Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ արդյոք նույնիսկ Աստված գիտի՞ այն հարցի պատասխանը, թե մեր դեպքում ինչ պետք է անել. գոյաբանական անդունդի եզրին ենք կանգնել»

Հուլիս 21,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի նախագահ, բժիշկ Լեւոն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, հայ հասարակությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ Հայաստանի այսօրվա իշխանություններն ասում են, որ Արցախը պետք է մոռանալ, Արեւմտյան Հայաստանի մասին պետք է մոռանալ, պետք է կենտրոնանալ «իրական Հայաստանի» գաղափարի վրա։ Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ հրաժարվելով մեր իրավունքներից ու տարածքներից՝ Հայաստանն իրապես կարող է զարգանալ։

-Իրական Հայաստանն այն կլիներ, եթե մենք հիմնվեինք մեր ինքնության, մեր արժեքների, արժանիքների ու հպարտությունների վրա։ Դատելով այսօրվա մեր իրավիճակից՝ մենք չափազանց հեռացել ենք այդ ամեն ինչից, ձեւավորում ենք կեղծ իրականություն եւ այդ կեղծ իրականության մեջ որպես դրոշ ենք թափահարում այսպես կոչված՝ «իրական Հայաստանը», որն ամենաանիրական Հայաստանն է։ Եվ ամենաանիրական Հայաստանը ներկայացնելով որպես գաղափար, որը կեղծ գաղափար է, հույս ունենալ զարգացման ու գոյատեւման, ինքնախաբեության ծայրահեղ փուլն է իմ կարծիքով։

-Հայ հասարակությունը դա չի գիտակցո՞ւմ։

-Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ծանր հիվանդ վիճակում է։ Բժշկական լեզվով ես կասեի՝ կոմատոզ վիճակում է։ Դա սոցիալական հասարակական ֆենոմեն է, որը, կարծում եմ, շատ շատերին է մտահոգում եւ շատերը չեն կարողանում պատասխան գտնել, թե ինչո՞ւ է հիմա մեր հասարակությունն այս վիճակում գտնվում։ Ես փորձում եմ իմ բացատրություններն ունենալ, դրանցից մեկն այն է, որ տասնամյակներ շարունակ այս անկախություն կոչված պատրանքը ոչ թե անկախություն էր, այլ պատմական մի շանս էր, որը մենք պարզապես չկարողացանք օգտագործել եւ վերափոխվեցինք որբացած մի երկրի։ Այդ տարիների ընթացքում ձեւավորվեց հասարակության անկում՝ գաղափարական, բարոյական, տնտեսական, մտավոր։ Եվ արդեն ծանր հիվանդ հասարակության վրա ծանրագույն հարված եղավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն կոչվածը՝ իր սարսափելի պատերազմով, որը բերեց մի քանի հազար զոհերի եւ մի քանի հազար ծանր վիրավորների, որոնք էլ իրենց հերթին ազդեցություն ունեցան հասարակության վրա հոգեբանական տրավմայի տեսքով։ Եվ մեր հասարակությունը կուչ եկավ ինքն իր մեջ, իզոլացվեց եւ ձեռք բերեց անտարբերության դաժան երեւույթը, որն էլ մենք այսօր տեսնում ենք։ Մեր հասարակությունը ամորֆ դարձավ, անուժ, անճարակ։ Միակ բանը, որը հիմա տեսնում ենք, հասարակության այդ անտարբերությունն ու անուժությունն է, չնայած, ակնհայտ է, որ հասարակության լայն շրջանները գիտակցում ու զգում են այն արհավիրքը, որի մեջ ապրում ենք ամենօրյա ռեժիմով։

-Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Ես չգիտեմ՝ արդյոք նույնիսկ Աստված գիտի՞ այն հարցի պատասխանը, թե մեր դեպքում ինչ պետք է անել։ Ցավով պետք է նշեմ, որ գոյաբանական անդունդի եզրին ենք կանգնել։ Եվ ակնհայտ է, որ այս բաժանումները, որոնք տեղի ունեցան հասարակության մեջ, հասարակության կեղեքումները, գաղափարների բացարձակ անհետացումը, դրոշակակիր մտավորականության տոտալ բացակայությունը, ռամիկ զանգվածի գերակայությունը, այս բոլորը շատ ծանր երեւույթներ են, որոնք չգիտեմ՝ կկարողանանք հաղթահարել, թե ոչ։ Ես փնտրտուքների մեջ եմ, բայց այս պահին որեւէ լուծում ու ելք դեռեւս չեմ կարողանում գտնել ինքս ինձ համար։

-Արցախցիներն ահազանգում են, որ իրենց սոցիալական խնդիրները սրվում են, թեեւ կառավարության անդամները հակառակն են պնդում։ Դուք ի՞նչ եք նկատում, հատուկ քաղաքականությո՞ւն է վարվում, որ արցախցիներն արտագաղթեն Հայաստանից։ Արդեն իսկ արտագաղթի տեմպերը մտահոգիչ են։

-Համենայնդեպս, մի բան պարզ է, որ ի սկզբանե բռնի տեղահանումից հետո արցախցիների խնդիրների հետ կապված ծրագիր, լուծումներ եւ ռեալ օգնության ձեռք մեկնելու ձգտումներ երեւան չեկան։ Ձեւական փոքրիկ ծրագրեր իրականացվեցին, 40+10 հազարական դրամների ծրագիրն իրականացրեցին, հիմա ճնշող մեծամասնությունը զրկվել է դրանից։ Բնակարաններով ապահովելու որեւէ հստակ ու պարզ ծրագիր եւս չեղավ, որն ընդունելի կլիներ արցախցիների համար։ Եվ ըստ էության արցախցիներն ի սկզբանե թողնվել էին իրենք իրենց հույսին։ Ես եւ դրա ականատեսն եմ եղել, եւ խորքից ճանաչողը, որովհետեւ «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի միջոցով մենք ի սկզբանե կանգնած ենք եղել արցախցիների կողքին եւ փորձել ենք մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել եւ մինչ օրս անում ենք այդ ամենը, բայց տեսնում ենք, որ պետական մասշտաբով որեւիցե դրական փոփոխություն տեղի չի ունեցել։ Պետք է նշեմ, որ ՏԻՄ մարմիններն էլ են աշխատում, ես տեսել եմ եւ քաղաքապետներ, եւ մարզպետներ, որոնք փորձել են աջակցել, բայց ընդհանուր իմաստով դա չպետք է շփոթել պետական ինչ-որ ծրագրի հետ, որը պետք է լիներ արցախցիներին օգնելու համար։

Այս ամենի ֆոնին ինձ հետաքրքրում են նաեւ Եվրոպայից եկած աջակցության գումարները կամ խոստումները։ Կան տեղեկություններ, որ այդ գումարներն իբր թե փոխանցվել են արցախցիների համար, բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Եվ ես ինքս ինձ համար էլ ուզում եմ հասկանալ, թե այդ գումարն ի՞նչ է եղել եւ ինչպե՞ս  է ծախսվում։ Արդյոք ինչ-որ դեսպան կարո՞ղ է հստակ ու կոնկրետ թվերով ներկայացնել, որ այսքան գումար է տրվել, եւ դրանից որքանն է ուղղվել արցախցիներին, քանի արցախցի ընտանիք է օգտվել։ Ես խորը կասկածներ ունեմ, որ դեմոկրատական երկրների որեւէ դեսպան կկարողանա հստակ տվյալ տալ։

Արդյոք այս ամենի հետեւում կանգնա՞ծ է արցախցիներից ազատվելու գաղափարը, ես չեմ բացառում այդ հավանականությունը, որովհետեւ ուրիշ տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչպե՞ս եղավ, որ հենց արցախցին ինքն իր հայրենիքում անհայրենիք գտնվեց, շատ դժվար է։ Իրենք էլ հաջողեցին, քանի որ արցախցիների շրջանում պառակտումներ եղան, շատ շերտավորված, քայքայված, մեկը մյուսի դեմ ելած խմբեր կան՝ տարբեր ղեկավարների եւ այսպես կոչված՝ առաջնորդների գլխավորությամբ, որն ինքնին չի նպաստում հենց արցախցիների համախմբմանը, իրենց մակարդակով գոնե ինչ-որ հարցի լուծմանը կամ գոնե ինչ-որ դիմադրություն ցույց տալուն ու ձայն բարձրացնելուն։ Ըստ էության, ստացվում է, որ հայ հասարակությունն այսօր կազմված է շերտերից, որոնցից ամենաանտեսված, ամենախոցելի, ամենաճնշված շերտն արցախցին է։

Ես մտածում եմ, եթե ինչ-ինչ պատճառներով՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, տեղի ունեցավ դաժան պատերազմը եւ Արցախի կորուստը, ապա 120-130 հազար արցախցիները, որոնք բռնի տեղահանվել ու տեղափոխվել են Հայաստան, նրանք մեծ պոտենցիալ են Հայաստանի համար՝ լինի դա ռազմական, տնտեսական, քաղաքական եւ այլն։ Ես ունեմ տվյալներ, որ մոտ 20-30 հազար արցախցիներ բռնի տեղահանումից հետո մոտակա ամիսներին տեղափոխվեցին այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Մնացած արցախցիների մի մասը մի կերպ կարողացավ աշխատանք գտնել եւ հարմարվել պայմաններին։ Այսօր արցախցիների ճնշող մեծամասնությունը սոցիալական ծանրագույն պայմաններում ապրող մի պոպուլյացիա է, որը գտնվում է  հոգեբանական ճնշված վիճակում, եւ հայ հասարակությունն այդպես էլ չկարողացավ ձեւավորել միջավայր, որտեղ կկարողանար օգուտ քաղել, թեկուզ չարիքից բարիք ստանալ, մինչեւ հետո կտեսնեինք, թե ինչպիսի ավելի լավ ժամանակներ եւ պատմական ավելի հաջող ընթացքներ կունենայինք մենք մեր պատմության ընթացքում։ Այս ամենը նաեւ կրկնում է 1990-ական թվականներին Բաքվից եւ Ադրբեջանի հայաշատ մյուս քաղաքներից տեղահանված հայերի պատմությունը։ Նրանց շատ չնչին մասը տեղակայվեցին Հայաստանում, մեծ մասը Հայաստան տեղափոխվելուց կարճ ժամանակ հետո տեղափոխվեցին աշխարհի տարբեր երկրներ եւ այդպես էլ որեւէ լումա ու պոտենցիալ չունեցան հայ հասարակության զարգացման ու բարգավաճման համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Արցախցիների փրկությունը իրենց ձեռքին է՝2003թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլում միայն Երեւան քաղաքում հաշվել եին 250հազար ընտրող՝Արցախցի։Այժմ ՝կարծում եմ այդ թիվե ավելացած կլինի-եթե նրանց միավորող ուժ հայտնվի ապա հաջորդ ընտրություններին կարող են իշխանությունը վերցնել՝ցավոք նրանք ել մասնատված են….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031