2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։
Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:
Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները:
Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքներն ինչպես կին մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության, մեդիայի ազատության, բազմակարծության, լրագրողների անվտանգության, հավաքների ազատության, անհամաչափ ուժի կիրառման, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:
Կարդացեք նաև
Այսպես, զեկույցի` «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են այն ՄԻՊ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ առցանց հարձակումների և ատելության խոսքի դրսևորումներ են գրանցվել Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի ՄԻՊ հաստատությունների պարագայում, իսկ Խորվաթիայի, Մոնտենեգրոյի և Լեհաստանի ՄԻՊ-երը ստացել են իրենց ուղղված գրավոր սպառնալիքներ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան