«Առավոտի» զրուցակիցն է արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը։
–ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ էապես բարելավել են արցախցիների բնակապահովման պետական ծրագիրը։ Այնինչ, արցախցիները շարունակում են պնդել, որ ծրագիրը լուրջ բացթողումներ ունի, հաշվի առնված չեն մարդկանց կարիքները։ Միաժամանակ, կառավարությունը հրաժարվեց շարունակել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը․ աջակցություն կտրամադրվի միայն խոցելի խմբերին։ Ի՞նչ դիտարկում ունեք այս իրավիճակի վերաբերյալ՝ իրոք բնակապահովման ծրագիրը կարո՞ղ է լուծել արցախցիների բոլոր սոցիալական խնդիրները, եւ ինչո՞ւ մարդիկ չեն գտնվում այդ ծրագրից։
-Եթե բնակապահովման ծրագիրն իրականում հարմար ու ռեալ լիներ, բնականաբար, դրանից օգտվողների թիվը շատ ավելին կլիներ։ Բավական է նայել վիճակագրությունը, թե քանի ընտանիք է օգտվել այդ ծրագրից, դրանով կարելի է եզրակացություն կազմել այդ ծրագրի արդյունավետության մասին։ Կարծում եմ՝ պետք չէ փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ այն գումարները, որոնք տրամադրվում են մեկ անձի հաշվով, չեն համադրվում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գների հետ։ Որպեսզի մարդիկ կարողանան բնակարան ձեռք բերել, պետք է նաեւ լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավեն։ Բայց, իմ տեղեկություններով, բանկերը հիմնականում մերժում են վարկային միջոցներ տրամադրել Արցախից բռնի տեղահանված անձանց, հատկապես, եթե ինչ-որ մեկը նախկինում ինչ-որ պարտավորություն է ունեցել, դասակարգված է եղել։ Իսկ եթե հավելյալ վարկային միջոց չեն կարողանում ներգրավել, բնակարան ձեռք բերելու հնարավորությունից չեն կարողանում լիարժեք օգտվել։
Կարդացեք նաև
Ես կարծում եմ, որ պետք է այլ լուծում տրվի արցախցիների բնակապահովման հարցին, ծրագրի բնույթը պետք է փոխվի։ Իմ գնահատմամբ՝ ճիշտ կլինի, եթե թաղամասեր ու բնակավայրեր կառուցվեն եւ տրամադրվեն արցախցիներին որոշակի ժամկետով, օրինակ, 10-15 տարի այնտեղ բնակվելու իրավունքով, որից հետո միայն սեփականաշնորհելու իրավունք ունենան։ Դրա շնորհիվ մարդիկ եւ շահագրգռված կլինեն մնալ Հայաստանում, եւ նրանց բնակապահովման խնդիրը կլուծվի։
-Սոցաջակցությունը կրճատելու վերաբերյալ կառավարության հիմնավորումն այն է, որ արցախցիները պետք է օգտվեն ավելի երկարաժամկետ ծրագրից, այն է՝ բնակապահովման ծրագիրը եւ անընդհատ չսպասեն, որ պետք է իրենց աջակցություն տրամադրեն։ Եթե աջակցության ծրագիրը կրճատվել է, հնարավո՞ր է արցախցիներն ավելի մեծ տեմպերով սկսեն դիմել բնակապահովման ծրագրից օգտվելու համար։
-Ես կողմնակից չեմ, որ անընդհատ աջակցություն տրամադրեն։ Խնդիրն այն է, որ բնակապահովման ծրագիրը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ ցանկություն ու հնարավորություն ունենան օգտվել դրանից։ Հիմա եթե հնարավոր չէ օգտվել դրանից, մարդիկ ծրագրից չեն օգտվում։ Իսկ եթե չեն օգտվում եւ մնում են անօթեւան, բնականաբար, պետք է նրանց աջակցություն տրամադրվի։ Սա է ամբողջ խնդիրը։
-Իշխանության ներկայացուցիչները նաեւ ասում են՝ ի՞նչն է խանգարում, որ արցախցիները սահմանամերձ մարզերում բնակարաններ ձեռք բերեն։ Հայտնի է, որ սահմանամերձ մի շարք համայնքներում յուրաքանչյուր անձի 5 մլն դրամ է տրամադրվում, բայց վերջին շրջանում ահազանգեր կան, որ, օրինակ, Գեղարքունիքի սահմանային համայնքներում բնակարանների գներն արդեն թանկացել են։ Արցախցիները խուսափո՞ւմ են բնակարաններ ձեռք բերել սահմանամերձ մարզերում, եւ այդ գումարով հնարավո՞ր է նորմալ տուն ձեռք բերել։
-Բնական է, եթե այդ ծրագիրը սկսում է գործել եւ ասում են՝ սահմանամերձ բնակավայրերում ավելի բարձր գին է, եթե պահանջարկ լինի, անշարժ գույքի գները բարձրանալու են։ Այնպես չէ, որ արցախցիները խուսափում են բնակություն հաստատել սահմանամերձ բնակավայրերում։ Որեւէ մեկը չի խուսափում, չի վախենում սահմանամերձ բնակավայրում բնակեցվել, որովհետեւ Արցախն ամբողջովին սահմանամերձ էր։ Այստեղ խնդիրն այն է, սահմանամերձ բնակավայրում գույք ձեռք բերելուց հետո մարդը բախվում է աշխատանքի խնդրին։ Լավ, գույք ձեռք բերեց, բա աշխատա՞նքը, իր ընտանիքի ապրուստը հոգալու համար աշխատանք չկա, սա է խնդիրը։ Ամբողջ ունեցած գումարը ներդնել, գույք ձեռք բերել, լրացուցիչ վարկ ներգրավել, բայց չունենալ աշխատանք, սա է ամենամեծ խնդիրը, որ մարդիկ խուսափում են սահմանամերձ գոտիներ գնալուց։ Բոլորին քաջ հայտնի է, որ Հայաստանում աշխատանք մարդիկ կարողանում են գտնել Երեւանում ու երեւանամերձ մի քանի համայնքներում։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան շարժման էջը ինքը փակել է, սրանով, ըստ էության, նա նաեւ Արցախի հարցն է փակում։ Այս պայմաններում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Արցախ վերադարձի համար, ի՞նչ պետք է անել։
-Գործող այս իշխանության պայմաններում ես որեւէ հնարավորություն չեմ տեսնում, որովհետեւ բոլորս տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն են վարում։ Կլինի Հայաստանում իշխանափոխություն, կգան ազգային հայամետ ուժեր, այդ դեպքում շանս կլինի։ Բայց ես չեմ կարծում, որ կարճաժամկետ կտրվածքով հնարավոր է ապահովել վերադարձը, դա շատ բարդ խնդիր է, դրա համար տարիներ են պետք, երկար ու տքնաջան աշխատանք է պետք։
-Կան նաեւ դիտարկումներ, որ այս իշխանությունները դիտավորյալ են վատթարացնում արցախցիների սոցիալական խնդիրները, որպեսզի նրանք արտագաղթեն, այսինքն՝ չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Դուք նման միտում նկատո՞ւմ եք։
-Ես կարծում եմ, որ դա մեր թշնամիների տասնամյակների երազանքն է, որ այդ խնդրին լուծում տան։ Իսկ խնդրին լուծում տալու միակ միջոցը ձեր ասած՝ չկա մարդ, չկա խնդիր տարբերակն է։ Եթե արցախցիներն այսօր Հայաստանից արտագաղթեն, բնականաբար, արտերկրից վերադարձն ավելի անիրատեսական է։ Մենք ունենք նախադեպ՝ Ցեղասպանությունից հետո Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շատ քիչ մասն է վերադարձել ՀՀ, վերադարձածների մի մասն էլ նորից արտագաղթել են։ Իշխանությունները հիմնականում այդ խնդիրն են լուծում, փորձում են այնպես անել, որ հնարավորինս շատ մարդ արտագաղթի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ