«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ են իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի տեսաուղերձին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը մասնավորապես անդրադարձել է Նարեկ Կարապետյանի ներկայացրած տվյալներին:
«Կարապետյանը նշում է, թե վերջին 7 տարիներին Ռուսաստանի դերը Հայաստանի արտաքին առևտրում մեծացել է, և համեմատում է ԵՄ-ի հետ՝ նշելով, որ ԵՄ-ի հետ առևտուրը 6 անգամ քիչ է։
Կարդացեք նաև
Բայց Կարապետյանը, կարծես թե, մոռանում է (կամ գուցե չէ՞), որ 2022-ից ի վեր մեծ թվով գործարարներ՝ այդ թվում ռուս, Հայաստանը օգտագործում են որպես տարանցիկ գոտի՝ իրենց ապրանքային կարիքները հոգալու համար։ Սա ժամանակավոր, կարճաժամկետ գործոն է, որը 2025-ի առաջին հինգ ամիսներին արդեն էականորեն նվազել է։ Այդ փաստը՝ զուտ վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ, հեշտությամբ կարելի է պարզել, եթե, իհարկե, ցանկություն լինի։
Կարապետյանը ճիշտ է նկատել վերաարտահանման գործոնը ԱՄԷ-ի հետ առևտրում, բայց նույն տրամաբանությամբ մոռացել է տեսնել՝ թե ինչպես է այդ վերաարտահանման գործոնը ձևափոխում պատկերը նաև Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի դեպքում։
Մի քանի թվեր՝ առանց մեկնաբանության.
- Հայաստան–Չինաստան առևտուրը՝ 2018-ին՝ 771 մլն $→ 2024-ին՝ 2.8 մլրդ $
- ԵՄ հետ առևտուր՝ 1.83 մլրդ $ → 2.335 մլրդ $
- Իրան՝ 363 մլն $ → 737 մլն $
- Վրաստան՝ 138 մլն $ → 333 մլն $
- ԱՄՆ՝ 226 մլն $ → $410 մլն $
Սրանք չոր թվեր են, որ մեր քաղաքացիները կարողանան տարբերել մանիպուլյացիան և ֆեյքը իրականից: Ի դեպ, եթե Նարեկ Կարապետյանը տեղյակ չէ պետությունը տարբեր գործիքներ է կիրառում տեղական արտադրանքի որակի բարելավման և ստանդարտները բարձրացնելու համար, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի՝ այն է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին առևտուրը: Դժվար է այս ամենը բացատրել ամեն ինչ միայն մեկ երկրի հետ կապող գործարարի ընտանիքի անդամին:
Հաջորդ մանիպուլյատիվ պնդումը՝ «սփյուռքը ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ ԱՄՆ դոլար»: Իսկ հետո փորձում է բացատրել, որ եթե սփյուռքից այդ օգնությունը չլինի, ապա 500 հազար մարդ աղքատության ճիրաններում կհայտնվի: Այո, վերջին տարիներին այդ թիվը գերազանցել է $5 մլրդ-ը, բայց այդ գումարի մոտ 75 տոկոսը առևտրային փոխանցումներ են, ոչ թե աջակցություն։
Եթե Նարեկ Կարապետյանը ուսումնասիրեր ԿԲ տվյալները, կտեսներ՝ ոչ առևտրային փոխանցումները 2024-ին կազմել են $1.013 մլրդ կամ ընդամենը 17.4%, իսկ 2007-ից մինչև 2018 թվականը, երբ ընդհանուր փոխանցումների թիվը տարեկան 1.5-ից մինչև 2.3 մլրդ դոլար էր, դրա առնվազն 70 տոկոսը հենց ոչ առևտրային փոխանցումներն են եղել:
Հետևությունը պարզ է. մանիպուլյացիան չի սիրում ամբողջական թվեր։ Ընտրվում է մեկ ցուցանիշ՝ հարմար մեկնաբանության համար»։