի օգնում։ Հիմնական խնդիրը, որ մեջբերում էր՝ դա էր, որ՝ ոչ մի բանում չի օգնում։ Կներեք, բայց 90-ականների Մոսկվայի տակ մնացած՝ պիտի կռի՞շ լիներ իրեն։ Ասում էր՝ կգնամ ուրիշ երկիր, էսքան աշխատեմ, միլիոնատեր կդառնամ։ Ասում էի՝ գնա, աշխատի։ Ուզում էի իրեն անընդհատ բերել կառուցողական դաշտ, ասում էի՝ ի՞նչն է խնդիրը, ասում էր՝ էսինչ փաստաթուղթը չի ստացվում, ասում էի՝  ճանաչում եմ, զանգեմ, պայմանավորվենք, գնանք, աշխատանքային քննարկում ունենանք համապատասխան գերատեսչության համապատասխան պաշտոնյայի հետ, գնանք, տեսնենք՝ ինչո՞ւ չի ստացվում։ Այդ հանդիպումների ժամանակ պարզվում էր, որ ինչ-որ փաթեթի կազմման, փնթիության հարց է եղել»։

Հարցին՝ Աղվան Հովսեփյանը ներգրավվե՞լ է որևէ ձևով բիզնես գործունեւթյան մեջ, թե՝ ոչ, Միսակ Հովսեփյանը պատասխանեց․ «Արշավիրը հերթական բողոքի ընթացքում ասում էր՝ մոտենում եմ, գործից խոսում, բերանս փակում է, չի էլ լսում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031