Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք ոչ միայն ՀՀ-ի, այլև միջազգային մասնագիտացված կառույցների, մշակութային և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից». Հովիկ Ավանեսով

Հուլիս 21,2025 22:44

Արդեն երկու շաբաթից ավելի սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում պարզ երևում է, որ Ստեփանակերտի հուշահամալիրը պատված է ցուցապաստառներով։ Այս մասին դեռևս հուլիսի 8-ին ահազանգել էր «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ «Փաստագրում՝ հանուն պահպանության» ծրագրի շրջանակում Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգների ստեղծման աշխատանքների ամփոփման շնորհանդեսի ժամանակ։

Նման գործողությունները վկայում են ոչ միայն հուշահամալիրի հանդեպ հարգանքի բացակայության, այլև հստակ նպատակաուղղված քաղաքականության մասին՝ միտված Արցախի պատմամշակութային ժառանգության հետքերը թաքցնելուն, ապա՝ ոչնչացմանը. մի բան, որի դրսևորումներից մեկը տարիներ առաջ հանդիսացավ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը։

Մշակութային ցեղասպանությունը և հայ ժողովրդի պատմական ժառանգության բռնայուրացումը ադրբեջանական պետության վարած ` քսենոֆոբիայի քաղաքականության գերակա ուղղությունն է, որն այսօր իրականացվում է բռնազավթված Արցախում։

Ստեփանակերտի հուշահամալիրը, որն ընդգծում է արցախցիների մասնակցությունը նացիզմի դեմ մղված համաշխարհային պայքարին՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմների ընթացքում, այսօր կանգնած է նույն վտանգի առաջ, ինչ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող քաղաքականությունը՝ մշակութային ժառանգության խեղաթյուրում, յուրացում և վերացում, շարունակվում է՝ միջազգային կառույցների անտարբերության և թույլ արձագանքի պայմաններում։

Ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև միջազգային մասնագիտացված կառույցների, մշակութային և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Ստեփանակերտի հուշահամալիրի և ընդհանրապես Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այլևս միայն մշակութային հարց չէ. այն վերածվել է քաղաքակրթական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հրատապ պահանջի։

 

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031