Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվից Ուկրաինային սպառազինության մատակարարման գործարքն ապացուցված է

Հուլիս 21,2025 14:00

Հուլիսի 9-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանից մատակարարումների մասին հաղորդումները, նշել էր, թե` «Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ ցանկացած տեղեկություն մանրակրկիտ ստուգվում է»։

Նկատենք, որ ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքներում «Ուկրսպեցէքսպորտ»-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրերի մասին ուկրաինական դատարանի որոշման վերաբերյալ որոշ տեղեկություններ էին հայտնվել։ Հայտնի էր դարձել, որ պայմանագրերը կնքվել են Ռուսաստանի «Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո։ Ահա այս լուրերը հիմք ընդունելով՝ լրագրողը հարց էր ուղղել Զախարովային:

«Ես չեմ կարող հիմք ընդունել տելեգրամյան ինչ-որ ալիքների, որոնք ինչ–որ բան են նկարագրում Ուկրաինայում։ Ես ընդհանուր կասեմ՝ առանց որևէ երկրի անուն տալու։ Անկախ նրանից, թե պետական ​​​​մակարդակով որ երկրի, պետության կամ մասնավոր բիզնեսի մասին է խոսքը, Կիևի ահաբեկչական ռեժիմը քաջատեղյակ է այդ հարցում մեր դիրքորոշման մասին։ Դրան վերաբերող ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ այս հաղորդումները, մանրակրկիտ ստուգվում են», – ասել էր Զախարովան։

Նրա խոսքով` եթե խոսքը ոչ բարեկամական ռեժիմների մասին է, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է։ Եթե ​​խոսքը այն երկրների մասին է, որոնց հետ Ռուսաստանը վստահելի երկխոսություն է վարում և որոնց հետ դաշնակցային հարաբերություններ ունի, բնականաբար` Մոսկվան հնչեցնում և քննարկում է հարցը։ «Տեղեկացնում ենք նրանց, ստանում ենք բացատրություններ, հերքումներ կամ աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ վնասը (իսկ դա վնաս է ոչ միայն մեզ, այլ նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը) նվազագույնի հասցվի», – նշել էր Զախարովան։ Նա նաև հավելել էր, որ Կիևի ռեժիմին զենք մատակարարելը «ահաբեկիչներին գդալով կերակրելուն» է նման։

Արտակարգ լիազոր դեսպան, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ԱԱԾ տնօրեն Դավիթ Շահնազարյանն անցյալ շաբաթ «Նոյյան Տապան»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու թեմային, կոնկրետ վերոնշյալ ճեպազրույցում Զախարովային ուղղված լրագրողի հարցին ու նրա պատասխանին։

Դավիթ Շահնազարյանը մասնավորապես նշել էր. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, եթե ՌԴ ԱԳՆ-ն չունի ապացույցներ, ապա ես պատրաստ եմ նրանց տրամադրել այդ մատակարարումների փաստաթղթային ապացույցները, եթե դիմեն: Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենքով մատակարարելու այդ մեկ գործարքը ուշագրավ է նրանով, թե երբ է այն սկսվել: 2022թ. փետրվարի 22-ին Մոսկվան և Բաքուն ստորագրել են «Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը»:

Դրանից բառացիորեն 2 օր հետո` փետրվարի 24-ին, Ռուսաստանը Ուկրաինա ներխուժմամբ սկսեց` СВО-ն «Հատուկ ռազմական գործողությունը»: Իսկ 2022թ. ապրիլին սկսվել են Ադրբեջանի կողմից մատակարարումները Ուկրաինային»:

Aravot.am-ը դիմեց պարոն Շահնազարյանին` խնդրանքով, տրամադրել Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման փաստերն ապացուցող փաստաթուղթը, որը և նա մեզ տրամադրեց: Խոսքը վերաբերում է ուկրաինական դատարանի որոշմանը , որին առցանց կարող է ծանոթանալ ցանկացած հետաքրքրվող:

Միլիոնավոր դոլարների պայմանագրի իրավական նախապատմությունը

2023թ. դեկտեմբերի 4-ին Կիևի տնտեսական դատարանը մասնակիորեն բավարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայցը պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերության դեմ՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ուշացման գործով։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության և մատակարարի միջև պայմանագրի գումարը կազմել է 6,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Մատակարարումը կատարվել է ադրբեջանական Jihaz ընկերության անունից։ Նկատենք, որ 2011թ. գարնանը Բաքվում կայացել է Ռազմական արդյունաբերության նախարարության «Ջիխազ» արտադրական միավորման վերակառուցված գործարանի բացման արարողությունը։ Այս տեղեկությունը զետեղված է` Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Wikipedia-ի էջում:

Այսինքն, Ադրբեջանի գործադիր իշխանության մարմինը` Ռազմական արդյունաբերության նախարարությունը, որը պատասխանատու է երկրի ռազմական արդյունաբերության, արտադրության, բաշխման և սպասարկման համար, նաև այս ընկերության միջոցով է իրականացրել ռազմական տեխնիկայի արտադրություն և արդիականացում:

Այսպես, ուկրաինական դատարանի որոշումից պարզ է դառնում, որ պայմանագրի պայմանների համաձայն՝ մատակարարման յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետք է հաշվարկվեր 0,1% տույժ մատակարարվելիք ապրանքի արժեքից, իսկ 30 օրվանից ավելի ուշացման դեպքում՝ հավելյալ 7% տուգանք։

Ուկրաինական դատարանը պարզել է, որ ուշացումը կազմել է գրեթե չորս ամիս, և մասնակիորեն բավարարել է պաշտպանության նախարարության պահանջները՝ վճռելով բռնագանձել․

  • տույժ՝ 9 525 248,35 գրիվնա (մոտ 261 000 ԱՄՆ դոլար),
  • տուգանք՝ 5 424 024,46 գրիվնա (մոտ 148 500 ԱՄՆ դոլար),
  • դատական ծախսեր՝ 415 257,58 գրիվնա (մոտ 11 400 ԱՄՆ դոլար)։

Ընդհանուր գումարը՝ ավելի քան 15,3 միլիոն գրիվնա, կամ շուրջ 420 000 ԱՄՆ դոլար։ Դատարանը հաշվի է առել պատասխանողի հիմնավորումները և 46%-ով նվազեցրել է ընդհանուր տույժերի չափը՝ վկայակոչելով «արտառոց հանգամանքների» առկայությունը։

Հատկապես կարևոր է՝ դատական որոշման ընդունման պահին Ուկրաինան արդեն ստացել էր 4990 միավոր ռազմական նշանակության արտադրանք՝ ըստ նույն պայմանագրի։ Սա վկայում է ոչ թե մատակարարման մտադրության, այլ՝ իրական մատակարարման փաստի, որը ֆիքսված է դատարանի փաստաթղթերում։

Ի՞նչ է ստացվում… 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումից մեկուկես ամիս անց սկսվել են Ադրբեջանից Ուկրաինա զենքի մատակարարումները՝ ինչպես արձանագրված է ուկրաինական դատարանի որոշման մեջ։ Այլ կերպ ասած`ռուս-ադրբեջանական հռչակագրի վրա դեռ չէր հասցրել չորանալ Ալիևի ստորագրությունը, դրանից գրեթե անմիջապես հետո Բաքուն սկսել է գործողություններ, որոնք ուղղակիորեն հակասում են Մոսկվա-Բաքու հռչակագրի ոգուն, տառին և բովանդակությանը։

Կրեմլում գիտե՞ն ու լռո՞ւմ են… Որովհետև «խորհրդավոր» լռությունը` գիտակցված քաղաքական որոշում է

Այսպես, դատական գործը վերաբերում է 6,4 միլիոն դոլարի մեկ պայմանագրի։ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու փաստը։ Ռուսաստանն իր հերթին որևէ հրապարակային քայլ չի ձեռնարկել այդ մատակարարումներին արձագանքելու համար:

Մի՞թե ՌԴ հետախուզական ծառայությունները չգիտեին այդ մասին… Վստահաբար գիտեին, սակայն Մոսկվան նախընտրել է չարձագանքել, չդատապարտել Բաքվի գործողությունները:

Հետևաբար, մնում է եզրակացնել, որ Մոսկվայի լռությունը գիտակցված քաղաքական որոշում է։ Կրեմլի քաղաքականությունը կրկնակի ստանդարտների և անտարբերության քաղաքականություն է։ Ինչո՞ւ։ Ռուսաստանը, ըստ ամենայնի, վախենում է Ադրբեջանին ամբողջությամբ կորցնել, հատկապես Հայաստանի վրա ազդեցությունը որոշակիորեն կորցնելուց հետո։

Իսկ ի՞նչ կնշանակեր, եթե Մոսկվան հրապարակայնորեն արձանագրեր, որ Ալիևի հետ «Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր» ստորագրելուց հետո բացահայտել է, որ Ադրբեջանը զինում է Ուկրաինային: Դա կնշանակեր մեկ բան` հրապարակայնորեն ընդունել Կրեմլի դիվանագիտության ու արտաքին քաղաքականության տոտալ ձախողումը։

Այստեղից ևս մեկ եզրակացություն. Կրեմլում նախընտրում են «փրկել» Ադրբեջանի հետ «դաշինքը», նույնիսկ եթե դաշնակիցը զինում է Ռուսաստանի «թշնամուն»։ Իսկ գուցե սա միակ գործարքը չէ՞…

Արդյունքում ի՞նչ ունենք… Ռուսաստանը պնդում է, թե` «սրբազան պայքար է մղում Արևմուտքի դեմ», բայց ստացվում է, որ նույնիսկ Ռուսաստանի տարածաշրջանային դաշնակիցներն են զենք մատակարարում Ուկրաինային ու դա իրականացնում են Մոսկվայի համառ լռության ներքո։

Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախում 3-րդ անգամ անցկացված Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին, թե` «որպես հաղթող ազգի ներկայացուցիչ, ի՞նչ խորհուրդ կտայիք Ուկրաինային և ուկրաինացիներին», պատասխանել է. «Երբեք մի համաձայնվեք օկուպացիային»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031