«Առավոտի» հարցերին պատասխանել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
–Պարոն Խզմալյան, օկուպացված Ստեփանակերտում անցկացված մեդիա ֆորումի ժամանակ ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը Ալիեւին ասել է, որ «ուկրաինացիները հիացմունքով են հետեւում Ադրբեջանին, որը կարողացավ ազատագրել իր հողերը օկուպացիայից»։ Սա միակ դեպքը չէ, երբ ուկրաինացիները հրապարակային հայտարարություններ են անում Ադրբեջանի օգտին։ Դուք հայաստանյան այն գործիչներից եք, որ մշտապես դատապարտել եք Ուկրաինայի դեմ ագրեսիան, հանդես եք եկել Ուկրաինայի պաշտպանությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ուկրաինացիներն ակնհայտ արդարացնում են Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ։
-Այո, ես այն մարդկանցից մեկն եմ, որ պատերազմի առաջին օրվանից Ուկրաինայի կողմն են անցել։ Ես ուզում եմ, որ դուք հստակ տեսնեք, որ ասելով Ուկրաինա կամ ուկրաինական լրագրող՝ մենք պետք է հիշենք, որ Մարգարիտա Սիմոնյանն էլ ընկալվում է որպես հայ լրագրող, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ հայ լրագրողը ներկայացնում է Հայաստանի շահերը, մոտեցումները կամ պետական դիրքորոշումը, երեւի չէ։
Այո, եւ Ուկրաինայում, եւ Վրաստանում, եւ Ռուսաստանում կան լրագրողներ, որոնք սիրում են սեւ խավիար կամ ադրբեջանական կաշառք։ Բայց ես հարց եմ տալիս, իսկ հայ լրագրողները, որոնք Մոսկվայում կամ Հայաստանում գործում են Հայաստանի դեմ, ինչո՞ւ են պաշտպանում Մոսկվայի շահերը, այլ ոչ թե Հայաստանի շահերը։ Դա է այն հարցը, որին մենք պետք է պատասխանենք։
Կարդացեք նաև
-Բայց նաեւ Ուկրաինայի իշխանություններն են Արցախի դեմ պատերազմից հետո պաշտոնապես հայտարարել, որ ճանաչում են Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականությունը»։ Այսինքն՝ պետական մակարդակով են սատարում հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։
-Այո, դա մեր դիվանագիտության խոշորագույն սխալն է, որովհետեւ նախ Ուկրաինան պաշտոնապես երբեք զենք չի վաճառել Ադրբեջանին։ Ֆոսֆորի պատմությունը, որը մեջտեղ բերվեց, դա ռուսական կեղծիք է։
Երկրորդ, Ուկրաինան պատերազմում է իր տարածքային ամբողջականության համար։ Բայց ինչո՞ւ է Հայաստանը թույլ տալիս, որ նման դեմագոգիա իրականացվի Ադրբեջանի կողմից, երբ Ալիեւը ողջունում է Ուկրաինային՝ որպես իր տարածքն ազատագրած մարդ։ Եվ ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի ասում, որ Ալիեւը մարդակեր է, որ ցեղասպանություն է իրականացրել եւ չի մեղադրում Ռուսաստանին։ Օգտվելով մեր իշխանությունների անողնաշար եւ ապաքաղաքական մոտեցումից, Ադրբեջանը հմտորեն օգտագործում է այս դրվագը։
Այո, տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի թույլ տեղն է, իրենք դրա համար կռվում են եւ հազարավոր զոհեր են տալիս։ Ինչո՞ւ Հայաստանը չի ասում, որ այստեղ ազգերի ինքնորոշման իրավունք կա, որովհետեւ Հայաստանը պաշտոնապես չի աջակցում արցախահայության ինքնորոշման իրավունքին։ Մենք հենց այս օրերին լսում ենք, որ վարչապետ Փաշինյանը փակում է Արցախի ներկայացուցչությունը Երեւանում, փոխանակ բացի այդ ներկայացուցչությունները եւ Հայաստանում, եւ Եվրամիությունում։
Այսինքն՝ սխալ դիվանագիտությունն ու քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ աշխարհը եւ Ուկրաինան անցնում են զավթիչի կողմը, որովհետեւ զավթիչն իրեն կարողանում է ներկայացնել որպես «իր հողն ազատագրող»։ Իսկ տուժած կողմը հիմա էլ վախենում է ասել ճշմարտությունը, որ չնեղանա Պուտինը, քանի որ ինչպես Փաշինյանը վերջերս ասաց՝ «ես հաց եմ կիսել ՌԴ նախագահի հետ, ո՞նց փակեմ ռուսական հեռուստաալիքները»։ Այ այսպես թեթեւ բացատրություններով մենք կրում ենք ոչ միայն տեղեկատվական, այլ նաեւ քաղաքական, աշխարհաքաղաքական պարտություն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ