Արձակուրդի մեջ գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում դարձյալ հակաեկեղեցական գրառումներ էր արել՝ մասնավորապես պնդելով, թե «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա»:
Մեկ այլ գրառման մեջ էլ նա վերստին պնդել էր. «Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի»:
«Ժամից ես եմ գալիս, դու ես ալելուիա ասում» ժողովրդական խոսքն է այս առնչությամբ ֆեյսբուքյան էջում վկայակոչել Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ մասնավորապես գրելով. «Երբ Հայ Եկեղեցու խորաններին մատուցվում էր Սուրբ Պատարագ, եւ եկեղեցական-հավատացյալ ունկնդիր Աստծո խոսքին՝ ճաշակում էինք Սուրբ Հաղորդությունը խաղաղությամբ,- զուգահեռ իրականության մեջ ինչ-որ անհանգիստը մեկը կիսագրագետ խորհրդականների չարամիտ խորհրդով զբաղված էր Հայ Եկեղեցու վարդապետության զեղծարարությամբ։
Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի մեջ չկա որեւէ կետ կամ դրույթ, որով ասվում է, թե կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ։ Եկեղեցին այլաբանորեն հարսն է Քրիստոսի, որ իբրեւ փեսա՝ գլուխն է նույն եկեղեցու»: