Արարատի մարզի Վերին Դվին համայնքի որեւէ բնակիչ չի ձերբակալվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համայնքապետ Լյուդմիլա Պետրովան:
Այսօր վաղ առավոտյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան Վերին Դվինից տեսանյութեր էր տարածել ՝ հայտնելով, որ բնակիչներն ահազանգում են, թե ոստիկանները լցվել են գյուղ ու խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքներին, ձերբակալում կին, թե տղամարդ:
Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի երիտասարդները վիճել են հարեւան գյուղի բնակիչների հետ հայհոյանքի պատճառով: Ոստիկանները միջամտել ու հանդարտեցրել են վիճաբանությունը:
Մեր զրուցակիցն ասաց, որ արձակուրդում է ու իրեն դեպքի մանրամասները հայտնի չեն, բայց վստահեցրեց, որ վիճողները հաշտվել են, հայհոյողը մի քանի անգամ ներողություն է խնդրել:
Կարդացեք նաև
Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում: Այլ մանրամասներ մեզ չփոխանցեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ