«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
-Պարոն Սարգսյան, հայտնի դարձավ, որ քննարկվում է Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցը։ Ըստ հայտարարության՝ ամերիկյան կողմն է շահագրգռված այդ հարցով, ի՞նչ է իրականում կատարվում։
-Չնայած ասում են, քննարկումներ կան, առաջարկներ եղել են, բայց ինչքան ես գիտեմ, կողմերն իրենց դիրքորոշումները չեն փոխել։ Այն է՝ հայկական կողմը կարծես թե պահանջում է, որ նմանատիպ ռեժիմ գործի նաեւ Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ որպեսզի սուվերեն սկզբունքով դա լինի, իսկ Ադրբեջանը ժխտում է այդ ամենը։ Իսկ եթե կողմերը ժխտում են, արդեն անիմաստ է կոնկրետ խոսել այդ առաջարկի մասին։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա՝ ինչո՞ւ Թրամփը նման առաջարկ արեց նման կտրուկ ձեւով։ Կարող էր հանգիստ մի բան առաջարկել, բայց նա իր պոպուլիստական ոճով ասաց՝ լուծել եմ հարցը։ Ես չեմ կարծում, որ Թրամփն այդքան միամիտ մարդ է, որ կարծի, թե արագ համաձայնության են գալու։ Սա առաջին անգամ է, որ Միացյալ Նահանգները պարզ ծրագրով տարածաշրջանում նման հետաքրքրություն ցուցաբերեց։ Սա շատ ավելի էական հանգամանք է, այն էլ Իրանի սահմանին։ Սրանք արդեն գլոբալ խնդիրներ են, ես հենց այդ աչքով եմ նայում Թրամփի առաջարկին։
-Ի՞նչ է նշանակում դա, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն են առաջ մղվում ԱՄՆ կողմից, թե իրոք ԱՄՆ-ն այդքան հետաքրքրված է այս տարածաշրջանով։
Կարդացեք նաև
-Իհարկե, ԱՄՆ-ն շահագրգռված է եւ ինչ-որ փոփոխություններ է այստեղ մտցնում, անմիջական մասնակցություն է փորձում ունենալ։ Դա կարող է բացարձակապես չվերաբերել Հայաստանի տարածքին եւ այս խնդրին, սա ընդամենը առիթ էր, թեմա էր, որի միջոցով կարելի է կառուցել իր քաղաքականությունը։ Հիմա արդեն խոսում են այն մասին, որ Թրամփը պատրաստվում է Չինաստան գնալ, խոսում են, որ այն 50 օրը, որ Ռուսաստանին հատկացրեցին՝ Ուկրաինայի հետ կապված, նույնպես կապված է նրա հետ, որ Պուտինն էլ է ուզում գնալ Չինաստան։ Այսինքն՝ շատ մեծ խնդիրներ են, գլոբալ հարթության մեջ են շահերն ու առաջարկները։ Հիմա կարելի է ենթադրություններ անել, շատերն են տարբեր ենթադրություններ անում, բայց ես կարծում եմ, որ այս թեման ակտուալացնելը հիմնականում կապված է նման մեծ խնդիրների հետ։ Հիմա ժամանակին պետք է հետեւենք, տեսնենք՝ ինչ է ստացվում, որովհետեւ կարծել, թե ինչ-որ լոկալ հարցեր պետք է լուծվեն, միամտություն է։
-Ադրբեջանը չի ընդունում փոխադարձության սկզբունքը, օկուպացված Ստեփանակերտում մեդիա ֆորումի ժամանակ Ալիեւն ասաց, որ իրենց տարածքում ոչ արտաքին օպերատոր է լինելու, ոչ էլ վարձակալություն։ Նաեւ ասաց, որ ադրբեջանական բեռները եւ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի ադրբեջանցիներն անարգել անցնեն այդ ճանապարհով։ Այսինքն՝ Ադրբեջանը դիմադրում է այդ ձեր նշած գլոբալ ծրագրերին, եւ ինչ-որ հետեւանք կլինի՞ Ադրբեջանի համար։
-Ադրբեջանին այդ ճանապարհը պետք չէ, իրենք ճանապարհ ունեն, դեպի Թուրքիա կոմունիկացիա էլ ունեն, ամեն ինչ էլ ունեն։ Ադրբեջանին պետք է ներթափանցել Հայաստանի տարածք, դա երբեք էլ չեն թաքցրել։ Նրանք չեն ճանաչում Հայաստանի անկախ լինելու իրավունքը։ Մեր տարածք մտնելը նշանակում է ուրիշ խնդիրներ, իրենք այդ խնդիրն են լուծում, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ իրենք շարունակում են։ Ամեն քայլ օգտագործում են՝ նման զրույցներ անելու եւ ասելու համար, որ իրենք ունեն իրավունքներ, իսկ հայերը ոչ մի իրավունք չունեն։ Մենք դա պետք է շատ լավ հասկանանք, դրա համար է Ադրբեջանը շահագրգռված, որ նման թեմաներ լինեն անընդհատ, որ ինքն ավելի ու ավելի հստակեցնի իր պահանջները։ Եթե մենք հարցին այդպես չնայենք եւ միամտորեն կարծենք, թե Ադրբեջանը ճանապարհ չունի, ուզում է ճանապարհ ունենալ, ոչ նման հարց երբեք չի եղել։
-Հայաստանը որեւէ շահ ունենալո՞ւ է այս գործընթացում, թե՞ սա հերթական զիջումն է։
-Հայաստանը հազար բան կարող է շահել, Հայաստանի հետ են խոսում, որ Հայաստանը որոշում ընդունի իր տարածքի հետ կապված։ Հիմա Հայաստանն էլ շատ բան ունի ասելու։ Հայաստանը կարող է ասել՝ եթե այդպես խելոք եք, եկեք այստեղ, դուրս շպրտեք Ադրբեջանին մեր սահմաններից, մեր օկուպացված տարածքներից, որից հետո կխոսենք։ Հայաստանը կարող է հիշեցնել Ղարաբաղը, հանցագործությունները, որոնք արվել են, ինչ հարց ասես, կարող է բարձրացնել։
Հայաստանն է որոշողը, դրա համար էլ Ալիեւն ուզում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ դու որոշող չես, կամ ընդամենը քեզ առաջարկում ենք, դուք կընդունեք, կամ էլ մենք ոնց ուզենք, այնպես էլ ձեզ հետ կվարվենք։ Անհուսության քարոզ է տանում Ադրբեջանը, կարես թե ինքն է հարցեր լուծողը, բայց իրականությունը լրիվ ուրիշ է, իրականությունն այն է, որ Ադրբեջանը ոչ մի բան է այդ հարցում։
Հայաստանը կարող էր առաջին իսկ օրից փակել այդ հարցը, չքննարկել երբեք, հիմա վաղուց մոռացված կլիներ։ Բայց մարդիկ այդպես չեն արել, կապել են «խաղաղության պայմանագրի» հետ, չգիտեմ՝ ինչո՞ւ են կապել, կյանքը ցույց տվեց, որ ոչ մի կապ էլ չունի։ Հիմա բերել հասցրել են նրան, որ Ադրբեջանը շարունակում է իր գիծը։
Առանց Հայաստանի եւ Վրաստանի հնարավոր չէ, որ Եվրոպան իր այդ երազանքներն իրականացնի մինչեւ Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Դա կախված է Հայաստանից ու Վրաստանից, այլ ոչ թե Ադրբեջանից։ Ադրբեջանն ընդամենը տարանցիկ ինչ-որ փակուղի է։ Բայց առանց Հայաստանի ու Վրաստանի հնարավոր չէ այդ ծրագրերն իրագործել, այն պայմաններում, երբ Եվրոպայի համար գոյություն ունի Ռուսաստանի եւ Իրանի խնդիրը։ Ինչո՞ւ է ակտուալ դարձել Հայաստանով ու Վրաստանով տանել այս ամենը, որովհետեւ ակտուալությունը եկել է նրանից, որ նրանք խնդիրներ են ունեցել, չեն կարողացել եւ ցանկություն չունեն Իրանով ու Ռուսաստանով տանել այդ կոմունիկացիաները։ Մնացել է այս տարածքը, այս տարածքում էլ կանգնած են Հայաստանն ու Վրաստանը, Ադրբեջան գոյություն չունի։ Ադրբեջանն ուղղակի կողքից խոսող է, տպավորություն ստեղծող է, սա պետք է հասկանալ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ