Երբ ուսումնասիրում ենք պատմությունը, ապա պարզորոշ տեսնում ենք, որ հրեական պետությունն ունենալով շատ փոքրաթիվ բնակչություն, միշտ էլ շատ ագրեսիվ քաղաքականություն է վարել եւ վարում ու իրեն հարմար ժամանակ հարձակումներ է գործում ուզած երկրի վրա եւ փորձում տարածքներ խլել ու այդ երկրներին ենթարկեցնել իրեն: Իսրայելի կողմից նմանատիպ քայլերի իրականացման ակնառու օրինակներ են վերջերս Մերձավոր Արեւելքի՝ Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ նրանց դաժան հարձակումները, որոնց ընթացքում հատկապես Պաղեստինում զոհերի թիվն արդեն 700-ից ավելի է, որտեղ կան 300-ից ավելի երեխաներ: Այդ սպանդն առ այսօր շարունակվում է, քանզի այդ հարձակումներն ինտենսիվորեն շարունակվում են՝ ոչնչի դեմ կանգ չառնելով, քանզի նրանց հիմնական նպատակը Պաղեստինի ժողովրդին իր տարածքից դուրս հանելն է: Նրանք այս ծանր պահերին պաղեստինյան ժողովրդին զրկում են անգամ հումանիտար օգնությունից, ինչպես նաեւ առողջապահական ծառայություններից:
Հատկապես ուշադրության արժանի էր Իսրայելի հարձակումն Իրանի 90 մլն բնակչություն ունեցող գերտերության վրա, պատրվակ բռնելով, որ Իրանը տարիներ շարունակ մեծ քանակությամբ ուրան է հարստացնում եւ շատ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, որն առաջին հերթին կսպառնա՝ կօգտագործի հենց Իսրայելի դեմ, որից հետո, ինչ-որ իմաստով, նաեւ ԱՄՆ-ի դեմ ու Իսրայելը պարտադրված է մեծ եղբոր՝ ԱՄՆ-ի հետ հարվածելու այն տարածքներին, որտեղ Իրանը ուրան է հարստացնում: Թե իրականում ինչ կատարվեց Իսրայել-Իրան հակամարտության 12 օրերում, ստույգ որեւէ մեկին հայտնի չէ, ուղղակի այդ հարվածներից հետո, երեք երկրներն էլ առանց հիմնավորումների հայտարարեցին, որ իրենք հաղթել են, որն, իհարկե, բացարձակ անհասկանալի է: Դրանից հետո, ԱՄՆ-ը որոշեց, որ պետք է դադարեցվի եւ Իսրայելի, եւ ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի վրա ու առաջարկեց հաշտություն կնքել նրանց միջեւ, որն ընդունվեց բոլոր երեքի կողմից: Անկեղծ ասած, մինչեւ այսօր էլ անհայտ է, թե այս օրերին ինչ են մտածում նրանք, ինչ հետագա քայլեր են սպասվում նրանց եւ նրանց միջեւ ինչպես պետք է զարգանան հետագա հարաբերությունները: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը խստիվ արգելել է Իսրայելին շարունակել հարձակումներն Իրանի վրա, քանզի համոզված եմ, որ դրանք մինչեւ այժմ կշարունակվեին, քանզի Իսրայելը մինչեւ չհասներ իր վերջնական նպատակի իրականացմանը, ապա երբեք կանգառ չէր անի: Միեւնույն է, համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, Իսրայելն ու ԱՄՆ-ը նույն նպատակով պայմանավորված հարվածելու են Իրանին, քանզի բացի իրենցից, աշխարհը կարծում է, որ այդ ուրանի զանգվածը վերջնականապես ոչնչացված չէ եւ մեծ վտանգ կա դրա հարստացումն էլ ավելի ինտենսիվ շարունակելու, քանզի աշխարհը միամիտ չէ ու համոզված հայտարարում է. եթե ԱՄՆ-ն իրոք ճշգրիտ հարվածեց ուրանի պահեստներին, ապա ինչու չեղան այն նմանատիպ հետեւանքները, որոնք եղան Հիրոսիմայում եւ Նագասակիում…
Այս ամենի արդյունքում կարելի է հանգել հետեւյալ եզրահանգմանը. ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, եթե չլինի ԱՄՆ-ի կողմից արգելքը, Իսրայելը մշտապես փորձելու է հարվածել բոլոր այն երկրներին, որոնց նկատմամբ ատամը կբռնի եւ կփորձի զավթել այն ամենը, ինչ հնարավոր է: Հենց այս տիպի երկրներն են, որ աշխարհը խառնում են իրար՝ պղտոր ջրում ձուկ որսալու համար, իսկ թե դրանց արդյունքում որքան երեխաներ են զոհվում, դա Իսրայելին, ինչու չէ, նաեւ աշխարհին բնավ չի հետաքրքրում:
Փաստացի, հատկապես վերջին ժամանակներս, Իսրայելը հստակ ապացուցեց, որ իր համար՝ թեկուզ բարոյական կարմիր գծեր չկան եւ ինքն ամեն վայրկյան պատրաստ է ոչնչացնել ցանկացած երկրի ու ժողովրդի: Իհարկե, աշխարհում Իսրայելից բացի, նման մոլուցքով տառապող այլ երկրներ էլ հավանաբար կան, սակայն նրանք գոնե որոշակի կարմիր գծեր ունեն եւ հենց առաջին հնարավորության դեպքում, հազիվ թե գնան նմանատիպ էսկալացիաների, հաշվի չառնելով, թե իրենց թիրախներում ինչ երկրներ են ու կշեռքի նժարին որքան երեխաների կյանքեր են դրված:
Կարդացեք նաև
Լինելով միջուկային երկիր, նրանք ետ չկանգնեցին հարվածելու Իրանի կողմից հարստացվող ուրանի մոտ 400 կգ-ի հասնող պահեստարաններին, որի հետեւանքները կարող էին անդառնալի լինել եւ Իրանի, եւ հարակից տարածքների միլիոնավոր բնակչության համար: Նրանք, ուղղակիորեն գնում էին նոր Հիրոսիմա ու Նագասակի «կերտելու» համար, որով էլ հենց՝ պարզորոշ ամեն ինչ ասված է …
Հոդվածը երբ պատրաստ էր հրապարակման, Իսրայելը նոր հզոր հարվածներ հասցրեց Գազայի բնակչությանն ու օբյեկտներին, որոնք արդեն ամիսներ զրկված են անգամ հումանիտար օգնությունից, այսինքն՝ փաստացի շարունակում են սպանել եւ աշխարհի երեսից ջնջել Գազայի բնակչությանը, իսկ գոնե ԱՄՆ-ի կողմից որեւէ զսպող գործողություն չկա:
Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս տարածաշրջանում Իսրայելի հանիրավի հարձակումների վրա, որոնք բազում երեխաների կյանքեր են խլում:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
19.07.2025