Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանում էր նաեւ մայրաքաղաքի ու երեւանցիների առօրյայի հետ կապված, այդ թվում՝ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ հարցերին:
Aravot.am-ը ցանկացավ տեղեկանալ, թե քաղաքապետարանը միջոց ձեռնարկե՞լ է նախորդ օրը ավտոբուսում կին ուղեւորների եւ վարորդի հանդեպ իրեն անպարկեշտ պահած ոչ սթափ տղամարդուն հայտնաբերելու կամ վարորդին խրախուսելու ուղղությամբ, հատկապես, որ տեսագրությունը համացանցում տարածվել է, քաղաքապետը մինչեւ վերջ հարցը չլսեց՝ ասելով. «Լավ էլի, կներեք»:
Երևանի ավտոբուս ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն ավելի ուշ պարզաբանում հրապարակեց. «Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։
Կարդացեք նաև
Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ