Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

Սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրիշ պետության վերահսկողության տա՞կ դնել: Եթե հոն հասնինք, կնշանակե՝ ամենակարեւոր զիջման գացինք: Մենք հանձնեցինք. Սարգիս Շահինյան. «Ազգ»

Հուլիս 18,2025 11:56

Հուլիսի 16-ին շվեյցարական «20 րոպե» լրատվական կայքը «Էրիհ Ֆոնտոբելն ու Լուկաս Ռայմաննը պայքարում են ԼՂ հայերի (վերադարձի) համար» վերնագրյալ ծավալուն հոդված է հրապարակել՝ մանրամասն անդրադառնալով արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը՝ մասնավորապես Վաշինգտոնում հուլիսի 7-9-ին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիհ Ֆոնտոբելի, Լուկաս Ռայմանի, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Այբների, եւ ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հանդիպումներին Սենատում, Ներկայացուցիչների պալատում, ԱԳՆ, ազգային անվտանգության պաշտոնատարների հետ կայացած հանդիպումներին, դրան հետեւած ճեպազրույցին, որին մասնակցել են 200-ից ավելի հանրային դեմքեր, Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքի պաշտպաններ, նախկին դեսպաններ: Նրանցից ՀՀ-ում նախկին դեսպան Էվանսը հուշեց, թե ճիշտ եւ արդյունավետ կլինի, որ շվեյցարական նախաձեռնության անդամները հանդիպում, զրույց ունենան Մոսկվայում եւ Իրանում: Սա հետաքրքրական դիտանկյուն է, եթե համադրենք այն փաստի հետ, որ դրան հաջորդեց հուլիսի 10-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպումն Աբու Դաբիում՝ առանց ՌԴ-ի: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանից փորձեցինք պարզել՝ ի՞նչ պիտի անի շվեյցարական կողմը, եթե Ալիեւի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղին կարծես կանխվում է՝ Աբու Դաբիում երկու հակամարտող կողմերը չեն խոսում ԼՂ հայերի վերադարձի իրավունքի, ռազմագերիների ազատման մասին:

-Շվեյցարականն իրականության մեջ երկու կողմ է ներկայացնում՝ պատգամավորների խումբն է, որ օժանդակ է մնում Ղարաբաղի ուղղության, որի իրավական հիմքը Շվեյցարիայի Վերին պալատի մարտի 18-ին ընդունած բանաձեւն է: Մյուսը արտգործնախարարությունն է, մեջն առնելով իհարկե դեսպանների կազմը: Ինչ կվերաբերի այս պատվիրակության այցին, սա ցույց կուտա, որ իրականության մեջ իրենք կարողացան հաջողել, ԱՄՆ երրորդ, չորրորդ մակարդակի վրա ազդել եւ հասկացնել տալ, որ չի կարելի արդար համերաշխություն հայտնել հայերի հանդեպ՝ առանց Ղարաբաղի հայերի իրավունքները հաշվի առնելու: Իբրեւ Զվիցերիո օժանդակություն անգլիացի պատգամավորներու կողմե առջեւ տարվեց այս հարցը, խնդիրը պիտի ներկայացվի Հռոմի պապին, այս ամբողջ շղթան խոսում է նրա մասին, որ ով սկսել է այս նախաձեռնությունը, չի պատրաստվում ետ կանգնիլ: Սա դրական ինքնուրույն մոտեցում է հաշվի առնելով Ղարաբաղի հայերի իրավունքները: Եթե հաշտեցման բանակցությունների եւ պայմանավորվածության հասնինք, նույն ժամանակ չեմ կրնար հաշվի չառնել այն, ինչ Բաքուն եւ Անկարան են ասում՝ հակառակ կեցող գործոնը ՀՀ-ն չէ, այլ՝ Սփյուռքը եւ եկեղեցին: Այսպես պիտի հասկանալ Նիկոլ Փաշինյանի առած որոշումները եւ իր մոտեցումը եկեղեցու դեմ եւ հունվարից սկսյալ՝ Սփյուռքի հանդեպ: Այս կացության առջեւ պիտի հասկնանք ներքին քաղաքականությունը. հաջորդ ընտրությունը 2026-ի հունիսին է նախատեսված, հաշվի առնելով, թե ամեն բան ինչպես է ընթանում եւ Գորիսում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հիման վրա նկատելի է, որ ՔՊ կուսակցությունն այդքան միտված չէ արտահերթ ընտրությունների, ինչպես առաջ կարծում էի: Այլ նպատակ ունի ամրացնելու ունեցած ուժերն, մինչեւ հաջորդ ընտրություններ: Եւ մի հանգամանք եւս՝ որ ընդդիմությունը կարողանա բաժանված մասնակցիլ այս մարտահրավերին: Միայն Լեւոն Տեր- Պետրոսյանը հասկացավ եւ հաջորդ քայլն արեց՝ Հանրապետական կուսակցության հետ բանակցություններ վարելու, առնվազն համախոհության միջոցով ընտրություններից առաջ ներկայանալու առումով: Ուր պիտի տանի դա, չգիտեմ: Սա ի՞նչ է նշանակում այն մարդկանց համար, որ ուզում են խլել Հայաստանի իրավասությունից Մեղրիի ճանապարհի վերահսկողությունը: Հաշվի առնելով Թոմաս Բարաքի հայտարարությունները, փաստորեն Թուրքիան, Ադրբեջանը եւ ԱՄՆ են: Դժվար պիտի լինի այս կացության մեջ այս տեսակ մի գործոնի, ինչպես շվեյցարական պատվիրակությունն է մարմնավորում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին:

Եթե Ալիեւը լինեմ, այս պահուս չեմ իջեցնի վահանս եւ ամեն ինչ կանեմ, որ ալ առավել ստիպեմ հակառակորդիս ավելին զիջելու: Ամենակարեւոր զիջումն այն է, որ հայ ժողովրդի՝ Հայաստանի եւ Սփյուռքի ողնաշարը կոտրվի: Դա կարող եմ անել, եթե եկեղեցին կոտրեմ: Զանազան ուրիշ բաներ էլ կան, որ արդեն տեղի ունեցան: Սփյուռքի հանդեպ գործունեությունը, որ Փաշինյանն արեց հունվարի առաջին երեք շաբաթները Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա այցելելով, որ բոլորովին խզեց Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ թելը:

– Խոսք եղավ, որ «արտապատվիրակում» ասվածը հնարավոր է Շվեյցարիան կատարի: Օրինակը կա՝ Աբխազիա, Օսեթիա, Վրաստան, ՌԴ սահմանին նրանք են: Ծանոթ չէ, թե այդ դերն ինչպե՞ս են կատարում, բայց մեր պարագայում ուրիշ է, եւ որեւէ մեկը դա հստակ չի բացատրում: (Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ):

– Ի՞նչ կնշանակե, թե Հայաստանն իր ճանապարհի վերահսկողությունը պիտի հանձնե ուրիշ մի պետության: Ինծի համար հանելուկ է սա: Ինչպե՞ս կարելի է սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրիշ պետության վերահսկողության տակ դնել: Եւ եթե հոն հասնինք, կնշանակե, որ ամենակարեւոր զիջման գացինք: Մենք հանձնեցինք:

Հարցազրույցը՝ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031