«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԷՑ ղեկավար կազմի՝ մնալու-գնալու հետ կապված Դավիթ Ղազինյանի հայտարարություններին։
Լրագրողների դիտարկմանը՝ յոթ տարի անց նո՞ր եք հիշում ՀԷՑ-ը, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց․ «Ե՞րբ հիշեինք, միգուցե Ձե՞զ հարցնեինք՝ ում, երբ հիշենք»։ Լրագրողի դիտարկմանը՝ թե՞ որոշեցիք ՀԷՑ-ը հիշել Սամվել Կարապետյանի «մեր ձևով» հայտարարությունից հետո, Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Գործընթացը սկսել է դեռևս ամիսներ առաջ՝ գրեթե մեկ տարի առաջ ԱԺ լսումներով։ Սեփականատերերը, վերջնարդյունքը կանխազգալով, գործընթացները տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ՝ մասնագիտական այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։
Հարցին՝ որ ասում եք՝ Դավիթ Ղազինյանը ձև չի ունենալու մնալու, դա ո՞նց է լինելու, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Այս պահին ինքն ի պաշտոնե իմ ենթական է։ Իր՝ ժ/պ-ի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը։ Իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը տվել է՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, բայց հանդես էր գալիս որպես ժ/պ։ Ինքն այդ պահին այլևս ժ/պ չէր»։
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց՝ զանգվածային ազատումներ չեն նախատեսվում ու շեշտեց․ «Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում։ Կոնկրետ անձինք, որոնք իրենց կառավարման, ղեկավարման արդյունքում ՀԷՑ ՓԲԸ-ն, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի և 1,1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Բայց մասնագետները, էներգետիկ համակարգի այն վաստակավոր գործընկերները, որոնք պիտի ապահովեն ՀԷՑ-ի անխափան աշխատանքը, մեր հանրապետությանն ապահովեն էլեկտրամատակարարման աշխատանքը, մենք հարգում ենք իրենց աշխատանքը ու հորդորում իրենց աշխատանքն իրականացնել պատշաճ, պաշտոնի անձնագրերին համապատասխան»։
Կարդացեք նաև
Լրագրողերի հետ ճեպազրույցում Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «ձև չունի մնալու», ասաց․ «Այսօր որոշել էր իմ ազգանվան, անունի վրա երևի ինքնահաստատվե՞լ։ Ես ասել եմ՝ մեր ձևը որն է։ Մեր ձևն ի բարօրություն մեր երեք միլիոն բնակչության և բաժանորդների է։ Համատեքստից կտրել ու իր ձևով մեկնաբանելը չեմ ուզում»։
Լրագրողները հիշեցրին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, թե ՀԷՑ-ը կառավարող մարմնի նկատմամբ վստահություն չկա, Դավիթ Ղազինյանն արձագանքեց․ «Թող ապացուցեն՝ ինչ է նշանակում անվստահություն։ Ես անձամբ իրեն, այս իշխանությանը չեմ վստահում։ Եթե մենք գնում ենք, կներեք, «բեսպրեդելի» տարբերակով, իհարկե, ամեն ինչ կարող են»։
Լրագրողների փաստմանը՝ Ռոմանոս Պետրոսյանը Դավիթ Ղազինյանին համարում է իր ենթական, նա պատասխանեց․ «Համարում է՝ Ղազինյանը վստահություն չունի։ Եկեք փողոցով շրջենք, տեսնենք՝ ո՞վ վստահություն չունի։ Էդ արտահայտությունը՝ իմ ենթական է․ կարող է իր երազանքն է եղել ինչ-որ պահի ինձ իր աշխատողը համարել։ Ես ինձ իր ենթական չեմ համարում»։
Ըստ Դավիթ Ղազինյանի՝ դիտարկելով այն, թե ինչեր է արել այս իշխանությունը, իրեն հեռացնելը շատ մանր բան է համարում․ «Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ