Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի․ Վարդան Օսկանյան

Հուլիս 20,2025 16:03

ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը այլևս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարություն։ Թեև Երևանի կենտրոնում կյանքը շարունակվում է իր ուրախ հնչերով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ ավելի մռայլ է։ Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից։

Այս պահին Հայաստանում կա մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալ։ Նրանց թվում են երկու արքեպիսկոպոսներ, ռուսահայ բարերար և ներդրող Սամվել Կարապետյանը, գործող պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ։ Նրանց «հանցանքը» մեկն է՝ համարձակվել են դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։

Այս հալածանքները պատահական չեն։ Դրանք համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են՝ հատկապես երբ Փաշինյանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը, և մոտենում են Հայաստանի հերթական ընտրությունները։ Քննչական մարմինները և դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին վախեցնելու, հետապնդելու և մեկուսացնելու համար։ Նախաքննական կալանքը կիրառվում է որպես պատիժ՝ ոչ թե արդարադատությանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։

Խոսքը սովորական քաղաքական մրցակցության մասին չէ։ Մենք ականատես ենք լինում այն գործընթացին, երբ մեկ առ մեկ քայքայվում են ժողովրդավարական կառույցները։ Անկախ դատական համակարգը՝ յուրացված, մամուլը՝ աղավաղված, քաղաքացիական հասարակությունը՝ թուլացած ու վախեցած։ «Ժողովրդավարական Հայաստանի» մասին միֆերը այլևս չեն դիմանում իրողություններին ու փաստերին։

Վերջերս լսեցի քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի՝ դատարանում արտահայտած միտքը, որ մենք ձախողեցինք՝ չստեղծելով ինստիտուցիոնալ հենակետ քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրացման, ներկայացման ու պաշտպանության համար։ Ճշմարիտ է։ Մենք բավարար չափով չենք բարձրաձայնել, չենք գործել՝ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական իմաստով։

Ժամանակն է իրոք ստեղծել մի մարմին՝ կազմված իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից։ Այս մարմինը պետք է համակարգված աշխատի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու այս վտանգավոր շրջադարձի վրա։ Այն պետք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկույցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։

Այս մարմինը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Պետք է աջակցել նաև նրանց ընտանիքներին, ցույց տալ ամբողջ աշխարհին՝ թե ինչպես է դատաիրավական համակարգը օգտագործվում ոչ թե արդարադատության, այլ ռեժիմի պահպանման համար։ Այն պետք է նաեւ ճնշում գործադրի դեսպանությունների եւ միջազգային գործընկերների վրա՝ որպեսզի նրանք չխաբվեն Երևանի կենտրոնում տիրող ժողովրդավարական նորմալության կեղծ պատրանքով, այլ ազնվորեն գնահատեն դրա հետեւում թաքնված ավտորիտարիզմը։

Եթե նման մարմին ստեղծվի, պատրաստ եմ իմ համեստ ներդրումը բերել՝ ժամանակով, կապերով և քարոզչությամբ։ Քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի։

Լռությունն այսօր նշանակում է հաշտություն անարդարության հետ։ Եթե լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնյակ անմեղ մարդկանց անազատության մեջ, այլ նաև դավաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031