Հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում Air India ավիաընկերության թիվ 171 թռիչքի կործանման վերաբերյալ հուլիսի 12-ին հրապարակված նախնական զեկույցը որոշ հարցերին պատասխաններ տալու փոխարեն՝ նոր հարցեր է ծնել:
Ինչո՞ւ ես դադարեցրել վառելիքի հոսքը. օդաչուն՝ մյուս օդաչուին
Ըստ Հնդկաստանի օդանավերի վթարների հետաքննության բյուրոյի՝ օդանավի գործողությունները գրանցող սարքը, այսպես կոչված՝ «սեւ արկղերից» մեկը, ֆիքսել է, որ Համաշխարհային կոորդինացված ժամանակով (ՀԿԺ) ժամը 08:08:35-ից սկսած, ինքնաթիռը տիրապետող երկրորդ օդաչուն բարձրության հրահանգ է տվել: 08:08:39-ին ինքնաթիռի սենսորները ցամաքային ռեժիմից փոխանցվել են օդային ռեժիմի: 08:08:42-ին գրանցվել է թռիչքի առավելագույն արագությունը:
Նույն պահին ինքնաթիռի երկու շարժիչներին սնուցող վառելիքի հոսքը, հաջորդաբար մեկ վայրկյանի տարբերությամբ, դադարեցվել է: Այն կարող է դադարեցվել օդաչուների խցիկում տեղադրված երկու կոճակների միջոցով:
Կարդացեք նաև
Մյուս «սեւ արկղը», որը ձայնագրում է խոսակցություններն օդաչուների խցիկում, արձանագրել է, թե ինչպես է օդաչուներից մեկը մյուս օդաչուից ճշտել՝ ինչո՞ւ է դադարեցրել շարժիչներին վառելիքի հոսքը: Պատասխանող օդաչուն հերքում է, թե դադարեցրել է հոսքը:
Հետաքննության նախնական փուլում մասնագետներին չի հաջողվել տարբերակել հրամանատարի եւ երկրորդ օդաչուի ձայնը:
Վայրկենաբար, օդանավը կորցրել է թռիչքային արագությունը: 08:08:47-ին շարժիչների ուժգնությունը թռիչքային նվազագույն թույլատրելիից պակաս է եղել:
Օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են՝ թռիչքուղուց պոկվելուց վայրկյաններ անց գործադրվել է օդային տուրբինը: Այն արտակարգ իրավիճակներում շարժիչներին փոխարինող տուրբին է, որն օդի հոսքի շնորհիվ պտտվում է՝ գեներացնելով էլեկտրականություն եւ ապահովելով օդանավի կարեւորագույն համակարգերի սահմանափակ գործունեությունը՝ նախքան արտակարգ վայրէջքը: Տուրբինը գործադրվում է ինքնաբերաբար՝ առանց օդաչուի հրահանգի:
Օդանավը եղել է վերականգնման ճանապարհին
Վառելանյութի դադարեցումից տասը վայրկյան հետո՝ 08:08:54-ին, առաջին շարժիչի սնուցումը վերսկսել է: Երկու վայրկյանից վերականգնվել է երկրորդ շարժիչի վառելիքային սնուցումը: Օդանավի մասերի ուսումնասիրությունը պարզել է՝ վթարի պահին վառելիքի սնուցման երկու կոճակներն էլ միացված դիրքում են գտնվել:
Շարժիչներից գազերի արտանետման ջերմաստիճանը բարձրացել է, այսինքն՝ դրանց ուժգնությունը վերականգնման ճանապարհին է եղել: Առաջին շարժիչը շարժվել է դեպի ամբողջական վերականգնում, սակայն երկրորդի վերականգնումն ավելի դանդաղ է ընթացել:
Կարգավարի հետ կապ հաստատելուց վեց վայրկյան անց օդանավը կործանվել է
08:09:05-ին օդաչուներից մեկը օդային երթեւեկության կարգավարին հաղորդել է արտակարգ իրավիճակի գոյության մասին:
«Սեւ արկղերի» գրանցումներն ու ձայնագրություններն ավարտվել են վեց վայրկյան անց՝ 08:09:11-ին:
Անհնար է, որ օդաչուն միամտաբար դիպչի կոճակներին. մասնագետներ
«Որ օդաչուն թռիչքի մեկնարկից վայրկյաններ անց դադարեցրել է վառելիքի մատակարարումը, շատ մտահոգիչ է»,-ԱՄՆ տրանսպորտի ազգային անվտանգության բյուրոյի նախկին մենեջեր-տնօրեններից Փիթր Գոելցի դիրքորոշումն է:
«Նոր մանրամասները բացահայտում են, որ օդաչուների խցիկում որեւէ մեկը դադարեցրել է հոսքը: Հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս: Երկու կոճակներն էլ անջատված, վայրկյաններ անց՝ կրկին միացված դիրքում են գտնվել»,-նշել է Գոելցն՝ ընդգծելով օդաչուների ձայների նույնականացման եւ օդաչուների ամբողջական խոսակցության վերծանման կարեւորությունը:
Ըստ ամերիկացի ավիացիոն մասնագետ Ջոն Նենցի՝ «որեւէ գիտակից օդաչու վառելիքի մատակարարումն օդում չէր դադարեցնի»:
Այլ փորձագետներ համոզված են՝ անհնար է միամտաբար դիպչել երկու համապատասխան կոճակներին:
Անփութորեն ենթադրել օդաչուի ինքնասպանություն՝ էթիկայի խախտում. հնդիկ օդաչուներ
Թեեւ որոշ սլաքներ ուղղվում են օդաչուների նկատմամբ, թե 56-ամյա հրամանատար Սումիթ Սաբհարվալը, թե 32-ամյա երկրորդ օդաչու Քլիվե Կունդերը փորձառու էին, օդաչուական վկայական էին կրում եւ հաջողությամբ անցել էին սթափության նախաթռիչքային զննումը:
Հրամանատարը 15 հզր 638 թռիչքային ժամ էր կուտակել: Դրանցից 8 հզր 596-ը գրանցվել է վթարում ներգրավված տիպի ինքնաթիռի վրա: Երկրորդ օդաչուի 3 հզր 403 թռիչքային ժամերից 1 հզր 128-ն է 787-8 մակնիշի օդանավի վրա գրանցվել:
«Մենք խորապես անհանգստացած ենք շահարկումներով լեցուն նարատիվներից… մասնավորաբար անխոհեմ եւ չհիմնավորված ակնարկներից առ այն, թե օդաչուն ինքնասպան է եղել (ինքնաթիռը կործանելով -Ա.Ա.)», -ասված է Հնդիկ կոմերցիոն օդաչուների ասոցիացիայի (ICPA) տարածած հայտարարության մեջ:
Օդաչուները շեշտում են. «Առանց հաստատված ապացույցների անփութորեն ենթադրել, թե օդաչուն ինքնասպան է եղել, զեկույցների էթիկայի կոպիտ խախտում է եւ անարգանք մասնագիտության արժանապատվության հանդեպ»:
Հնդկաստանի ավիափոխադրողների օդաչուների ասոցիացիան (ALPA) էլ հետաքննության մեջ օդաչուներին մեղավոր կարգելու միտում է տեսնում եւ մերժում նման մտածողությունը:
Air India ընկերության տնօրեն Քեմպբելլ Վիլսոնն իր հերթին հիշեցրել է՝ նախնական զեկույցում ավիավթարի պատճառ չի մատնանշվում՝ կոչ անելով խուսափել «վաղաժամ եզրակացություններից»:
Չցրվող սեւ ամպեր Boeing-ի շուրջ
Արդեն տարիներ են, ինչ ավիաարտադրության ոլորտի հսկա Boeing-ի արտադրանքի անվտանգության վերաբերյալ մտահոգություններ են բարձրաձայնվում:
Boeing 787-8 օդանավի մասնակցությամբ մեկ այլ ավիավթար տեղի էր ունեցել 2013 թվականի հունվարի 16-ին, երբ Ուբե-Տոկյո չվերթն իրականացնող օդանավի մարտկոցը խափանվել էր: Բարեբախտաբար, օդանավին հաջողվել էր անվտանգ արտակարգ վայրէջք կատարել:
Բախտը բարյացակամ չէր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին եւ 2019 թվականի մարտի 10-ին Boeing 737 Max 8 ինքնաթիռների հանդեպ: Հինգ ամսվա տարբերությամբ, ցամաքը լքելուց րոպեներ անց ինդոնեզիական եւ եթովպական ավիափոխադրողներին պատկանող նորաստեղծ ինքնաթիռները հավասարակշռման համակարգերում առաջացած շփոթի արդյունքում կորցրին կառավարելիությունը եւ վթարվեցին, առաջինը՝ ծովում, երկրորդը՝ ցամաքի վրա:
Թե 787-ի պատահարի, թե 737-ի իրար հաջորդած ավիավթարներից հետո տվյալ տիպի ինքնաթիռների շահագործումը ժամանակավորապես կասեցվեց։
Հունիսի 12-ի վթարից հետո կասեցման ռեժիմ չի մտցվել:
Ընկերությունը «սխալ քայլեր է թույլ տվել». Boeing-ի տնօրեն
2025-ի ապրիլին վկայություն տալով ԱՄՆ Սենատի տնտեսական հանձնաժողովում՝ Boeing-ի տնօրեն Քելլի Օրտբերգն ընդունել է, որ ընկերությունը «սխալ քայլեր է թույլ տվել վերջին տարիներին, եւ սա անընդունելի է»՝ հավելելով, որ «անձնակազմը, ընթացակարգերը եւ ընկերության ընդհանուր կառուցվածքը լայնածավալ փոփոխությունների են ենթարկվել»։
36 ճակատագրական վայրկյան
Ակնհայտ է, որ հնդկական փոխադրողի օդանավի օդաչուական խցիկում իրադարձությունները ծավալվել են վայրկյանների ընթացքում՝ 36 ճակատագրական վայրկյանների:
Զեկույցը որեւէ առաջարկություն կամ դիտարկում չի ներկայացնում Boeing 787-8 մակնիշի օդանավերի եւ GE GEnx-1B մակնիշի շարժիչների արտադրողներին կամ շահագործողներին:
Առայժմ ոչ մի պաշտոնական խոսք չի հնչում մեղավորների, պատասխանատուների կամ բացթողումների հետ կապված: Զեկույցը եզրափակում է՝ հետաքննությունը շարունակվում է:
Համատեքստ
Հիշեցնենք. հունիսի 12-ին հնդկական Air India-ին պատկանող Boeing 787-8 օդանավն իրականացնում էր Ահմադաբադ-Լոնդոն չվերթը: Բարձրություն հավաքելուց կես վայրկյան անց օդանավը՝ անիվները դեռ բացված եւ քիթը դեռ դեպի վեր, վթարի ենթարկվեց: 230 ուղեւորներից 229-ը զոհվեցին, իսկ անձնակազմի 12 անդամներից ոչ ոք ողջ չմնաց: Ավելին, կործանման վայրում եւս 19 քաղաքացի վթարի զոհ դարձավ:
Ընթացող հետաքննությանը մասնակցում են ոչ միայն Հնդկաստանի ավիացիոն փորձագետները, այլեւ ամերիկացիներ, քանի որ վթարված ինքնաթիռը ամերիկյան արտադրության էր:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2025