Նախօրեին իշխանական պատգամավոր Նարեկ Գալստյանի քավորությամբ կնունքի ծեսը Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել էր կատարել, քանի որ ՔՊ-ականը Վեհափառ հայրապետին աշխարհիկ անունով է դիմել, սպառնացել՝ պարանոցից բռնած, դուրս շպրտել Վեհարանից:
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանին խնդրեցինք մասնագիտական աչքով վերլուծել տեղի ունեցածը:
Սոցիոլոգն ասում է՝ հոգեւորականների հետ քննարկումներից եւ ամենօրյա դիտարկումներից պարզ է դառնում, որ մարդկանց մոտեցումներն ու վերաբերմունքը Եկեղեցուն եւ հոգեւորականներին ավելի ու ավելի հաճախ է սպառողական դառնում. նրանց վերաբերվում ենք՝ ինչպես ծառայություններ մատուցողներին, օրինակ՝ ռեստորանին, որտեղ կարելի է գալ, նստել, պատվիրել, ուտել, վճարել, հավանել կամ չհավանել, նորից գալ կամ մեկ այլ տեղ գնալ:
Նրա խոսքով, որոշ հոգեւորականներ գուցե այդ վերաբերմունքին նպաստել են, բայց չկա առաջարկ՝ առանց պահանջարկի: «Եկեղեցին որպես սպառման օբյեկտ ընկալելով, այն սկսել ենք ոչ միայն գովել, այլեւ անպատվել՝ մոռանալով, որ խանութ, ռեստորան չէ. սրբավայր է, հոգեւոր օջախ: Եթե Եկեղեցուն այդպես վերաբերվենք, այդպիսին կլինի: Եվ, ահա, այդ ամենին ի պատասխան, հոգեւորականները սկսել են իրենց կարծիքը բարձրաձայնել, խոսել, պատասխանել՝ հանդես գալ հանրային ելույթներով, ոմանք նաեւ իրենց համայնքում իրենց հայհոյողներին ճանաչելով՝ հրաժարվել են ծես կատարելուց: Իրավունք ունե՞ն հանրային ելույթների, հայտարարությունների, առհասարակ՝ հանրային դաշտում լինելու եւ գործելու: Անշուշտ, այդ թվում՝ ելնելով իրենց առաքելությունից եւ խոսքի ազատությունից: Իսկ իրավունք ունե՞ն հրաժարվելու, օրինակ, կնունքի կարգ կատարելուց: Բժիշկն այդ իրավունքը չէր ունենա. պարտավոր է բուժել, անգամ՝ իր թշնամուն, եթե դիմել է: Հոգեւորականը, կարծում եմ, նույնպես ունի կարողություններ, գիտելիքներ, իրավունք՝ Եկեղեցու եւ հոգեւորականների հանդեպ հարգանք սերմանելու, սակայն ծառայություն չմատուցելը, մարդուն մերժելը վերջին հանգրվանը պետք է լինեին: Այն, որ Եկեղեցու հանդեպ անընդունելի եւ քննադատելի վարքագիծ դրսեւորողը եկել է եկեղեցի, հնարավորություն է՝ իր հետ աշխատելու, իր վրա ներազդելու: Եթե հաղորդակցման, քննարկման, համոզման, ներազդման բոլոր ընդունելի միջոցները սպառված են, ապա, անշուշտ, հոգեւորականներն ունեն նույն իրավունքները, ինչ ՀՀ մյուս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ չհաղորդակցվելու, չհարաբերակցվելու: Սակայն գուցե հենց նման բացասական «սպառողներն» են այն փորձությունը, որ ուղարկվում է հոգեւորականին՝ ստուգելու եւ ամրապնդելու իր կայունությունը, հմտությունը, մարդկային եւ հոգեւոր որակները»,- կարծում է Արթուր Աթանեսյանը:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: