Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը վերջերս առաջին անգամ հրատարակել է «Հայաստանի ժողովրդական գործիքադարանի մատենագրություն» ծավալուն աշխատությունը, որն ընդգրկում է ժողովրդական երաժշտական գործիքադարանի (նվագարաններ, կատարողներ, անսամբլներ) տպագիր մատենագրությունը` սկսած 1836 թվականից մինչև մեր օրերը: Աշխատության հեղինակն ու կազմողն է երաժշտագետ, ֆոլկլորագետ, կոնսերվատորիայի դոցենտ Անահիտ Կիրակոսյանը:
-Տիկին Կիրակոսյան, նախ ընդունեք նաև մեր շնորհավորանքները նման ծավալուն աշխատության հրատարակման առիթով: Մինչ խնդրանքը` սեղմ ներկայացնել այս յուրատեսակ գիրք-դարանը, կխնդրեինք բացատրեք բառը` գործիքադարան, որը նույնիսկ մեզ հետ զրույցներում, այն էլ երաժիշտների շրջանում բազմակարծության, տարակարծության տեղիք է տվել: Կարճ ասած, ստացվում է` ոչ ավել-ոչ պակաս նաև նոր բառ եք հորինել կամ դրել շրջանառության մեջ:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Նշեմ, որ գիրքը հաստատված է կոնսերվատորիայի գիտական խորհրդի կողմից, գրախոսներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը, արվեստաբան, լեզվաբան Հրանտ Խաչիկյանը (Շվեյցարիա): Մի բան էլ, գիրքը նվիրում եմ ուսուցչիս` անվանի երաժշտագետ-ֆոլկլորագետ Մարգո Բրուտյանի հիշատակին:
Կարդացեք նաև
Իսկ հիմա պատասխանեմ ձեր հարցին, դիտարկմանը: Գործիքադարան բառը մեր կողմից շրջանառելու փաստի մասին. տեսեք, Մատենադարան, գրադարան, ձայնադարան և այլ տերմինների շարքում, այո, տեղ է գտել նաև մեր կողմից գրավոր և բանավոր տարբերակներով արդեն իսկ շրջանառության մեջ դրված «գործիքադարան» տերմինը: Վերջինս մյուսներից տարբերվում է նրանով, որ չի ներկայացնում կոնկրետ տեղ, վայր, շինություն, որտեղ մեկտեղված լինեն բոլոր նվագարանները: Սա հավաքական բառ է, որը ցույց է տալիս նվագարանների ամբողջությունը և դրա գոյությունն ու կենցաղավարումը մեզանում, ինչն էլ հիմք է տալիս պաշտպանելու այդ բառի ապրելու իրավունքը հայոց բառամթերքում:
-Այս գրքի հրատարակման անհրաժեշտությունը երբվանի՞ց առաջացավ կամ գուցե ինչ-որ մի բան խթան հանդիսացավ:
-Ժողովրդական երաժշտական գործիքադարանի մատենագիտություն կազմելու գաղափարը վաղուց ի մտի ունեինք, համոզված լինելով, որ բնագավառն ուսումնասիրող անհատը ծանոթանալով նախկին և ներկայիս ուսումնասիրություններին, տեղեկություններին ու հրատարակություններին, իր ապագա աշխատանքը կկարողանա կառուցել ամուր հիմքերի վրա` օգտվելով նախորդների փորձից ու հետազոտական արդյունքներից:
Մեր ձեռքի տակ եղած նյութերից բացի, մատենագիտության հիմքում ներառել ենք երաժշտագետ- ֆոլկլորագետներ Մարգարիտ Բրուտյանի և Հասմիկ Էլոյանի կազմած «Հայ մոնոդիկ երաժշտություն» (Երևան, 1991թ.) հիմնարար մատենագիտական աշխատանքը, որն ընդգրկում է 1794-1990թթ. լույս տեսած հրապարակումները: Այն ընդգրկում է հայ մոնոդիկ երաժշտական արվեստի ճյուղերը ներկայացնող տեղեկատվություն (գեղջկական և քաղաքական երգ ու նվագ, գուսանական և աշուղական արվեստ, հոգևոր երգ, տաղային արվեստ, հայկական նոտագրություն), ինչպես նաև ձայնագրյալ և այլ ժողովածուներ, ձեռնարկներ և այլն: Ասեմ, որ նշյալ աշխատությունից օգտվել ենք մասնակիորեն, նկատի ունենալով նվագարանային արվեստի հետ առնչվող նյութերը, քանի որ մեր աշխատության ուղղվածությունը փոքր-ինչ այլ է, ուշադրության կենտրոնում է ժողովրդական գործիքային կամ նվագարանային արվեստն իր բազմատեսակ դրսևորումներով:
-Նման հրատարակված նյութեր կան նաև արտասահմանում: Հավաքագրել ու մեկտեղել այդքանը իսկապես վիթխարի աշխատանք ու ժամանակատար:
-Իրավացի եք: Հրատարակությունների աշխարհագրական սահմանները Հայաստանից դուրս տարածվում են դեպի Ռուսաստան (Մոսկվա, Լենինգրադ, Խարկով), Եվրոպա (Վենետիկ, Լոնդոն, Փարիզ), ԱՄՆ (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես), Մերձավոր Արևելք (Կոնստանդնուպոլիս, Կահիրե, Թավրիզ), Արցախ (Շուշի, Ստեփանակերտ, Ասկերան), Հայաստան` Երևան, Ալեքսանդրապոլ, Լենինական- Գյումրի, Ստեփանավան, Էջմիածին, Իջևան և այլն:
Մեր իրականության մեջ տարածված ու սիրված երաժշտական նվագարանների և կատարողական արվեստի ուսումնասիրության բնագավառում հայ երաժշտագիտությունը բավական հաջողություններ է գրանցել: Թեև կոնկրետ գործիքագետ մասնագետների պակաս ակնհայտ է, այնուամենայնիվ բնագավառը բավականաչափ ուսումնասիրվել է և նույնիսկ տարբեր ճյուղերով: Մեր անվանի մասնագետների (նրանց թվարկումը երկար ժամանակ կպահանջի) աշխատասիրություններն ու տեղեկատվական նյութերը հրատարակվել են գրքերի ու բառարանների տեսքով, գիտական ամսագրերում, մամուլի էջերում, հանրագիտարաններում, մատենագիտության մեջ և այլուր:
Առանձնահատուկ նշեմ, որ ուշադրության են արժանի Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ նվագարանագործ վարպետները, որոնց թիվը ցավոք գնալով նվազում է, սակայն դրանք արժանի են բարձր գնահատանքի և իրենց ծանր աշխատանքի լուսաբանմանը: Հենց նրանց շնորհիվ են ծնվում և ապրում ժողովրդական նվագարանները:
– Երաժիշտները հավաստիացնում են, որ ձեր գրքում տեղադրված է նաև Աստվածաշունչը:
– Այո, Մատենագիտության ցանկում տեղադրել ենք Աստվածաշունչը, նկատելով աղերսներ Սուրբգրային էջերում տեղ գտած և հայոց մեջ անցյալում ու ներկայում տարածված որոշ նվագարանների միջև:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ