Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական մարմինները պարտավոր են կանխել ցանկացած առերևույթ ապօրինի հավաք, ներխուժում կամ զանգվածային անկարգություն, որ ծրագրավորվում է Մայր Աթոռի տարածքում»

Հուլիս 21,2025 12:54

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պետական ոտնձգության իրավական հետևանքները. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի զեկույցը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ներկայացրել է հրապարակային զեկույց, որում իրավական ու բարոյական տեսանկյունից գնահատվում են հուլիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնում զանգվածային հավաք կազմակերպելու կոչի հնարավոր հետևանքները։ Զեկույցը վերլուծում է իրավիճակը ՀՀ Սահմանադրության, եկեղեցու կանոնական իրավունքի և Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների տեսանկյունից։ Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:

ԶԵԿՈւՅՑ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պետական ոտնձգության իրավական հետևանքները

2025 թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ արեց կազմակերպել «մեծ հանդիպում» Էջմիածնում՝ Սուրբ Գեղարդի հրապարակում` ակնարկելով հնարավոր զանգվածային ներխուժման մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և կաթողիկոսական դիվան (վեհարան)։ Վարչապետի այս հայտարարությունը, ինչպես նաև շրջանառվող տեղեկությունները կաթողիկոսական նստավայրի բռնի զավթման և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու ծրագրերի մասին, աղաղակող սահմանազանցում են` հակասահմանադրական բռնարարք և սրբապղծություն հոգևոր սրբավայրի նկատմամբ։ Այս քայլին իրավական գնահատական տալու անհրաժեշտությամբ է պայմանավորված այս զեկույցը։

1. Սահմանադրական, իրավական և բարոյական «կարմիր գիծ»

Հայաստանի Սահմանադրությունն անսակարկ երաշխավորում է խղճի ազատությունը և կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ամրագրելով եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը։ Առավել ևս, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունն ու ինքնուրույն դերը հայ ժողովրդի կյանքում։ Կարևոր է ընդգծել, որ Հայոց Եկեղեցու հայրապետի ընտրությունը և նրա լիազորությունների դադարման կարգը հանդիսանում են բացառապես եկեղեցական կանոնական գործընթացներ. որևէ պետական մարմին իրավասու չէ միջամտելու եկեղեցու ներքին որոշումներին։ Նույնը սահմանվել է նաև ՀՀ օրենսդրությամբ. օրինակ, 2007 թ. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը հստակեցրել է, որ պետությունը չպետք է խոչընդոտի Եկեղեցու առաքելության իրականացմանը։

Հայաստանը հավատարիմ է մի շարք միջազգային պայմանագրերի, որոնցով վերահաստատվել է կրոնական կազմակերպությունների ինքնավարության գաղափարը։ Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը և ՄԱԿ-ի Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածը երաշխավորում են յուրաքանչյուրի՝ իր հավատքը ազատորեն դավանելու իրավունքը` անհատապես և համայնքի կազմում՝ առանց պետության անհարկի միջամտության։ Ինչպես շեշտել է Եվրոպական դատարանը, հավատացյալների կրոնական ազատության իրավունքը ենթադրում է ակնկալել, որ իրենց համայնքը կարող է գործել խաղաղ և առանց կամայական միջամտության պետության կողմից, իսկ կրոնական համայնքների ինքնավար գոյությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական հասարակության բազմակարծության համար։ Դատարանի կարծիքով՝ եթե համայնքի կազմակերպչական կյանքը չպաշտպանվեր, ապա անհատի կրոնական ազատությունը կդառնար խոցելի։

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1981 թ. «Հավատի կամ կրոնի հիմքով անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» հռչակագրի 6-րդ հոդվածի (հ) կետը բացահայտ սահմանում է, որ կրոնի կամ համոզմունքի ազատությունը ներառում է համայնքի իրավունքը «պատրաստելու, նշանակելու, ընտրելու կամ ժառանգաբար տրամադրելու համապատասխան ղեկավարներ, ինչպես պահանջվում է տվյալ կրոնի կամ համոզմունքի կանոններով»։ Նման դրույթներ ամրագրված են նաև ԵԱՀԿ-ի 1989 թ. Վիեննայի ավարտական փաստաթղթում, ըստ որի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել կրոնական համայնքների իրավունքը ինքնակազմակերպվելու իրենց աստիճանակարգային կառուցվածքի համաձայն և ազատորեն ընտրելու, նշանակելու կամ փոխարինելու իրենց հոգևոր առաջնորդներին ու սպասավորներին՝ իրենց ներքին կանոնների համաձայն։

Այս նորմերը միջազգային մակարդակում ընդգծում են, որ պետությունը չպետք է միջամտի կրոնական կազմակերպությունների զուտ ներքին խնդիրներին, հատկապես առաջնորդների ընտրության կամ փոփոխության հարցերում։ ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների հարցերով կոմիտեի թիվ 22 ընդհանուր մեկնաբանության 4-րդ կետում նույնպես ընդգծվում է, որ կրոնի դրսևորման ազատությունը ներառում է կրոնական խմբերի՝ իրենց ներքին գործերը վարելու արարքները, այդ թվում՝ «իրենց կրոնական առաջնորդներին, հոգևորականներին և ուսուցիչներին ընտրելու ազատությունը»։ Սա նշանակում է, որ հոգևոր առաջնորդի նշանակումն ու փոփոխությունը կրոնական ազատության հիմքում ընկած անքակտելի իրավունք է, և դրանց վրա պետական ցանկացած ճնշում կոպտորեն խախտում է այդ ազատությունը։

Վարչապետի հռետորաբանությունը և ենթադրյալ գործողությունները հատում են նաև իրավական «կարմիր գիծը» ներպետական մակարդակում։ Բռնի ներխուժումն Մայր Աթոռի տարածք կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հարկադրանքով լիազորություններից զրկելը ոչ միայն խորապես հակասում են Սահմանադրությանը, այլև հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով։ Մասնավորապես, նման գործողությունները կարող են որակվել որպես խուլիգանական վարք և հասարակական կարգի կոպիտ խախտում (ՀՀ ՔՕ 258-րդ հոդված), որպես պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողի նկատմամբ ոտնձգություն կամ զավթման փորձ (ՀՀ ՔՕ 265-րդ հոդված) և որպես պաշտոնեական լիազորությունների ակնհայտ չարաշահում կամ գերազանցում (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված)՝ վերջինս հատկապես վերաբերում է պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իշխանազանց գործողություններին։

Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը հենց ամրագրում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պատասխանատվություն՝ այն դեպքերում, երբ պաշտոնյան կատարում է ակնհայտ ապօրինի գործողություններ՝ անձնական կամ խմբային շահերով։ Այսպիսով, վարչապետի կողմից ուժի կիրառմամբ եկեղեցու առաջնորդին պաշտոնանկ անելուն կոչերը կարող են դիտարկվել նաև որպես առերևույթ հանցավոր արարքներ, որոնք վտանգում են սահմանադրական կարգը։

2. Վտանգավոր նախադեպ և դրա հետևանքները

Պետական իշխանությունը, փորձելով «գլխատել» եկեղեցու ինստիտուտը, ըստ էության թիրախավորում է հայ ինքնության վերջին անդրդվելի սյունը։ Նման քայլը ստեղծում է ծայրահեղ վտանգավոր նախադեպ, որը կարող է ունենալ հետևյալ կործանարար հետևանքները.

Հանրային բևեռացման խորացում և ներքին անկայունություն: Եկեղեցու դեմ ուժային գործողություն նախաձեռնելը անխուսափելիորեն բզկտելու է հասարակությանը։ Այն սպառնում է բազմապատկել արդեն գոյություն ունեցող հանրային բևեռացվածությունը՝ առաջ բերելով լարվածություն հավատացյալների և իշխանության կողմնակիցների միջև, ինչը կարող է վերաճել անմիջական բախումների։ Պետության ղեկավարի կողմից սեփական ժողովրդի մեծամասնության սրբավայրը հարձակման թիրախ դարձնելը լրջորեն վտանգում է քաղաքացիական համերաշխությունը և կարող է առաջացնել աննախադեպ խորք ունեցող ճգնաժամ հասարակության ներսում։

Հայաստանի միջազգային վարկի արատավորում և իրավական պատասխանատվություն: Կրոնական հաստատության դեմ նման ոտնձգությունը կործանարար կերպով կվնասի Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում։ Ժամանակակից աշխարհում պետական իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումները դիտվում են որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Հավատքի ազատության շրջանակում եկեղեցու ինքնավարության դեմ բռնի միջամտությունը միջազգային հանրության աչքում կնույնացվի կրոնական հաստատությունների թիրախավորման հետ՝ դնելով Հայաստանը մեկ շարքում այն պետությունների հետ, որոնք ոտնահարում են կրոնական ազատությունները։ Ավելին, Հայաստանը կարող է բախվել միջազգային իրավապաշտպան կառույցների քննադատություններին և անգամ իրավական հետևանքների. օրինակ, կարող են առաջանալ հիմքեր երկրի դեմ դիմումներ ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ՝ կրոնական ազատության խախտման հատկանիշներով։

Պատմամշակութային ժառանգության և սրբավայրերի վտանգում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև համամարդկային մշակութային արժեք։ Էջմիածնի Մայր Տաճարը և հարակից սրբավայրերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և կազմում են հայ ժողովրդի ավելի քան 1700 տարվա հոգևոր և ազգային ինքնության մաս։ Այդ սրբավայրն ուժի կիրառմամբ «քաղաքական կռվի դաշտի» վերածելը հղի է ոչ միայն հավատացյալ ժողովրդի հոգևոր զգացմունքների վիրավորանքով, այլև համաշխարհային մշակույթի կոթողների հնարավոր խաթարման վտանգով։ Ցանկացած բռնի գործողություն այդ տարածքում կարող է հանգեցնել պատմական կոթողների, թանգարանային արժեքների ու սրբությունների վնասման կամ ոչնչացման, ինչը կլինի անուղղելի հարված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությանը։ Միևնույն ժամանակ, մշակութային ժառանգության դիտավորությամբ վնասումը նաև քրեորեն պատժելի արարք է միջազգային իրավունքի տեսանկյունից (օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիաների ներքո)։

3. Մեր անշեղ դատապարտումը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ամենայն վճռականությամբ հայտնում է իր դատապարտումն ու կանխազգուշացնող դիրքորոշումը.

Մենք խստագույնս դատապարտում ենք վարչապետի ցանկացած հրապարակային կոչ կամ գործողություն, որը ենթադրում է ուժային ներգործությամբ կամ զանգվածային ճնշման միջոցով Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազորությունների դադարեցում։ Եկեղեցու առաջնորդի պարտադրված հեռացումը կոպտորեն խախտում է ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավունքը՝ այն մասով, որ պետական իշխանությանը արգելված է միջամտել կրոնական համայնքների ներքին կյանքի ու առաջնորդության հարցերին։ Եվրոպական դատարանի պրակտիկայում նույնպես հաստատվել է, որ պետական մարմինների կողմից եկեղեցական առաջնորդների փոխարինումը կամ եկեղեցու «սպասավորների» նշանակումներն ուղղորդելը հանդիսանում են անթույլատրելի միջամտություն կրոնական համայնքի ինքնավար կյանքին։ Օրինակ՝ «Գերագույն հոգևոր խորհուրդ ընդդեմ Բուլղարիայի» գործով (2005 թ.) Դատարանը արձանագրել է, որ պետության կողմից պաշտոնական փոփոխություններ պարտադրելը կրոնական կառույցի ղեկավարության մեջ խախտել է ԵԿՀԿ 9-րդ հոդվածով պաշտպանվող ազատությունը։ Նման ցանկացած փորձ մեր իրականությունում մենք կանխորոշում ենք որպես խստագույն դատապարտման ենթակա։

Մայր Աթոռի նկատմամբ բռնությունը՝ որպես ազգային անվտանգության դեմ արարք: Նախազգուշացնում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ցանկացած ապօրինի ներխուժում կամ զավթման փորձ կդիտարկվի ոչ միայն որպես խուլիգանական կամ հրահրողական գործողություն, այլև որպես հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքի դիտավորյալ ոտնահարում և ազգային անվտանգության դեմ ուղղված արարք։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ազգի ինքնության, հավատքի և գոյատևման հիմնասյունը, ուստի դրա ղեկավարը բռնի կերպով հեռացնելու կամ Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք ներխուժելու փորձը հավասարազոր է հարձակման հայոց ազգային ինքնության հիմքերի վրա։ Հիշեցնենք, որ անգամ խորհրդային տոտալիտար իշխանության տարիներին նման բացահայտ գործողություն՝ ուղղված Վեհափառ Հայրապետի պաշտոնանկությանը ժողովրդական «միտինգով», չի արձանագրվել, և 21-րդ դարում ժողովրդավարական երկիր համարվող Հայաստանում այդպիսի սրբապղծությունը առավելևս անընդունելի է։

Պահանջ վարչապետին՝ դադարեցնել հռետորաբանությունը և ներողություն խնդրել: Պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից անհապաղ և հրապարակավ հրաժարվել եկեղեցու հասցեին հնչեցրած անթույլատրելի հռետորաբանությունից, դադարեցնել ցանկացած քայլ, որը կարող է ընկալվել որպես միջամտություն եկեղեցու ինքնիշխան գործերին, և հանդես բերել նվազագույն քաղաքական ողջախոհություն՝ ներողություն հայցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, նրա հոգևոր առաջնորդից և աշխարհի հավատացյալ հայ ժողովրդից այս ամոթալի և խայտառակ իրավիճակի համար։ Այս պահանջը բխում է ոչ միայն մեր ազգային արժանապատվությունից, այլև ՀՀ Սահմանադրությամբ վարչապետի ստանձնած պարտավորություններից՝ հարգել երկրի օրենքներն ու բարոյական նորմերը։ Պետության ղեկավարի ոչ սթափ ու ապակառուցողական հայտարարությունները ենթակա են իրավաքաղաքական գնահատականի, և անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովը պետք է կիրառի սահմանադրական պատասխանատվության մեխանիզմները վարչապետի նկատմամբ՝ պաշտպանելու համար սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը։

4. Կոչեր և հրատապ քայլեր

Մենք դիմում ենք հետևյալ հասցեատերերին՝ կանխելու իրավիճակի հետագա լարվածությունը ու օրենքի գերակայության հաստատումը.

ՀՀ իրավապահ մարմիններին

Կոչ ենք անում ՀՀ իրավապահ կառույցներին (ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն և այլ իրավապահ մարմիններ) ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամբողջական անվտանգության ապահովման համար։ Պետական մարմինները պարտավոր են կանխել ցանկացած առերևույթ ապօրինի հավաք, ներխուժում կամ զանգվածային անկարգություն, որ ծրագրավորվում է Մայր Աթոռի տարածքում։ Հայաստանի օրենքները և միջազգային պարտավորությունները (օրինակ՝ ԵԱՀԿ մարդկային չափման հանձնառությունները) պարտադրում են իշխանություններին ապահովել կրոնական սրբավայրերի պաշտպանությունը և հավատացյալների խաղաղ երկրպագության իրավունքը։ Հետևաբար, իրավապահները պիտի կանխեն թշնամանքի սրմանը միտված ցանկացած սադրանք և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն այն անձանց, ովքեր կձեռնարկեն ոտնձգություններ եկեղեցու և հավատացյալ ժողովրդի դեմ։

ՀՀ Ազգային ժողովին

Առանձնակի հրատապությամբ դիմում ենք ՀՀ օրենսդիրներին՝ քննարկելու վարչապետի կողմից արվող նման հայտարարությունների իրավական և քաղաքական հետևանքները։ Ազգային ժողովը, որպես ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմին, պետք է գնահատական տա՝ արդյոք վարչապետի կոչերը համատեղելի են նրա սահմանադրական լիազորությունների հետ։ Անհրաժեշտության դեպքում, Խորհրդարանը պետք է նախաձեռնի սահմանադրական գործընթացներ՝ վարչապետի պատասխանատվության ենթարկման համար (ինչպես դա նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ վարչապետի նկատմամբ՝ պատշաճ վարքագծից շեղման դեպքում)։ Պետական իշխանության ճյուղերի միջև պետք է գործի զսպման և հակակշռման մեխանիզմը. չպետք է թույլ տալ, որ իշխանության մեկ ճյուղի ղեկավարի ապօրինի նախաձեռնությունները խարխլեն սահմանադրական կարգը։

Միջազգային քրիստոնեական, իրավապաշտպան և դիվանագիտական կառույցներին

Հորդորում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ քրիստոնեական Եկեղեցիների համաշխարհային խորհուրդին, Վատիկանին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին (Human Rights Watch, Amnesty International և այլք), ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ձեռնարկել անհապաղ դիտորդական և կանխարգելիչ քայլեր։ Պետք է բաձրացվի այս խնդիրը միջազգային հարթակներում՝ կանխելու համար Հայաստանում կրոնական ազատության դեմ ձևավորվող վտանգավոր նախադեպը։ Մենք հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը այն փաստին, որ Հայաստանում վտանգված է պատմական ազգային եկեղեցու անկախությունը և հավատացյալների հիմնարար իրավունքները։ Հատկապես ընդգծում ենք, որ միջազգային իրավունքում հաստատված է պետության չեզոքության ու հանդուրժողականության պարտականությունը կրոնական հարցերում, և մեր համոզմամբ միջազգային գործընկերները պետք է դատապարտեն ցանկացած ոտնձգություն, որը հակասում է այս սկզբունքներին։ Արդեն իսկ միջազգային փորձագետներն ու իրավապաշտպաններն ահազանգում են, որ Հայաստանի կառավարության գործողությունները հակասում են ինչպես Հայաստանի Սահմանադրության պահանջներին, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերին։ Անհրաժեշտ է, որ այս հարցը մշտադիտարկվի և դրա զարգացումները հաղորդվեն միջազգային կառույցներին, որպեսզի կանխվի ամենավատ սցենարը։

Հայ ժողովրդի հավատավոր զավակներին՝ հայրենիքում և սփյուռքում

Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին պահպանել զգոնությունը և սառնասրտությունը այս լարված իրավիճակում։ Չտրվել սադրանքներին, չթույլատրել հուզական քայլեր, որոնք կարող են հարուցել բռնություն։ Միաժամանակ, կոչ ենք անում լինել պատրաստ՝ միասնական և կազմակերպված կերպով  պաշտպանելու մեր Եկեղեցու սրբավայրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, բացառապես խաղաղ, օրինական և արժանապատիվ միջոցներով։ Մեր պայքարը պետք է լինի հանուն արդարության։ Յուրաքանչյուր հայի պարտքն է այս ծանր ժամանակներում կանգնել իր Եկեղեցու և հավատքի կողքին, ինչպես մենք դա արել ենք մեր պատմության դժվարագույն փուլերում։ Մեր միասնական, բայց խաղաղ դիմադրությունը կլինի լավագույն պատասխանն այն ուժերին, ովքեր փորձում են պառակտել մեզ։

Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի է, երբ 21-րդ դարում պետության ղեկավարը թույլ է տալիս իրեն ատելության ու բռնության բառապաշարով սպառնալ այն հաստատությանը, որը ավելի քան 1700 տարի եղել է հայության հոգևոր ամրոցը և ազգային գոյության ամենավստահելի երաշխիքը։ Եթե իշխանության համար «կարմիր գիծը» ընդամենը խոսքեր են, ապա մեզ համար այն ուխտ է՝ պահպանելու մեր հավատը և մեր սրբազան Եկեղեցու անկախությունը:

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031