ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների շարքերում վերջին ժամանակներս հաճախակի դարձող կալանավորումներին, ասաց. «Դա քաղաքական ռեպրեսիա է: Ավելի զայրացնող է, որ անպայման խափանման միջոցը ընտրվում է կալանքը: Ի վերջո, այդ դատերը, որտեղ խափանման միջոցը կալանքն է ընտրված, ավարտվելու են ոչնչով: Բայց մինչեւ այդ ամեն ինչն ավարտվի, կանցնի կես տարի, մեկ, երկու, երեք տարի: Եվ մարդիկ այդ ընթացքում կլինեն բանտերում: Նպատակը՝ այս փուլում ինչքան հնարավոր է շատ մարդ տանել բանտեր, որպեսզի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը կարող է պատուհաս դառնալ հայ ժողովրդի եւ պետականության գլխին, ստորագրվի: Այսինքն, դրսում Հայաստանին պայմաններ ներկայացնող պետությունների պահանջները բավարարվեն, ներսում՝ ռեպրեսիաները: Սա է խաղաղության պայմանագրի բանաձեւը»:
«Արտապատվիրակում» տերմինի մասին Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդ բառը, եթե ինքը չի սխալվում, առաջինն օգտագործել է ԱԳ նախարարի Սաֆարյան ազգանունով տեղակալը, որը, կարծես, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների ժամանակ եղել է Աբու Դաբիում: «Եվ նա դուրս եկավ ու ասաց. «Ճանապարհի գործառույթը կարող ենք ար-տա-պատ-վի-րա-կել»: Այդ բառը անգլերեն աութսորսինգն է, որը տնտեսագիտության մեջ նշանակում է այս կամ այն գործառույթի պատվիրակում տվյալ համակարգի մեջ չգտնվող սուբյեկտին»,-բացատրեց նախկին վարչապետը եւ ներկայացրեց վերջին ասուլիսում 100 տարով ճանապարհ արտապատվիրակելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ իր անձնական եզրակացությունները:
«Նախ, ոչ ոք պետական տարածքը չի արտապատվիրակում: Դա ինքնիշխանության խախտում է Սահմանադրության 204 հոդվածի համաձայն: Եվ եթե նման բան է լինում, ապա հենց այդ հարցով պետք է լինի հանրաքվե: Երկրորդ: Սահմանադրության 123-րդ հոդվածով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլուխը չէ: Հանրապետության գլուխը Վահագն Խաչատուրյանն է: Եվ նա ոչ մի ձեւով ոչ մի արձագանք չունի: Չեմ հասկանում, նույնիսկ այն հասարակ տեղը, որ նախագահն ասելիք ունի, սա եւ Արմեն Սարգսյանը ձայն չեն հանում, ջուր են առել բերանները: Երրորդ: Արտապատվիրակվում է մասնավոր կազմակերպության: Մասնավոր կազմակերպությունը նրանով է մասնավոր, որ կարող է ցանկացած պահի վաճառվել այլ սեփականատերերի: Դիցուք, թուրքական սեփականատերերի: Չորրորդ: Ի՞նչը ձեռք չի տալիս, որպեսզի ադրբեջանական բեռները տարանցիկ՝ տրանզիտ, կարգով մտնեն- դուրս գան: Ինչի՞ դուք չեք ուզում սա: Թող մեր մաքսատունը սովորական կամ արագացված կարգով նայի, բաց թողնի: Իրենք այդքան բեռ էլ չունեն տանելու:
Արտապատվիրակում կամ վարձակալություն ասելով՝ մարդիկ նկատի ունեն, որ այդ տարածքի նկատմամբ այդ 100 տարին դու կորցնում ես քո իրավունքը. կուզենանք՝ խողովակաշար կտանենք, կուզենանք՝ բեռներ կտանենք, որովհետեւ դա միջանցք է եւ վերջ: Դու այդտեղ չես կարող գտնվել: Մենք այսօր այդտեղ ազատ գնում եւ գալիս ենք, որովհետեւ մեր հողն է: Վաղը եթե ուզենանք գնալ, կարող են ասել գնացեք, սա արտապատվիրակված հող է, կամ բռնեն, տանեն Բաքվի բանտ, կամ ասեն՝ այստեղ «չայխանա» ենք սարքում, հյուրանոց ենք հիմնում եւ այլն ու ժողովուրդ բերեն:
Կարդացեք նաև
Սյունիքը ճեղքում են երկու մասի: Եվ Ալիեւը դա անում է Հայաստանի հոժարակամ ձեռքով: Ավելին, Հայաստանը հպարտանում է, որ դա արվել է, եւ տեսեք ինչ հաջողության հասանք»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ի զուր էք յոգնում – դուք եւ բոլոր ընդդիմադիրները – :
ԵԹԷ ՌԴ-ն դէմ չէ այդ ծրագրին, ԵՒ, ԱՌԱՒԵԼ, ԵԹԷ ՌԴ-ն գործնական քայլերով պիտի չմիջամտէ, զայն արգիլելու համար, ապա, սա վերջացած հարց է: Այս կամ այն ձեւով, այդ միջանցքը պիտի բացուի: Եղունգ չունիք որպէսզի ձեր գլուխը քերէք, ուրեմն անիմաստ են ձեր անվերջանալի, բանաւոր ելոյթները, խրոխտ ու խիզախ յայտարարութիւննե՛րը
Մ. Հայդուկ Շամլեան