Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿ-ներում հիմնական մոտեցումը դեռեւս անձին իր արարքի համար պատժելն է». «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար

Հուլիս 21,2025 14:38

2025թ Հայաստանի ՔԿՀ-ներում արձանագրվել է 16 մահվան դեպք, ըստ պաշտոնական վարկածի՝ այդ մարդիկ ինքնասպան են եղել: Ինքնասպանության վերջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին Արմավիր ՔԿՀ-ում:

Նարե Հովհաննիսյան

Մեդիա կենտրոնում կայացած «Որքանո՞վ են մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանն ասաց, որ վերջին տարիներին պետության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում ոլորտի բարելավմանն ու զարգացմանը: Միեւնույն ժամանակ շեշտեց, որ ՔԿՀ-ները դեռեւս մարդակենտրոն լինելու տեսանկյունից խնդիրներ ունեն:

«Ցավոք, վերասոցիալականացման քաղաքականությունը դեռեւս կոնցեպտուալ եւ գաղափարական ընկալում չէ քրեակատարողական համակարգում: Երբ նման միտք ենք արտահայտում, ըստ էության՝ նկատի ունենք համակարգում ներգրաված յուրաքանչյուր անձի: Ցավոք, ներկայումս թյուր ընկալում կա, որ վերասոցիալականացման գործառույթը սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի կամ հասարակական կազմակերպությունների անելիքն է, բայց գիտենք, որ քրեակատարողական հիմնարկների համակարգն ունի մի շարք կառուցվածքներ՝ պահպանության ապահովում, անվտանգության ապահովում եւ այլն: ՔԿ-ներում հիմնական մոտեցումը դեռեւս անձին իր արարքի համար պատժելն է»,-ընդգծեց Նարե Հովհաննիսյանը:

Հովհաննես Ղուկասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանի խոսքով, ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները ցույց են տվել, որ 2024թ առկա է տույժերի եւ խրախուսանքի միջոցների ակնհայտ անհամեմատելի տարբերություն: «2024թ ունենք 2539 տույժ եւ 14 խրախուսանք: Այդ 2539 տույժից 1042-ը եղել է ամենախիստ կարգապահական տույժը՝ պատժախուց տեղափոխելը: Սա պայմանավորում ենք վերասոցիալականացման ծրագրերի ոչ արդյունավետ լինելով: Խրախուսանքի միջոցների այս ցածր ցուցանիշը արդեն տարիներ շարունակ նույն նշաձողի վրա է մնում: Պատժելը դեռեւս շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկների քաղաքականության հիմքում»,-ասաց Հովհաննես Ղուկասյանը:

Հավելեց, որ իրենց այցերի ընթացքում ուսումնասիրել են կարգապահական տույժերի որոշումները եւ տարբեր խնդիրներ են բացահայտել. «Օրինակ, շատ դեպքերում նույն արգելված իրը պահելու համար տարբեր անձանց նկատմամբ տարբեր ժամկետով կարգապահական տույժի միջոց՝ պատժախուց տեղափոխել է կիրառվել: Բջջային հեռախոս պահելու համար մի անձին 5 օրով են տեղափոխել, մեկ այլ անձի 10 օրով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որեւէ կերպ չի հիմնավորվում, թե ինչու մեկին 5 օրով, մյուսին՝ 10»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031