Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չունենք կարմիր բերետավորներ, դիմակավորված բանակ, պարեկներ, բայց մե՛նք ենք լինելու որոշում կայացնողը.Տեր Սեբեոս քահանա Ղալաչյան

Հուլիս 21,2025 10:39

«Ձեզանից շատերի՝ ինձ ուղղված հարցերը, կասկածներն ու անտեղյակությունը փարատելու համար կարեւոր է ձեզ համառոտ կերպով պատմել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ կիրակի օրը երեկոյան մեր եկեղեցում: Ես մերժել եմ Հայրապետիս, եպիսկոպոսներիս եւ hոգեւորական իմ եղբայրներին հայհոյող, անարգող, տվյալ պարագային «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին՝ քավոր, կնքահայր դառնալ այս եկեղեցում:

Ասել եմ, որ կնքահայրը պետք է լինի այս եկեղեցու զավակ՝ ոչ իրենց ասելով, այլ որ պիտի ընդունի այս եկեղեցու նվիրապետական կարգն ու կանոնը: Այդպես գրված է մկրտությունից առաջ հոգեւորականին ուղղված խրատի մեջ, որ ասում է՝ պետք է քննենք կնքահոր ով լինելը, ինչ լինելը, օգնենք նրան հասկանալու իրեն ընձեռված պատիվը, որ արժանավոր կերպով կարողանա իրեն վստահված սանիկին լինել օրինակ, դաստիարակ եւ առաջնորդել հոգեւոր փրկության»,- քարոզի ժամանակ ասաց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին:

«Այդ մարդը՝ պարոն Նարեկ Գրիգորյանը, չունի այդ կեցվածքը Հայ եկեղեցու նկատմամբ, որ ինձ կներշնչի վստահություն, որ ինքը կարող է 40-օրյա մանուկին, որին իմ հորդորով բերել էին եկեղեցի քառասունքի օրը կնքելու, դաստիարակել որպես հայ եկեղեցու զավակ, ուստի ես առաջարկեցի եւ խնդրեցի՝ փոխեք կնքահորը, դրեք մի այնպիսի մարդ, որը չի հայհոյում ինձ, որ ես խաղաղ սրտով ու մտքով իմ աղոթքն անեմ եւ կատարեմ 3 հրաշք՝ մկրտության, դրոշմի եւ սուրբ հաղորդության հրաշքը: Ինձ մերժեցին, ինձ անպատվեցին, ինձ փորձեցին համոզել, հաճոյանալ, որպեսզի ես իմ որոշումը փոխեմ: Բայց դուք ինձ գիտեք՝ ես իմ որոշումը փոխող չեմ: Ցավոք սրտի, այդ երեխան առայժմ մնաց առանց մկրտության»,-պարզաբանեց տեր Սեբեոսը՝ ընդգծելով, որ մերժել է Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ մկրտել երեխային:

«Ինձ ուղարկել են նյութեր, որտեղ ինքը կորցրած իր տղամարդկությունը՝ ստում է, չեմ ուզում անդրադառնալ այդ խոսքերին, բայց երեւի թե ճիշտ կլինի այս սուրբ կամարների ներքո, սուրբ խորանի վրա պատարագչի զգեստներով ձեզ ասել՝ եթե իմ ասածների մեջ սուտ կա, թող տերը իմ պատուհաս օրերն ավելացնի երկրի վրա ու իմ պատիժը՝ երկնքում: Եթե իր ասածների մեջ սուտ կա, ու ինչքան սուտ կա, թող Աստված այդքան ստի համաձայն ավելացնի իր, իր ընտանիքի անդամների, իր գաղափարը կիսողների պատուհասը, եթե ոչ՝ թող օրհնվելով, օրհնվեն…Իմիջիայլոց, հատուկ ենք սա ձայնագրում, ես եմ խնդրել մեր եղբայրներին: Սրանից լավ բացատրության ձեւ չունեմ ես: Սա է իմ ամբիոնը, մենք չունենք կարմիր բերետավորներ, դիմակավորված բանակ, պարեկներ, որոնք մեզ կպաշտպանեն, մեր արդար ցասմանը պահանջատեր կլինեն…Մեզ կարող եք ծեծել, ապտակել, հայհոյել, բայց մենք որոշում կայացնողն ենք լինելու»,-հավելեց հոգեւորականը:

«Վահագն Ալեքսանյան անունով մի ՔՊ-ական պատգամավոր էլ կա, որ ուրիշ ճար չունենալով՝ իմ 2019 թ քարոզն էր դրել, դե ուրիշ բան չունեք, ընդ որում 50 րոպե էր քարոզը, 15 վայրկյանն էր դրել: Իմիջիայլոց, այսօր ինչ որ կատարվում է, ես դեռեւս 2019թ ասել եմ… Իրենք փորձում են իրենց ունեցած լսարանով, ֆեյսբուքներով արձագանք տալ այս ամենին: Սիրելիներ, ինձ համար դա՛ չէ կարեւորը, ինձ համար դուք եք կարեւորը, ովքեր ամեն կիրակի իմ թիկունքին կանգնած պատարագի եք, դուք եք կարեւոր, որովհետեւ դուք եք ընդունում ինձ որպես ձեր հոգեւոր հովիվ…Ինձ ուղարկել են ձայնագրությունը այդ վայ պատգամավորի, որ պատմում է այդ օրվա մասին, ինչեր է ասել, կարող եք նայել: Ես իրեն ուզում եմ պատասխանել՝ միաժամանակ պատասխանելով ձեզ…

Այդ վայ պատգամավորը կոչում է ինձ սատանա, որովհետեւ հրաժարվել եմ իր կնքահայրությամբ կատարել մկրտությունն ու կնունքը: Եթե ես սատանա եմ, հետեւաբար ձեր զավակներին ու ձեզ 13 տարի շարունակ մկրտել ու կնքել, պատարագել եւ սուրբ հաղորդություն է բաշխել սատանա՞ն: Վստահ եմ, որ նորադուսցիների էլ եմ մկրտել ու կնքել, ինքն էլ է նորադուսցի…Ում որ կնքել եմ մինչեւ սա, դուք հարց չունե՞ք կամ ինձ կամ էդ պատգամավորիկին: Իմ խոսքը ձեզ եմ ուղղում, ձեզ 13 տարի սատանա է ծառայել, դուք հանդուրժե՞լ եք…Եթե ոչ, ձեր կողմից պիտի հնչի՞ արդյոք որեւէ պատասխան, պիտի լինի՞ արդյոք որեւէ արձագանք՝ այդ փոքրիկ խմբակի փոքրիկ պատգամավորիկին ուղղված… Ես չեմ տեսել այդ արձագանքը…Եթե 25 տարի անձնուրաց եւ անձնվիրաբար Շիրակի թեմի առաջնորդ ծառայած Միքայել Սրբազանին կալանավորած դատում են ու ամբողջ Շիրակի թեմից 250 հայ գյումրեցի էնտեղ կանգնած չի, ես ո՞վ եմ, որ իմ համար արձագանքեք, սա է իմ միտքը, մտածեք դրա մասին…»,- ասաց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվը:

Դիմելով ՔՊ-ականներին նա ասաց. «Ձեր նշած թագավորի պես ապրել ուզող այս քահանան նաեւ 44-օրյա Արցախյան պատերազմի օրերին իր հայրապետի կոչով մկրտել ու կնքել է շուրջ 50 զինվորի՝ մինչեւ 2020թ նոյեմբերի 8-ը իր քահանա եղբայրների հետ գտնվելով Արցախում, որը դուք դավադրաբար այսօր համարում եք Ադրբեջանի տարածք…Ե՞ս ե՞ սատանան: Այդ փոքրիկ ՔՊ խմբակի փոքրիկ, բայց քիչ ավելի լավ սնված վայ պատգամավոր Ալեքսանյանը 2019թ խոսված իմ 50 րոպեանոց քարոզիցս 15 վայրկյան տեղադրելով ասում է՝ սա գիտե՞ք որ տերտերն է, այսինքն որ տերտերն է մերժել իր ՔՊ պատգամավոր եղբորը…Այո, թագավոր քահանան է մերժել, մինչեւ այսօր թագավորի պես պահում է իրեն իր ժողովուրդը…»:

Երեկվա քարոզն ամբողջությամբ՝ տեսանյութում

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031