Լրահոս
Օրվա լրահոսը

«Շենգավիթ» հնավայրի տարածքում շատ կան ձեռակերտ փոսորակներով քարեր

Հուլիս 21,2025 17:53

Մեր մայրաքաղաքի կենտրոնում՝ Հրազդան գետի այն հատվածում, որտեղ Երևանյան լիճն է, ձախակողմում «Շենգավիթ» հնավայրն է, որն իր մեջ է առել մեր պատմության մի հատված՝ հասնելով Նոր քարե դար-Նեոլիթ, երբ մարդը քարե գործիքների հետ սկսեց օգտագործել նաև՝ ոսկորը, փայտը, կավը և հասավ պղնձին:

«Շենգավիթ» հնավայրի իսկական անվանումը հայտնի չէ, այսպես է կոչվում Երևանի համանուն թաղամասի տարածքում լինելու պատճառով։ Տեղի բնակիչները նույն քարե, փայտե, ոսկրե գործիքների շնորհիվ զբաղվել են խեցեգործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ և այլն:

Մեր երկիրը, լինելով բարենպաստ տարածք մարդկության զարգացման համար, նույնպես անցել է քարե դարաշրջանի տարբեր փուլերը, որից հետո օգտագործել արդեն մետաղը: «Շենգավիթ» հնավայրը՝ որպես այդ մշակույթի («Կուր-Արաքսյան, «Վաղ բրոնզի դար», «Վաղ-Անդրկովկասյան») լավ պահպանված բնակատեղի, գոյություն է ունեցել Ք. Ա. 4-րդ հազարամյակից, և այստեղ կյանքը շարունակվել է գրեթե 1000 տարի, այսինքն՝ Ք. Ա. 3-հազարամյակի սկիզբը: Եվ պատահական չէ՝ մշակույթը նաև կոչվում է «Շենգավիթյան»:

Մոտ 100 տարի առաջ է հայտնաբերվել հնավայրը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը ստեղծվել է 1968 թվականին, որի համար գիտական հիմք են հանդիսացել Շենգավիթ հնավայրը և այնտեղից հայտնաբերված գտածոները: Հնավայրում 1936-1938 թվականներին առաջինը հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ-արևելագետ, հայագետ, կովկասագետ Եվգենի Բայբուրդյանը (1998-1941թ․)։ Իր «Հնագույն մշակույթների հաջորդականությունը Հայաստանում՝ ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Սակայն տաղանդավոր ու հայրենասեր գիտնականին շուտով ձերբակալեցին որպես ազգայնամոլ, աքսորեցին Սիբիր, որտեղ էլ վախճանվել կամ գնդակահարվել է:

1958 թվականից Շենգավիթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թվականների ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը: 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Խորհրդային տարիներին հնավայրի կեսից ավելին օգտագործել են կառուցապատման և այլ նպատակներով:

Պեղումների արդյունքում բացվել է բնակատեղին՝ իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։ Հայտնաբերվել են քարե՝ վանակատից, կայծքարից, բազալտից, տուֆից, գետաքարից և այլն, ոսկորից գործիքներ՝ դանակներ, բրիչներ, մանգաղի միջուկներ, ասեղներ, կացիններ, մուրճ ու գուրզեր, նետասլաքներ, աղորիքներ՝ տարբեր տեսակների, իլիկի գլուխներ և այլն, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ խեցեղեն՝ ամբողջական ու բեկորային: Բոլոր բնակարաններում եղել են օջախներ՝ կողքին հավանական է՝ սեղան-քարեր: Ըստ հնագետ-ուսումնասիրողների՝ օջախները, որ ունեցել են տարբեր ձևեր, եղել են նաև պաշտպանիչ նշանակությամբ։

Հայտնաբերված շատ սանդերից փոքր չափերն օգտագործվել են սերմեր, արմատներ մանրացնելու համար։ Գտնվել են նաև այծի, ձիու, ցուլի, կնոջ և այլ արձանիկներ, ինչպես նաև սայլերի, օջախների մանրակերտներ՝ պատրաստված կավից։ Քիչ չեն նաև հիմնականում տուֆե սրբազան քարերը՝ կուռքերը, որոնց հիմնական մասը մարդու կերպարանքով է:

Հնավայրում կան նաև քարեր, հիմնականում գետաքարեր՝ ոչ մեծ չափերով, որոնք երևի վրիպել են այստեղ աշխատած հնագետ-ուսումնասիրողների աչքերից կամ այլ պատճառներով անտեսվել են: Այս քարերը հիմնականում ունեն կլորավուն տեսք, լավ մշակված են: Բոլորի վրա կան փոսորակներ, որ առաջին հայացքից թվում է՝ բնական են, սակայն դրանցից 2-ը, երբեմն այլ քանակով, առավել ցայտուն ու լավ են երևում: Որոշ քարեր մարդկային կերպարանքի են նման՝ 2 աչք և բերանը: Կան քարեր, որ նշված 2 փոսորակներն առավել ցայտուն են երևում, զգացվում է մարդու աշխատանքը: Որոշ քարեր, որ համեմատաբար ունեն ավելի մեծ մակերես, փոսորակներ ունեն 2 կողմում: Օրինակ, պայմանական թիվ 1 քարը ձվաձև է՝ 13x10x2 սմ չափերով: Մի երեսին ունի մոտ 10 փոսորակ, որոնցից 2-ը ցայտուն են, ունեն 6 մմ տրամագիծ և գրեթե նույնքան խորություն, մնացածը փոքր են: Մյուս երեսին շատ են փոսորակները՝ մոտ 20, բայց առավել ցայտուն է կենտրոնականը՝ 8մմ խորությամբ ու տրամագծով:

Պայմանական թիվ 2-ը մարդու դեմքի է նման, չափերն են՝ 12x10x1 սմ: Մի երեսին 2 ցայտուն փոսորակ կա, ներքին հատվածում տաշված է: Մյուս երեսին, ինչպես առաջինը, կան մի քանի փոսորակներ, որից կենտրոնինը նույնպես առավել ցայտուն է՝ 8մմ խորությամբ ու տրամագծով: 15x8x3,5 սմ չափերով քարի մի երեսին, իրարից 8 սմ հեռավորությամբ 2 փոսորակ են, դարձյալ 8 մմ խորությամբ ու տրամագծով: Մյուս երեսին, օրինաչափության համաձայն՝ վերին հատվածում 2, ներքևում 1 փոսորակներ են:

Հետաքրքիր տեսք ունի 12x4x3 սմ չափեր ունեցող քարը, որը, զգացվում է, լավ մշակված է, նման է ձկան: Մի երեսին 2, մյուսին 1 փոսորակներ են: 3 փոսորակ էլ ունի պայմանական փորի կողմում: 2 առավել փոքր չափերով (մոտ. 5x4x2 սմ) քարերի անվանել եմ «երկվորյակներ», իսկ 6x5x1,8 սմ չափեր ունեցողին՝ «ավագ եղբայր»: Նման են իրար. երեսներին 2-ական ցայտուն փոսորակներ՝ 3 մմ խորությամբ ու տրամագծով: Հետևի կողմում նույնպես ունեն ձեռագործ փոսորակներ: 4սմ տրամագծով և 1,5 սմ հաստությամբ փոքր քարն առավել մարդանման տեսք ունի: Վերին հատվածում 2 փոքր փոսորակներ են՝ աչքերը, ներքևում 1, 8 սմ տրամագծով փոս կա՝ բերանը:

Մարդու դեմքի նմանություն ունի նաև մեկ այլ 8x7x2 չափերով ձվաձև քար: Վերին հատվածում 2 փոսորակ ունի՝ 1 սմ տրամագծով և 0,5 սմ խորությամբ: Երեսն էլ՝ մշակված. Կենտրոնական մասը բարձր է: Սրանք նմանատիպ քարերի մի փոքր քանակն է պարունակում:

Հնավայրի տարածքում, իմ կարծիքով, շատ կան ձեռակերտ փոսորակներով քարեր: Հավանաբար եղել են բնակարանային կուռքեր կամ… գիտնականների խոսքն ու կարծիքն է կարևոր: Իմ նպատակն է՝ մասնագետներն ուշադրություն դարձնեն այս ուղղությամբ: Հնավայրի քարակույտերի մեջ կան նաև անցքեր ունեցող քարեր, որոնք ավելի մեծ են նշվածներից: Սրանց կիրառության մասին նույնպես պետք է ճշտվի:

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031