2025թ. հուլիսի 17-ին Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» վերնագրով ռեզոլյուցիա, որտեղ, ամենախիստ կերպով դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիան և դրան նախորդած Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը, ընդգծել է, որ այդ գործողությունները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են։
Միաժամանակ ռեզոլյուցիայում կոչ է ուղղվել Բելգիայի կառավարությանը, որպեսզի վերջինս կոչով դիմի Ադրբեջանին, մասնավորապես՝
- «կատարել իր միջազգային պարտավորությունները՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների։
- երաշխավորել Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի իրավունքները և թույլատրել միջազգային դիտորդների ներկայությունը և հայ բնակչության արագ, անվտանգ ու անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման։
- անհապաղ սկսել անկեղծ, համապարփակ և թափանցիկ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց անվտանգության և մշակութային, սոցիալական ու կրոնական իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար։»:
Հարկ է նշել, որ միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրները դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը Ադրբեջանի կողմից արցախահայությանն ավելի քան իննամյսա շրջափակման ենթարկելու ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են ուղղել Ադրբեջանին, որոնք, սակայն, եղել են ապարդյուն:
Անհրաժեշտ է նշել, որ այն, ինչ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն իրականացրել է Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ, ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի, համարվում է ցեղասպանություն:
Կարդացեք նաև
Նշված կետում արձանագրված է, որ «ցեղասպանություն է համարվում նաև ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
Եթե արցախահայությանը ցեղասպանության ենթարկելուն ուղղված գործողությունները դադարեցնելուն մասին միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրների կոչերին ժամանակին ականջալուր չի եղել Ադրբեջանը, արդյո՞ք այժմ կլսի դրանք: Ո՛չ և կրկին ո՛չ:
Եվ ուրեմն, միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրների Ադրբեջանին ուղղված հիշյալ և նմանատիպ՝ գործնական հիմքից զուրկ կոչերն ու «ամենախստիվ կերպով դատապարտումներն», ըստ ամենայնի, ունեն գլխավորապես մեկ նպատակ. հաճոյանալ հայ ժողովրդին և նրա մոտ ձևավորել միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրի նկատմամբ դրական վերաբերմունք:
Եթե միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրներն իրապես ցանկանում են օգնել Արցախի հայությանը, ապա պետք է Ադրբեջանի նկատմամբ իրականացնեն գործնական քայլեր, օրինակ՝ Ադրբեջանի գործող վարչակազմի բոլոր ներկայացուցիչների մուտքն արգելեն իրենց երկրներ, կամ Ադրբեջանից ներմուծվող գազի ու նավթի նկատմամբ կիրառեն արգելք (էմբարգո), կամ սառեցնեն ադրբեջանական բոլոր ակտիվները և այլն:
Քանի դեռ միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրները գործնական քայլեր չեն իրականացրել, Ադրբեջանը երբեք չի կատարելու նրանց կոչերն ու հորդորները:
Անհրաժեշտ է նշել, որ չնայած ժողովրդավարության, մարդու իրավունքների և նման կարգի այլ արժեքների հարգման ու պաշտպանության մասին միջազգային հանրության, նրա առանձին անդամ երկրների պաշտոնատար անձանց պարբերական հայտարարություններին և հավաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժեքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նյութականացված դրսևորում:
Այսպես, 2022թ. դեկտեմբերի 17-ին Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ստորագրել են հուշագիր էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթով նախատեսվում է Կասպից ծովի հողմակայանների արտադրած էլեկտրական էներգիան տեղափոխել դեպի Եվրոպա:
Հուշագրի համաձայն՝ մոտավորապես 1100կմ երկարություն ունեցող 500 կՎ լարման մալուխը պետք է սկիզբ առնի Ադրբեջանից, ցամաքով հատի Վրաստանի տարածքը, այնուհետև շարունակվի Սև ծովի հատակով՝ հասնելով մինչև Ռումինիա:
Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնավորաբար, հայտարարել է. «…Ռուսաստանի պատերազմի սկզբից մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածո վառելիքից և դիվերսիֆիկացվել դեպի հուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են սեղանի շուրջ այստեղ գտնվող գործընկերները: Եվ դա աշխատում է…»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքից պարզվում է, որ Եվրոպական միությունն Ադրբեջանին համարում է «հուսալի էներգետիկ գործընկեր»:
Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ 2023թ. հոկտեմբերի 3-ին «Եվրոնյուզ» եվրոպական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով «Արդյո՞ք Ադրբեջանը դեռևս Եվրամիության գործընկերն է» հարցին, մասնավորապես, հայտարարել էր. «Գործընկերն է, այո, այսօր գործընկերն է։»:
Հետևաբար, վերոնշյալի հաշվառմամբ, հարկ է նշել հետևյալը. միջազգային հանրությունը, նրա առանձին որևէ անդամ երկիր մեր փոխարեն չի լուծելու Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը: Նշված կոնֆլիկտը պետք է լուծենք մենք և բացառապես միայն մենք:
Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքից:
Անշուշտ, առաջարկվածը հնարավոր կլինի իրականություն դարձնել Հայաստանի Հանրապետությունում պատշաճ սիստեմատիկ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական կառավարման ոլորտի փորձառություն, ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ ունեցող վարչակազմի ձևավորումից հետո:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ