Հայաստան-Ադրբեջան գործընթացի ֆունդամենտալ խնդիրն այն է, որ Հայաստանի շահն այնտեղ բացակայում է, ու որեւէ կերպ քննարկման առարկա չի դառնում Հայաստանի ապաշրջափակումը: Այդ հարցը պարզապես բացակայում է, չկա քննարկումների սեղանին: «Հրապարակ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ շեշտելով, որ, ի տարբերություն ընթացիկ զարգացումների, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մեր զրուցակիցը քննադատել է եւ քննադատում է, առնվազն ենթադրում էր ապաշրջափակում:
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի լավ կամ վատը լինելը չեմ ուզում քննարկել, ենթադրում էր որոշակի ռեժիմ՝ պայմանական, Ռուսաստանի կողմից այդ ճանապարհների վերահսկողություն: Ենթադրում էր նաեւ, որ Հայաստանի հյուսիսի եւ հարավի միջեւ կապը պետք է վերականգնվեր, եւ, որ ամենակարեւորն է` Հայաստանից դեպի աշխարհ, տվյալ դեպքում՝ Ռուսաստան ու Վրաստան գնացող երկաթգծերը պետք է գործեն: Բայց ստացվեց այնպես, որ ասացին՝ դա լավ չէ, որովհետեւ ուրիշ երկիր պետք է գա, վերահսկի, ասացին, որ ՌԴ անվտանգության ծառայությանը չենք վստահում: Լավ, ընդունելի մոտեցում, է բայց խնդիրն այն է, որ այժմ սեղանին դրված չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան կապի արտապատվիրակման հարցը, նախատեսված չէ հայկական Նախիջեւանի միջով հյուսիսի ու հարավի արտապատվիրակումը, նախատեսված չէ Հայաստանից Թուրքիայի տարածքով դեպի ծով ելքի արտապատվիրակումը: Այսինքն, այս պահին խոսում ենք այն մասին, որ Հայաստանի տարածքով ինչ-որ ճանապարհ պետք է լինի, որով ադրբեջանական բեռներ տեղափոխվեն, գուցե՝ նաեւ թուրքական եւ այլն, բայց որ Հայաստանն ապաշրջափակվի, եւ այդ ճանապարհներից հայկականն ակտիվանա` զրույց չկա»,- բացատրում է միջազգային իրավունքի մասնագետը՝ շեշտելով, որ կարեւոր է իրավիճակը դիտարկել ոչ թե այն պրիզմայով, թե վերջին 1-1,5 ամսվա ընթացքում ինչ են քննարկում, այլ՝ թե ինչ է եղել ընդհանրապես:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: