Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիս 19,2025 19:41

Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ու կատարված աշխատանքները։

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է հանցագործության 1643 դեպք, որից բացահայտվել է 1273-ը։

1643 դեպքից միայն մոտ 16 տոկոսն է վերաբերում Քրեական ոստիկանության գործառույթներին։ Դեռևս կիսամյակի արդյունքներով բացահայտումը կազմում է 57․1 տոկոս, նվազում է արձանագրվել հրազենով կատարված հանցագործությունների դեպքերով։

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում արձանագրվել է 305 դեպք՝ 29-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

Անցած 6 ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանցագործություններն 90 դեպքով նվազել են։

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է հանցագործության 172 դեպք, որից բացահայտվել է 132-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, աճել՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում արձանագրվել է 222 հանցագործություն՝ 2-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 136 դեպք, որոնց մեծամասնությունը հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են։ 136 դեպքից բացահայտվել է 122-ը։ Մեծ ծանրաբեռնվածություն է առկա տնային կալանքի ուղեկցումների մասով, որը թեև վերապահված չէ Ոստիկանությանը, սակայն իրականացվում է՝ ելնելով տնային կալանքի տակ գտնվող անձանց շահերի պաշտպանությունից։

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակն այս տարվա 6 ամիսների ընթացքում սպասարկել է 6683 ահազանգ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 82 տոկոսով ավելի է։ Կոտայքի պարեկները բացահայտել են հանցագործության 637 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազումը շարունակում է մնալ գերխնդիր։

Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարված աշխատանքը՝ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության համար և մանրամասն անդրադարձել է մի շարք հարցերի։ Նախարարը ընդգծել է, որ դեռևս չի գոհացնում յուրաքանչյուր սպասարկվող տարածքում հանցագործությունների պատճառների և պայմանների խորքային վերլուծությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է գնահատել թե՛ հանցագործությունների աճի, թե՛ նվազման միտումները։ Նրա խոսքով՝ արդի մարտահրավերները պահանջում են ոչ միայն արձանագրել իրավիճակը, այլ նաև հասկանալ դրա հիմքում ընկած գործոններն ու զարգացումները՝ այս գործում կարևորելով յուրաքանչյուր ծառայողի ներգրավածությունը։

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման առումով վերահաստատվել է, որ ընթացիկ տարում ուշադրություն է դարձվելու դրանցով մեղադրյալ ներգրավված անձանց թվին՝ հանձնարարելով վերլուծել նաև այն դեպքերը, որոնք ոստիկանության հաշվառումներով համարվում են բացահայտված, սակայն դեռևս անձանց չի տրվել դատավարական կարգավիճակ։

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ Նախարարը կրկին ընդգծել է, որ կարևորը ոչ թե արձանագրությունների քանակն է, այլ դրանց բովանդակությունը՝ հանձնարարելով ինտենսիվացնել ճանապարհային անվտանգության բաղադրիչով խախտումների բացահայտումը, գյուղական և բակային այցերը, բնակչության հետ շփումները։

Նախարարը կարևորել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ փոխգործակցությունը, համայնքների հետ շփման ակտիվացումը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է չսահմանափակվել միայն գրանցված արդյունքներով և քաղաքացիների հետ ակտիվ շփման շնորհիվ գույքագրել առկա խնդիրները, վերհանել դրանց պատճառներն ու նախանշել արդյունավետ լուծումներ։ Նախարարը հանձնարարել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ փոխգործակցությունը գնահատող ցուցիչներ սահմանել, ինչը թույլ կտա փաստահեն գնահատականներ տալ համագործակցության մակարդակի մասին։

Նախարար Սարգսյանն, անդրադառնալով հասարակական կարգի և անվտանգության պահպանմանը, հատուկ ընդգծել է, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է և անհրաժեշտ է ուժերի կետրոնացմամբ ապահովել 24-ժամյա հսկողություն ու կանխարգելում ոչ միայն հասարակական վայրերում, այլև ավտոճանապարհներին՝ բացառելով դեպքերն ու պատահարները։

Քննարկվել են անչափահասների շրջանում կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, կադրային համալրումների ու ատեստավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ծառայողական կարգապահության, պատշաճ փաստաթղթաշրջանառության ապահովման, նյութատեխնիկական հագեցվածության հարցերին։ Քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար Կոտայքի մարզային քրեական ոստիկանության հերթապահ խմբին հատկացվել է նոր ավտոմեքենա, առաջիկա ամսվա ընթացքում կհամալրվի նաև բաժինների ավտոպարկը։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Արփինե Սարգսյանին վստահեցրել է, որ մարզում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները պատշաճ կկատարվեն։ Նրա ընդգծմամբ՝ հանցագործությունների դեմ պայքարում պետք է ընկած լինի նաև օպերատիվ աշխատանքի հիմքում ունենալով նախորդ տարիների բացահայտումների վերլուծությունը։

Նույն օրը ՆԳ նախարարը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, ջոկատի տեխնիկական հագեցվածությանն ու սարքավորումներին։ Արձանագրվել է, որ շենքային պայմանները ոչ բարվոք են և պետք է դիտարկել մոդուլային շենքի նախագծման հնարավորությունը։

Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում նախարար Սարգսյանը եղել է նաև հաշվառման-քննական բաժնում, շրջել վարորդական վկայականների տրամադրման, քննական, դիմումների ընդունման և քաղաքացիների սպասարկման սենյակներում։ Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, որոնք դրական են գնահատել սպասարկման և մատուցվող ծառայությունների որակը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աշխատավարձերը բարձրացուցէ՛ք (ընտրութիւնները մօտենում են…)

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031