«Ակն ընդ ականը» դատապարտում է Կինոյի օրենքի փոփոխությունները՝ այս իշխանության հետ լուծում չի տեսնում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ։
Փոփոխություններով իշխանությունը ձեռք է բերելու ֆիլմերի գույքային ու հեղինակային իրավունքները և ազդելու է ֆիլմերի բովանդակության վրա, չեզոքացնելու է միջազգային համարտադրությունները, շահերի բախման և կոռուպցիայի համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ, իսկ «ազգային» բառը մի շարք դրույթներից հանելով՝ հնարավորություն է ստեղծվելու Հայաստանի և հայերի շահերին հակասող ֆիլմերի գոյության համար։
Այս փոփոխությունները շրջանառության մեջ են դրվել հենց այն ժամանակ, երբ Երևանում ընթանում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որպեսզի կինոգործիչները, զբաղված լինելով փառատոնով, ժամանակ չունենան արձագանքելու։
Ավելին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օգտագործել է փառատոնի բեմը այս ռեպրեսիվ փոփոխությունները գովաբանելու համար՝ անհարմար դրության մեջ դնելով ու փաստի առաջ կանգնեցնելով կինոգործիչների։
Հաշվի առնելով վերջին տարիներին Սահմանադրության, օրենքների և միջազգային իրավունքի հանդեպ իշխանական արհամարհական վերաբերմունքն ու ոտնձգությունները, հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը լուծարվել է օրենքի խախտումներով, իսկ Կինոֆոնդի կանոնակարգի ընդունման գործընթացում եղել են կեղծիքներ (e-draft-ի լցոնումներով)՝ անտեսելով կինոգործիչների կարծիքը, և որ քեշ ռիբեյթի ծրագիրն ընդունվել է առանց խորհրդարանական վավերացման՝ խախտելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, այն դեպքում, երբ ծրագրի նպատակայնությունը արդարացվել է Netflix-ի՝ փաստացի չհաստատված մասնակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ժողովրդավարությունից անցում է կատարել բռնապետության, ինչը նշանակում է՝ գրաքննություն նաև արվեստում՝ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը հայտարարում է, որ Հայաստանում ինչպես կինոյի, այնպես էլ մնացած բոլոր ոլորտներում դրական արդյունք կամ զարգացում հնարավոր չէ, քանի դեռ իշխանության է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Մենք ողջունում ենք բոլոր կինոգործիչների, մշակույթի գործիչների, օրենսդիրների, իրավաբանների, լրատվամիջոցների և կինոսիրողների ցանկացած ձևի ու բովանդակության դիմադրությունը այս օրենքի փոփոխություններին։ Զորակցում ենք բոլոր այն կինոգործիչներին, որոնք տուժել են նախարար Անդրեասյանի՝ «Ոսկե Ծիրանի» բեմը քաղաքական նպատակներով օգտագործելու խորամանկությունից։
Ուժ, եռանդ ու ամուր նյարդեր ենք մաղթում փոփոխությունների դեմ բոլոր պայքարողներին։
Կինոն իշխանական պատգամավոր չի, որ sms-ով բովանդակություն փոխվի։
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք