Երևանի մամուլի ակումբի ծննդյան 30-ամյակի օրը՝ 2025թ. հուլիսի 18-ին, «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում սահմանված Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄԱ նախագահ Արթուր Պապյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Էթիկական լրագրության մրցանակի» նպատակն է խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների և լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետևողական պահպանումը։
Կարդացեք նաև
Էթիկական լրագրության 2025 թվականի մրցանակակիրներն են՝
- Մարիա Թիթիզյանը, EVN Report առցանց լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր,
- Գեւորգ Թոսունյանը, «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող։
Մրցանակները հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և Factor TV-ի գործադիր տնօրեն, «Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2025 թվականի մրցանակակիր Արևիկ Սահակյանը։
Ի հիշատակ ԵՄԱ բազմամյա գործադիր տնօրեն Միխայիլ Դիլոյանի՝ ԵՄԱ-ն այս տարի սահմանել էր «Լրատվամիջոցի գործունեությունն արդյունավետ կառավարելու համար» անվանական մրցանակ, որը հանձնվեց «Հետք» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Բարսեղյանին։ Մրցանակը հանձնեց Միխայիլ Դիլոյանի այրին՝ Նաիրա Ավագյանը։
Շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՄԱ անդամներ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը, Երևանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը, ԵՄԱ պատվավոր փոխնախագահ Ավետ Դեմուրյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և այլք։
Երևանի մամուլի ակումբ