ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այն կարծիքին չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով՝ «հրահրում» է, որ իրեն հեռացնեն իշխանությունից, հակառակը, նա կարծում է, որ վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի երկրորդ անգամ վերարտադրվի։
Այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ ՀԷՑ սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ բարերար Սամվել Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտին՝ ասելով․ «Մենք գտնում ենք, որ ընդդիմադիր դաշտում որքան շատ լինեն կազմակերպված, ռեսուրս ունեցող, իրական պայքար տանող ուժեր, այնքան այսօրվա իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միջավայրն ավելի բարենպաստ կլինի։ Այս իմաստով, մենք խանդով չենք վերաբերվում, ոչ էլ չարությամբ, հակառակը՝ ողջունում ենք։ Ինչպիսի՞ համագործակցություն կլինի՝ կյանքը եւ ժամանակը ցույց կտան»։
Պատասխանելով վերջին շրջանի ռեպրեսիաներին վերաբերվող հարցին էլ, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ երկրում բոլոր դիմադրության օջախները վերացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովել «առաջիկայի անփորձանք զիջումները»։ Իշխան Սաղաթելյանը հավելում է՝ ընդդիմության նկատմամբ իր բռնաճնշումները լեգիտիմացնելու համար Փաշինյանը քաղաքական ուժերի եւ այրերի վրա ծանր մեղադրանքներ է դնում՝ ընդհուպ մինչեւ ահաբեկչություն, ինչը չի եղել։
Այդ ամենը, այդ թվում նաեւ ազգային ուժերի եւ ՀԱԵ դեմ Փաշինյանի պայքարը Սաղաթելյանը համարում է՝ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան պայմանավորվածությունների արդյունք, ինչն ամրագրված է Խաղաղության կոչվող պայմանագրով։
Կարդացեք նաև
Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման հարցին ի պատասխան էլ, բանախոսն ասաց, որ ծրագրի թիկունքում թուրք-ադրբեջանական տանդեմն է, որը նաեւ աջակցություն ունի միջազգային որոշ սուբյեկտների կողմից։
Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ դա հայ ժողովրդի շահերի դեմ գործընթաց է, այդ թվում՝ բարեկամ երկրների, մասնավորապես՝ Իրանի․ «Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը․ միանշանակ՝ ոչ, որովհետեւ արտատարածաշրջանային ուժերի մուտքը մեր տարածաշրջանը դարձնելու է անկայուն, նոր խնդիրներ է ստեղծելու։ Չորս տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, բայց փաստն այն է, որ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։
Պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, իսկ Իրանի սահմանին ամերիկյան ուժերի ներկայությունը հղի է շատ ծանր հետեւանքներով։ Ամեն կերպ պետք է դա կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ