ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին:
Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:
Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ