Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը:
Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ մրցապայքար. Հայաստան են ժամանելու ուժեղագույն թիմերը:
«Մեզ սպասվում են շատ հագեցած օրեր: Ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդրել այս առաջնությունը Հայաստան բերելու և այն լավագույնս անցկացնելու համար: Վստահ եմ՝ մրցաշարը կնպաստի նաև վոլեյբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Ֆեդերացիայի հետ քննարկվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» ձևավորելու հնարավորությունը, քանի որ խաղային մարզաձևերի խթանման լավագույն եղանակներից մեկը դպրոցականների շրջանում սպորտի մասսայականացումն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խաղային մարզաձևերի զարգացման պետական շարունակական քաղաքականությունn ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024–2030 թվականների ռազմավարությամբ։
Վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն պատվիրակություններ Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն և 60 հանդիպում, որոնք կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջնության պատշաճ անցկացման նպատակով պետական բյուջեից շուրջ 130 մլն դրամ է հատկացվել, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, ապահովվել է մարզադահլիճների համապատասխան կահավորում:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սպորտային ենթակառուցվածքների բարելավումը սպորտի զարգացման քաղաքականության կարևոր ուղղություն է. «Այս պահին բազմաթիվ տեղերում ավելի քան 100 սպորտային ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում: Բացի այդ՝ շատ կարևոր է նաև, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցական մարզադահլիճներn առանձին կահավորանք են ստանում վոլեյբոլով զբաղվելու համար: Այս ամենի հանրագումարով ստեղծվում են պայմաններ մարզաձևի մասսայականացման համար»:
Հաջողություն և հաղթական մրցելույթներ մաղթելով Հայաստանի մինչև 16 տարեկանների տղաների հավաքականին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև երկրպագուների աջակցությունն ու հրավիրել ներկա գտնվելու սպասվող հանդիպումներին:
«Վերջին տարիներին Կառավարությունը Հայաստանում միջազգային խոշոր սպորտային մրցաշարեր հյուրընկալելու ակտիվ քաղաքականություն է վարում: Սա թույլ է տալիս բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը սպորտային քարտեզում, ինչը շատ կարևոր է: Սպորտում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է, որ երկիրn ունենա ոչ միայն տարբեր մրցաշարերի մասնակցելու, այլև դրանք կազմակերպելու և անցկացնելու կարողություն: Սա նաև մարզիկներին լրացուցիչ վստահություն է հաղորդում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Որպես կարևոր ազդեցություն՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև խաղային մարզաձևերի զարգացումն ու մասսայականացումը:
«Թիմային մարզաձևերում, այդ թվում՝ վոլեյբոլում, մեր հավակնությունները բարձր են: Եթե հետևողական ջանք դնենք և գրագետ աշխատանք իրականացնենք, կարծում եմ` արդյունքներ կլինեն»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աշխատանքներ են տարվում Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ևս վոլեյբոլի մրցաշարեր անցկացնելու ուղղությամբ:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ առաջին նախաձեռնությունը կդառնա լավ նախադեպ՝ ապագայում ավելի շատ միջազգային միջոցառումներ Հայաստանում կազմակերպելու համար։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ևս ընդգծել է նմանօրինակ մրցաշար Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ընդունում է վոլեյբոլի այսպիսի խոշոր մրցաշար: Նախկինում մենք անցկացրել էինք մի քանի միջազգային մրցաշարեր, այդ թվում` արևելաեվրոպական երկրների առաջնություններ: Այս մրցաշարերը բարձր մակարդակով անցկացնելուց հետո 2021 թ. որոշեցինք հայտ ներկայացնել Եվրոպայի առաջնության համար. 2022 թ. մեր հայտը հաստատվեց»,- ներկայացրել է Կարեն Ասմարյանը:
ՀՎՖ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մինչև 16 տարեկանների թիմը ձևավորվել է շուրջ 6 ամիս առաջ՝ անցնելով լիարժեք նախապատրաստական փուլ:
«Ունենք հավաքական, որը պատրաստ է մեծ պայքարի: Սպասելիքներ ունենք. նպատակը մինչև 5-րդ տեղը զբաղեցնելն է, քանի որ դա մեզ թույլ կտա մասնակցելու 2026 թ. աշխարհի Մ17 առաջնությանը: Հայաստանի հավաքականը ձեւավորվել է հունվար ամսին: Ունենք բարձրակարգ մարզիչ Ռուսաստանից, որն այս կարճ ժամանակում հավաքականը դարձրել է մարտունակ թիմ: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի փուլերով: Ունեցել ենք հավաքներ, ընկերական խաղեր․ հավատում ենք, որ տղաները կարող են ցանկալի արդյունք ապահովել»,- նշել է Կարեն Ասմարյանը:
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ