Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը հայցի հիմք է ցանկանում փոխել

Հուլիս 18,2025 16:38

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել Ռուբեն Հայրապետյանին, այդ թվում նաեւ ՀՖՖ-ից 150 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության վերաբերյալ:

Այսօրվա նիստում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Վահագն Դալլաքյանը միջնորդություն ներկայացրեց՝ արագացված դատաքննություն իրականացնելու մասին։ Ըստ միջնորդության, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին ՍԴ որոշման եզրափակիչ մասի համաձայն, գույքի ապօրինի ծագում ունեցող որակման համար անհրաժեշտ պայման է ենթադրյալ հանցանքի հետ պատճառահետեւանքային կապը։ Վահագն Դալլաքյանը նկատեց՝ սույն գործով նման կապ երբեւէ չի քննարկվել, հայցվորը ամբողջ ուսումնասիրությունն իրականացրել է առանց նման կապի վերաբերյալ փաստարկների։

Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը առարկեց՝ ՍԴ որոշման համատեքստում ընդհանրական դատողություններ ներկայացնելով։ Նա դատարանին խնդրեց՝ միջնորդությունը մերժել եւ հայցվորին հայցի հիմքն ու առարկան փոխելու հնարավորություն տալ։

Դատախազությունը ցանկանում է գործի հիմքը փոխակերպել պաշտոնեական լիազորությունների շրջանակում գործունեության՝ նկատի ունենալով, որ որոշակի ժամանակահատված Ռուբեն Հայրապետյանը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում նաեւ 1996-99 թվականներին եղել է Ավանի թաղապետ։

Վահագն Դալլաքյանի դիտարկմամբ՝ դա կամայական դիրքորոշում է, քանի որ մեկ հիմքով քննվող հայցը, դատավարական որոշակի փուլում չի կարող քննվել այլ հիմքով։ Նաեւ, այդ մոտեցումն ըստ պաշտպանի, չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից, քանի որ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի եւ այս վարույթի տրամաբանությունն այնպիսինն է, որ չկա դատավարություն, չկա հայցադիմում՝ առանց նախնական ուսումնասիրության, իսկ ուսումնասիրությունը, տվյալ դեպքում, սկսվել է բացառապես ենթադրյալ հանցանքի հիմքով։ Դատավարության որոշակի փուլում պնդել, որ գործը շարունակվի մեկ այլ հիմքով, ուղղակիորեն հակասում է օրենքի տրամաբանությանը, քանի որ մեկ այլ հիմքով ուսումնասիրություն ընդհանրապես չի էլ եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ դատախազության կողմից նման մոտեցումն արդյոք ենթադրում է, որ Ռուբեն Հայրապետյանի մասով իշխանությունը դեռ քաղաքական որոշում չունի, Վահագն Դալլաքյանն ասաց՝ չի բացառվում։

Հիշեցնենք, որ նախկին նիստերից մեկում դատախազը հայտարարել էր՝ ՍԴ որոշումից հետո իրենք յուրաքանչյուր գործի մասով վերադասից հրահանգների են սպասում։

Մեր մեկ այլ դիտարկմանը՝ նախադեպ կա եւ Գագիկ Ղազինյանի ու նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի մասով դատախազությունը հայցից հրաժարվեց՝ ի՞նչ սպասել այս դեպքում, Վահագն Դալլաքյանն ասաց՝ այդ գործի մանրամասներին ծանոթ չէ եւ զուգահեռներ չի կարող տանել, բայց պնդեց, որ Հայրապետյանների գործի պարագայում ողջամիտ կլինի հայցից հրաժարումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031