Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի մեդիան այսօր ոչ միայն պաշտպանում է պետական շահերը, այլեւ անհրաժեշտության դեպքում գրոհի է անցնում. Լաուրա Բաղդասարյան

Հուլիս 20,2025 12:55

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի մեդիան այսօր ոչ միայն պաշտպանում է պետական շահերը, այլեւ անհրաժեշտության դեպքում գրոհի է անցնում։ Ինչպես սպորտում, պաշտպանության լավագույն ձեւը հարձակումն է, – ասել է Ալիեւը Ստեփանակերտում բացված «Շուշիի III Գլոբալ մեդիա ֆորումի» ժամանակ։

Պետք է ընդունել, որ մեդիայի առաքելության մասին իր, մեղմ ասած, «ուրույն» պատկերացումները նա ազնվորեն, առանց ավելորդ սեթեւեթանքների ներկայացրեց 2ժ 40 րոպե տեւած ասուլիս-հանդիպման ժամանակ։ Դրան մասնակցում էին տարբեր, այդ թվում արեւմտյան երկրների մեդիա ներկայացուցիչներ, այդ հարցում իրենց համոզմունքներով։ Ի դեպ, Ադրբեջանում խոսքի ու այլ ազատությունների մասին թեման, դարձյալ տաբուացված էր։ Հավանաբար, որպես մթնոլորտին անհարիր հարց։ Քանի որ առանց բացառության բոլոր մասնակիցների հարցերը սկսվում էին անձամբ Ալիեւի հասցեին հնչած դիֆերամբներով։ Իսկ ուկրաինացի հայտնի լրագրող Գորդոնն անգամ խորհուրդ խնդրեց նրանից, թե ոնց անեն, որ հաղթեն ու վերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։ Ինչպես դա փայլուն կատարեց Ալիեւը, եւ ինչին մեծ ոգեւորությամբ հետեւում էին Ուկրաինայում։

Դեմոնստրատիվ հենց Արցախում արդեն երրորդ անգամ անցնող այս միջազգային հավաքը նա կազմակերպում է, որ՝

ա/ Նորից ու նորից «ցույց տա բոլորին» հայերի սեպարատիստական, ագրեսիվ ու թշնամական, եւ հակառակը՝ ադրբեջանցիների «խաղաղասեր» բնույթը, այս կերպարները դարձնի կայուն կաղապարներ միջազգային հարթակներում։ Ի դեպ, այս անգամ էլ ոչ մի խոսք այնտեղ ապրած արցախահայերի մասին, նրանց բոլորին հիշատակում էր մեկ բառով՝ սեպարատիստներ։

բ/ Խոսի Ադրբեջանի հզորացման եւ տարածաշրջանային գլխավոր երկրի «տարազն» այլեւս իր հագով լինելու մասին։

գ/ Ցույց տա բոլորին, թե որքան արագ է վերակառուցում «վերադարձրածը», ինչ հզոր է նա։

Ի դեպ, Ռուսաստանի հիշատակումները հասցված էին նվազագույնի։ Միգուցե, նախօրոք պայմանավորվածությամբ ֆորումին մասնակցողների հետ։ Ամեն դեպքում Ռուսաստանի հետ վերջերս բարդացած հարաբերությունների մասին սուր հարցեր չեն հնչել։ Բացառությամբ «Ռոյթերս»-ի ներկայացուցչի, որը հետաքրքրվում էր ադրբեջանական ինքնաթիռի կործանման հարցով։ Ալիեւը հայտնեց, որ փաթեթ են պատրաստում միջազգային դատարան այդ հարցով դիմելու համար։

Ուկրաինացի ժողովրդին հղված կոչը երբեք չհամակերպվել իրենց տարածքների զավթման հետ, միջնորդավորված ելույթ էր Ռուսաստանի դեմ։ Նա, իհարկե, չասաց, չմատնանշեց, թե ով է զավթել այդ տարածքները։

Ռուսաստանից ֆորումի ժամանած երկու հայտնի ադրբեջանամետ գործիչները՝ Ս. Մարկովն ու ՏԱՍՍ-ի ղեկավար Գուսմանը նույնպես երկկողմանի հարաբերությունների սրացման մասին հարց չտվեցին։

Ալիեւը հայտնեց, որ հայկական կողմը ինչպես միշտ դեմ է գնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական տեսլականին, խոսեց խաղաղության մասին փաստաթղթի հնարավոր նախաստորագրման մասին, պահանջեց, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարմամբ ու ՀՀ սահմանադրության փոփոխությամբ հայկական կողմը իր ձեռքով «խփի սեպարատիզմի դագաղի վերջին մեխը», եթե իրոք համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է եւ Ադրբեջանից ոչ մի տալիք-առնելիք էլ չի ունենալու։ Ալիեւը հայերին չի վստահում։

Ու վերջում հայտնեց, որ այդ դեպքում իրենք (այսինքն՝ մենք) թող ապրեն իրենց կյանքով, մենք՝ (այսինքն՝ իրենք) մերով։ Հետոն (այսինքն՝ համագործակցությունը) հետոն ցույց կտա։

Հ. Գ. – Հայաստանի, սեպարատիսների (նկատի ունի արցախահայերին) նկատմամբ կրած հաղթանակով նրա գինովցածությունը բնավ չի էլ անցել։ Գերագույն հաճույքը դեմքին հայտնեց, որ ԼՂ նախկին շրջկոմի շենքը կվերակառուցի եւ այնտեղ կբացի հաղթանակի թանգարան, Շուշիի այն շենքը, որտեղ 7 տարի առաջ պատրաստվում էին տեղափոխել Արցախի ԱԺ-ն, այժմ հյուրանոց է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031