Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի վրա հարձակվողը «ժողովուրդը» չէ

Հուլիս 22,2025 10:00

Սերժ Սարգսյանին իր պաշտոնից հեռացնելը եւ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնազրկելը նույն բանը չէ ոչ մի իմաստով: Կաթողիկոսը, եպիսկոպոսները, հոգեւորականները պետական պաշտոնյաներ չեն, նրանք չեն ապրում մեր հարկերով, մենք՝ քաղաքացիներս, նրանց չենք ընտրում, որպեսզի կարողանանք պաշտոնանկ անել: Եկեղեցու խնդիրները, որոնք, իհարկե, բազմաթիվ են, պետք է լուծվեն եկեղեցու ներսում, եկեղեցու միջոցով, ոչ թե գործադիր իշխանության հրահանգով կամ դրա ղեկավարի քմահաճույքով: Այդպիսին է կարգը բոլոր ժողովրդական երկրներում:

Իրավիճակն այսօր եւ 7 տարի առաջ խիստ տարբեր է: 2018 թվականին Փաշինյանն ուներ լայն հասարակական աջակցություն. շատերը հույս ունեին, որ իշխանափոխության միջոցով հնարավոր կլինի ազատվել մեր զարգացմանը խանգարող արատներից: Բայց մենք ոչ միայն չազատվեցինք ախտերից, այլեւ ընկանք այնպիսի փոսի մեջ, որից դուրս գալը, անկեղծ ասած, նույնիսկ Փաշինյանի հեռացմամբ երաշխավորված չէ: Աջակցությունն, այդպիսով, էապես նվազել է:

Կա եւս մի վճռորոշ տարբերություն: 2018 թվականի, ասենք, մարտին կամ ապրիլին Նիկոլ Փաշինյանի ձեռքում պետական լծակներ չկային: Եթե նա մի տեղ գրեր կամ հանրահավաքում ասեր, որ այսինչ մարդը, ենթադրենք, գող է, ապա ամբողջ պետական պատժիչ մեքենան չէր լարվի՝ այդ ենթադրյալ գողին բռնելու համար: Հիմա նրա հույսը ոչ թե «ժողովուրդն» է (որի շարքերը, կրկնեմ, նոսրացել են), այլ իր սեփական քմահաճույքները կատարող «ուժայինները», դատախազությունը, դատարանները: Եթե վարչապետը ֆեյսբուքյան «ստատուս» է գրում, որ այսինչ մարդը պետք է նստի, ամբողջ պետական համակարգը «հավսար-զգաստ» է կանգնում՝ «գործ կարելու» համար: Կոնկրետ Մայր Աթոռի վրա հայտարարագրված հարձակմանը նախորդել է երկու եպիսկոպոսների ձերբակալությունը, որը «ժողովուրդը» չէ, որ իրականացրել է՝ դա արել են պետական կառույցները:

Այնպես որ՝ եթե ինչ-որ զանգված՝ թեկուզ 3 միլիոն մարդ, շարժվի դեպի Վեհարան, այդ օպերացիան «ժողովրդինը» չէ, դա անելու է գործադիր իշխանությունը, որի ղեկավարը ցանկանում է փոխել կրոնական կազմակերպության առաջնորդին: Եվրոպացինե՛ր եւ եվրոպամետնե՛ր, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մայր Աթոռի վրա հարձակումների թեման տաք պահելով և անընդհատ սրելով, նիկոլն ընդամենը շեղում է ժողովրդի ուշադրությունը իր կողմից նախապատրաստվող նոր տսրածքային զիջումների պրոցեսից։ Այսօր տարբեր խոշոր երկրների ղեկավարներ ողջունում են և հայտնում, որ շուտով հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր կստորագրվի։ Դա նշանակում է, որ նրանք հստակ տեղեկություններ ունեն Զանգեզուրի միջանցքի առաջիկա բացման պայմանավորվածությունների մասին։
    Իսկ նիկոլը ներքին լսարանի ուշադրությունը շեղելու միայն հետեյալ ձևերը գիտի – ներքին խժդժությությունների կազմակերպում, աղմկոտ ձերբակալություններ, աղմկոտ քննչական գործողություններ, աղմկոտ դատական պրոցեսներ, ՀԷՑ- խլելու գործընթաց և այլն։ Վարագույրից այս կողմ հանրության ուշադրությունը լարված պահելով նման հարցերի վրա, վարագույրի ետևում նա փորձում է ավելի հեշտ իրագործի երկրի ինքնիշխանությանը վտանգող իր ցինիկ ծրագրերը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031