«Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի տնտեսվարման մեջ՝ այդ թվում հարգելով տնտեսվարողի շահերը»,-լրագրողների դիտարկմանը՝ պետությունը չի երաշխավորում, որ գոնե երկու տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Լրագրողների հիշեցմանը՝ Սամվել Կարապետյանը երաշխավորել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը առաջիկա 10 տարիների ընթացքում չի փոխվի, Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Հարգարժան սեփականատերն ինչպե՞ս կարող է 10 տարվա կանխատեսում անել, երբ վաղը չգիտենք՝ ինչ է տեղի ունենալու տարածաշրջանում, էներգետիկ, տեխնոլոգիական զարգացման գործում։ Գուցե երկու տարի հետո մի էնպիսի էներգետիկ ոլորտի գյուտ հայտնաբերենք կամ աշխարհը հայտնաբերի, որ սակագները կիսով չափ նվազե՞ն»։
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց՝ սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան․ «Որևէ մեքենայություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում հովանավորչություն չի լինելու։ Դա ես իմ լիազորությունների շրջանակում բացառելու եմ, և լիազորություններից շրջանակներում հաշվետու եմ ժողովրդի»։
Կարդացեք նաև
Նշենք, որ երբ Ռոմանոս Պետրոսյանը մուտք գործեց ՀԷՑ-ի շենք, թույլ չտվեց, որ լրագրողներն իրեն ուղեկցեն։ Լրագրողների դիտարկմանը՝ ուզում ենք տեսնել, թե ինչպես եք մուտք գործում, նա այսպես արձագանքեց․ «Պարտադիր չէ, որ տեսնեք, թե ինչ ձևով եմ ես մտնում, ես մտնում եմ հանուն ՀՀ-ի»։
Լրագրողների հետ զրույցում ՀԷՑ իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը նկատեց՝ Ռոմանոս Պետրոսյանը նորից չկարողացավ ֆիքսել, որ գոնե երկու տարի սակագինը չի բարձրանալու․ «Նախ միանշանակ մանիպուլացրեց։ Չգիտեմ՝ ինչից խոսեց, բայց ասաց, որ կարող է այնպիսի տեխնոլոգիական հայտնագործություն լինի, որ սակագինը իջնի։ Սամվել Կարապետյանը չի ասել, որ չի իջնելու, այլ հայտարարել է, որ չի բարձրանալու։ Համարյա պետբյուջեի չափ օրինական ֆինանսական միջոցներ ունեցող մարդուն ասում են՝ դու ինչպե՞ս կարող ես երաշխավորել, որ կբարձրանա սակագինը, թե՝ ոչ։ Այսինքն՝ գոնե տասը տարի չի բարձրացել, չէ՞»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Պարտադիր չէ, որ տեսնեք, թե ինչ ձևով եմ ես մտնում, ես մտնում եմ հանուն ՀՀ-ի»։
Ու այսպես, անընդհատ հիշեցնել է տալու իր մականունը։
Ոչ թե «հիշեցնել է տալու», այլ հիշել է տալու։