Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Վեհարանի վրա գրոհելու՝ Նիկոլ Փաշինյանի կոչը ահաբեկչության կոչ է»

Հուլիս 21,2025 20:03

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Էջմիածնում Վեհարանի վրա իր առաջնորդությամբ գրոհելու՝ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ասաց. «Ըստ Էության, Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետը, որը սահմանադրորեն իրավունք չունի ընդհանրապես միջամտելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ Մայր Աթոռի գործունեությանը, հայտարարել է եւ ժողովրդին կոչ է արել հավաքվել Էջմիածնում եւ գրոհել Վեհարանը: Սա արդյո՞ք ահաբեկչության հրահանգ եւ կոչ չէ, արդյո՞ք սա սահմանադրական նորմերի, իր երդումների խախտում չէ:

Իհարկե, խախտում է եւ ահաբեկչություն: Ինչ առումով: Ինքը այնքան է ահաբեկված իշխանությունը կորցնելուց հետո իրեն սպասվող պատժից, որ հաճույքով կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները: Իսկ այդ տանդեմի առաջին պահանջներից մեկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը դադարեցնելն է, կամ առնվազն այնտեղ այնպիսի ուժեր կենտրոնացնելն է, որոնք կկատարեն իրենց պահանջները:

Իսկ ինչո՞ւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, որովհետեւ դա այն ուժն է, որն ի զորու է համախմբելու համայն հայությանը, ի զորու է ոտքի հանելու համայն հայությանը հանուն երկրի ինքնիշխանության պահպանման: Իսկ ինքը շատ լավ գիտի, որ ինքը պետք է կատարի ադրբեջանաթուրքական տանդեմի բոլոր պահանջները, այն է՝ Հայաստանի Հանրապետության սուվերենությունն ընդհանրապես վերացնել, ինքնիշխանությունն ընդհանրապես վերացնել եւ Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ: Սա է նրա գերնպատակը:

Եթե փորձեն հակադարձել, ես հակադարձողներին խնդրում եմ ներկայացնել հետեւյալ փաստերը: Ի՞նչ են նշանակում Ալիեւի վերջին հայտարարությունները Էրդողանի հետ հանդիպման համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ բանավոր, գրավոր բանակցությունների արդյունքում խոստովանել է, որ պետք է նախաստորագրվի այդ խաղաղության համաձայնագիրը, որը խաղաղության հաղթաթուղթ պետք է լինի իր ձեռքին:

Իսկ ի՞նչ է նշանակում փաստաթղթի նախաստորագրություն: Նախաստորագրություն նշանակում է, որ ի սկզբանե, այս մարդը որոշակի խոստումներ արդեն տվել է: Եվ այն խոստումներն է տվել նաեւ, որ փաստացիորեն զիջում է Հայաստանի ինքնիշխանությունը: Ինչպե՞ս է զիջում: Արտապատվիրակելով «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը երրորդ ուժին՝ ԱՄՆ-ին, 100 տարով:

Դա արդյո՞ք Հայաստանի ինքնիշխանության զիջում չէ: Իհարկե զիջում է: Չէ՞ որ ԱՄՆ 100 տարվա վերահսկողությունը, բոլորդ էլ շատ լավ հասկանում եք, ըստ էության ամերիկյան ուժերով վերահսկողություն չի լինելու: Իսկ ի՞նչ երաշխիք, որ հենց ինքը՝ Ամերիկան, չի արտապատվիրակելու այդ վերահսկողության գործառույթը Թուրքիային: Ամենայն հավանականությամբ դա այդպես էլ պետք է լինի: Դա շատ լավ հասկանում է Նիկոլը: Եվ նա փաստացիորեն համաձայնություն է տվել, որպեսզի այդ արտապատվիրակման արդյունքում թուրքական ուժերը վերահսկեն «Զանգեզուրի միջանցքը»:

Իսկ Ալիեւը հայտարարեց, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանական տարածքում որեւէ արտաքին ուժ ներկա գտնվի: Իսկ իրենց ասելով՝ Ադրբեջանի մի մասից մյուս մասն իրենք պետք է անցնեն առանց որեւէ հայի հանդիպելու: Այսինքն, այդ միջանցքում նրանք ընդհանրապես հայի ներկայությունը բացառում են: Դուք պատկերացնո՞ւմ եք 100 տարի արտապատվիրակված թուրքական ներկայացվածության արդյունքը «Զանգեզուրի միջանցքում»:

Դուք պատկերացնում եք, որ 100 տարի հետո Հայաստա՞ն է լինելու: Ի՞նչ 100 տարի, 100 ամիս հետո արդեն թուրքերի ներկայությամբ Հայաստանի գոյության հարցը լուրջ է լինելու»,-ասաց պատգամավորը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031