Ստորագրահավաքը, որը կազմակերպվել էր Շիրակի մարզի հավատացյալների կողմից՝ ի բարոյական աջակցություն Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, 3000 ստորագրությամբ ուղարկվել է նրա շահերը պաշտպանող փաստաբանական խմբին, որն այն կներկայացնի դատարան։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Միքայել սրբազանի պաշտպան Թամարա Յայլոյանը, որը հավատացյալների խնդրանքով շարադրել էր հայտարարության տեքստը և որով պահանջում են դադարեցնել թեմի առաջնորդի նկատմամբ հալածանքները, նրան ազատ արձակել, քանի որ, ըստ տեքստում շարադրվածի՝ «Սրբազանը քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի. Սրբազանի կողմից հանրայնորեն հանդես գալը ստիպված, պարտադրված քայլ է եղել, քանի որ օրվա իշխանությունները աննախադեպ հարձակում էին սկսել ՀԱԵ-ի նկատմամբ: Սրբազանը հանդես է եկել ի պաշտպանություն մեր ազգային արժեքների, մեր պատմական հիշողության, մեր հավատքի: Այսօր նա հալածվում է, քանի որ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն, պաշտպանել է մեր հավատքը»:
Aravot.am-ի հետ զրույցում Թամարա Յայլոյանը դարձյալ կրկնեց այն միտքը, որ Միքայել սրբազանը հեղափոխություն կամ հեղաշրջում անող անձ չէ, նա ընդամենը կարծիք է հայտնել։
«Սրբազանը ցանկացած իշխանությունների օրոք իր կարծիքն է հայտնել որպես մարդ, իսկ կարծիք հայտնելու իրավունքը սահմանափակված չէ, այն երաշխավորված է և՛ Սահմանադրությամբ, և՛ միջազգային իրավունքի նորմերով։
Կարդացեք նաև
2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց նույն Փաշինյանի հետ կամենում էր հեղաշրջում կատարել, ցույցեր էին կազմակերպում լայնամասշտաբ, Օպերայի մոտ նստացույց էին հայտարարել, Միքայել սրբազանն առաջիններից մեկն էր, որ գնաց և նրանց իր աջակցությունը հայտնեց։ Նրանց հետ միասին վրաններում էր գտնվում։
Եթե չեմ սխալվում, հայտնում էին, թե այդ վրաններից զենքեր ու տարբեր տեսակի իրեր էին հայտնաբերել, ասում էին, թե պատրաստվել էին զինված հեղաշրջում անելու, բայց սրբազանը նաև այնտեղ էր՝ իր աջակցությունը հայտնելու։
Սրբազանը մասսայական՝ հեռուստատեսությամբ և մյուս լրատվամիջոցներով հայտնեց, որ հարգում է Լևոն-Տեր Պետրոսյանին՝ որպես իր դասախոսի, նրա գաղափարները կիսում է և սուր քննադատության ենթարկեց Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Այդ ընթացքում, որքան ես տեղեկացված եմ, Միքայել սրբազանը նաև գնացել է բանտ՝ այցելության Փաշինյանին՝ իր աջակցությունը հայտնելով նրան։
Ոչ մեկը՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ հետագայում Սերժ Սարգսյանը չհամարձակվեցին նրան իր արտահայտած կարծիքի համար ԱԱԾ-ի մեկուսարան տանել ու մեղադրանք առաջադրել՝ չնայած որ բավական սուր քննադատություններ էր հնչեցնում։
Նրանք ընդամենը պահանջել էին, որ Շիրակի մարզից հեռացնեին սրբազանին՝ որպես շատ հարգված ու հեղինակություն ունեցող անձի, սակայն քաղաքի հայտնի անձինք, հասարակական կազմակերպությունները ստորագրահավաք կազմակերպեցին, ուղարկեցին Վեհափառին, որպեսզի նա հանկարծ չտեղափոխի սրբազանին։ Եվ նա չտեղափոխեց, այդպիսի միտք չուներ էլ։ Ուզում էին այս ձևով սրբազանին պատժել, նրան երկրից տանել, տեղափոխել մեկ այլ երկիր՝ հոգևոր համայնքում ծառայության»,-ասում է փաստաբանը։
Ըստ նրա, Միքայել սրբազանն այդ ժամանակ քննադատել է, հրապարակ գնացել, սակայն երբեք մտավախություն չի ունեցել, որ սեփական կարծիք ունենալու համար իրեն կարող է որևիցե մեկը կալանավորել։
«Զարմանալի է, ասում են՝ մեր հասարակությունն ավելի դեմոկրատական է դարձել, բայց փաստն այն է, որ այն ժամանակվա ոչ դեմոկրատական հասարակությունում կառավարության դեմ դուրս եկած մարդուն չկալանավորեցին, իսկ դեմոկրատական հասարակությունում կալանավորեցին»,-նշում է Թամարա Յայլոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ