Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարի կողմից ցանկություն կա լավ գործընթաց տանել, բայց երկու անձանց պատճառով որոշումներ չընդունվեցին»․ Դանիել Իոաննիսյան

Հուլիս 20,2025 16:39

«Դա ինձ համար ավելի պակաս կարևոր է։ Նիստի օրակարգում եղել է կայուն մեծամասնությունից հրաժարվելը, խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմը, խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում ընդդիմության ավելի լայն գործառույթների ներդրման հարցը։ Նիստի օրակարգում եղել է նաև խորհրդարանի կողմից նախարարների, մարզպետների, դիվանագետների նշանակման և պաշտոնանկ անելու մեխանիզմ ներդնելու հարցը։ Հարցերից ոչ մեկի մասով այդպես էլ քվեարկություն չի եղել, դեռևս որոշում չկա»,- Aravot.am-ի հարցին՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանել-չհանելու հարց քննարկվե՞լ է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ կարծում է, որ նոր սահմանադրության տեքստում հղում չպիտի լինի Անկախության հռչակագրին, Բաքուն դա է պահանջում ՀՀ-ից, այսպես պատասխանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկզբին կունենան խորհրդի նիստ եւ խորհրդի անդամներին կներկայացնեն որոշակի դրույթներ, որոնք արդեն մշակվել են։

Նշենք, որ նախկինում նիստերն ուղիղ հեռարձակվում էին, սակայն այս անգամ այն փակ էր լրագրողների համար։ Նիստից մի կարճ տեսանյութ է հրապարակվել ու լուսանկարներ:

Հարցին՝ փոխվե՞լ է մոտեցումը ավելի հաճախ նիստեր հրավիրելու հետ կապված, քանի որ բավականին երկար ժամանակ նիստեր չէին անցկացվում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Երևի՝ այո։ Նախարարի կողմից տեսնում եմ ցանկություն նորմալ, բովանդակային առաջընթացի։ Նաև տեսնում եմ, որ նախարարության բերած նախագծերը հստակ ժողովրդավարացման, խորհրդարանի և խորհրդարանական ընդդիմության դերակատարությանն ուղղված նախագծեր էին։ Նախարարի կողմից ցանկություն տեսնում եմ բովանդակային և լավ գործընթաց տանելու առումով։ Բայց խորհրդում կան մարդիկ, որոնք կարծես թե մի քիչ այլ մոտեցումներ ու գաղափարներ ունեն։ Օրինակ՝ Վլադիմիր Վարդանյանը, որը միշտ կարող է 350 պատճառ հորինել, թե ինչու այս կամ այն բանը չանել, ԲԴԽ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը, որն արժեքային առումով մի քիչ տարօրինակ տեղում է։ Մեծ հաշվով՝ այս երկու անձանց պատճառով է, որ որոշումներ չընդունվեցին։ Իսկ որոշումները շատ լավն էին։ Արդարադատության նախարարության բերածը հստակ ժողովրդավարացմանն ուղղված առաջարկներ էին»։

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր նրանց դիրքորոշումը, որ դեմ էին որոշումների ընդունմանը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Իրենց հարցրեք։ Կարեն Թումանյանը կարծում է, որ պետք է կայուն մեծամասնության մեխանիզմը մնա, Վլադիմիր Վարդանյանը 5,5 տարի այս ամենի վրա աշխատում է, բայց ասում է՝ եկեք չընդունենք, գնանք մի քանի տարի էլ մտածենք։ Չեմ կարող ասել, որ դա իշխանության մոտեցումն է, քանի որ իշխանության ներկայացուցիչ արդարադատության նախարարն ադեկվատ, ռացիոնալ բաներ էր բերում, ՔՊ խմբակցության ներկայացուցիչն ադեկվատ մոտեցումներ ուներ»։

Հետաքրքրվեցինք՝ մինչև 2026-ը կհասցնե՞ն նոր սահմանադրությունը պատրաստել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ մինչև այս տարվա վերջ լինի նախագիծ»։

Aravot.am-ը փորձեց ստանալ նաև Վլադիմիր Վարդանյանի և Կարեն Թումանյանի պարզաբանումները։ Վլադիմիր Վարդանյանը չարձագանքեց, Կարեն Թումանյանը խնդրեց վաղը զրուցել։ Ուստի նրանց դիրքորոշումները կներկայացնենք առաջիկա օրերին։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկվել են կայուն մեծամասնության հետ կապված հարցեր, բոնուսային համակարգի հարցերը, խորհրդարանական մեծամասնություն-փոքրամասնություն նման հարցեր։ Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ տևական ժամանակ խորհուրդը նիստեր չէր գումարում, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կային․ նախարարներ փոխվեցին իրար հետևից»։ Հետաքրքրվեցինք՝ փոփոխություն զգո՞ւմ եք, որ Սրբուհի Գալյանի կողմից կա քաղաքական կամք ավելի հաճախ նիստեր անցկացնել, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Որոշում կայացվեց ավելի հաճախ հանդիպել ՝սեպտեմբերից սկսված, բայց ժամկետների հարց չքննարկվեց»։

Արթուր Սաքունցն ասաց՝ մի բան հստակ է, որ պետք է նոր սահմանադրության տեքստ մշակվի։

Մեր փաստմանը՝ Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նոր սահմանադրության տեքստի վրա են աշխատում և հարցին՝ խորհրդի անդամների հետ այդ տեքստի հատվածները համաձայնեցվո՞ւմ են, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչ են արել, բայց իրենք ինչ-որ բաներ էին առաջարկել փոփոխությունների վերաբերյալ, մենք էլ քննարկեցինք, համաձայնեցրինք։ Վերջնական որոշում չի կայացվել։ Առաջարկ կար, որ բոնուսային համակարգից պետք է հրաժարվել, ինչը հստակ է։ Ես կտրուկ դեմ եմ արտահայտվել թե′ մեծամասնության, թե′ փոքրամասնության համար ձայների լրացման համակարգին։ Եթե պարզ համամասնական ենք գնում, ուրեմն պետք է որևէ բոնուսային համակարգ չլինի։ Ոնց որ թե բոլորն էլ հակված էին այդ ուղղությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031