Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և չի կարող առաջնորդել որևէ քաղաքական շարժում այն դեպքում, երբ հակառակ կողմում, թեկուզ ազգադավ և ուրացող, բայց ազգությամբ հայեր են

Հուլիս 22,2025 12:13

Ստեղծված հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը առավել ցայտուն կերպով արտահայտվում է քաղաքական իշխանություն – Եկեղեցի հարաբերություններով։ Մայր Աթոռը երբեք չի զլանում խիստ անհրաժեշտության դեպքում հանդես գալ հայտարարություններով։ Վերջին սրացումներին ի պատասխան՝ Սուրբ Էջմիածինը կրկին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորաբար նշված էր․ «Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»։

Ինչպես Մայր Աթոռի նախորդ հայտարարություններում, այս մեկում նույնպես, կարծում եմ, ամեն ինչ ասված է և հայտարարության մեջ առկա ուղերձը, ըստ իս, պետք է ընկալելի լինի հատկապես քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար։ Սակայն տարակուսելի է որոշ ընդդիմադիր գործիչների պահվածքն ու հայտարարությունները, որտեղ նրանք շատ վտանգավոր ու կասկածելի մտքեր են արտահայտում՝ կապված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշման հետ։

Մասնավորապես խոսքը վերաբերում է շատ կասկածելի ընդդիմադիրներից որոշ մարդկանց այն դիտարկմանը, որով նրանք կարծում են թե նախ պետք է պարզել Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին դիմագրավելու կազմակերպչական աշխատանքներ կատարելու առնչությամբ, և ակնկալում են Վեհափառ հայրապետի հորդորը ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Այլ խոսքով նրանց կարծիքով Վեհափառ հայրապետը պետք է առաջնորդի այդ պայքարը։ Չեմ հասկանում, այդ մարդիկ չե՞ն ընթերցում Մայր Աթոռի հայտարարությունները, որոնց հեղինակներն են բոլոր հոգևորականները Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ։ Տպավորությունս այնպիսին է, որ իրենց դասական քաղաքական գործիչներ հորջորջող այդ կասկածելի ընդդիմադիրները չեն ընթերցում Մայր Աթոռի հայտարարությունները, քանի որ եթե ընթերցում են ու չեն ընկալում այն այնպես ինչպես պետք է ընկալի իսկապես ընդդիմադիր քաղաքական գործիչը, ապա անհասկանալի է, թե նրանք ի՞նչ գործ ունեն ընդհանրապես ընդդիմադիր քաղաքական դաշտում։

Գենադի Մնացականյան

Սիրելի իրական ընդդիմադիր, ազգային քաղաքական գործիչներ, Աստված մի՛ արասցե, եթե իրադարձություններն այնպես ընթանան, որ Եկեղեցու դեմ կարշավեն այլազգի թշնամիները, այդ պարագայում Մայր Աթոռը, վստահ եմ, մեկ վայրկյան անգամ չի վարանի Հայրապետական Սրբատառ կոնդակով ազդարարելու Ազգային – Ազատագրական պայքարի մասին և վստահ եղեք, որ բոլոր հոգևորականները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ կառաջնորդեն այդ պայքարը, սակայն ճիշտ հասկացեք, Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և չի կարող առաջնորդել որևէ քաղաքական շարժում այն դեպքում, երբ հակառակ կողմում, թեկուզ ազգադավ և ուրացող, բայց ազգությամբ հայեր են։ Այս դեպքում Եկեղեցու համար կարմիր գիծ է, որը նա երբեք չի հատի, որքան էլ սադրեն։

Այսօր Եկեղեցուն հալածում են նրա իսկ մոլորյալ զավակները և առավել քան ակնհայտ է, որ այդ հակաեկեղեցական արշավները քաղաքական նպատակներ են հետապնդում և ո՛չ թե կրոնական։ Ուստի այս քաղաքական մարտահրավերի առաջամարտիկը պետք է լինի քաղաքական կուսակցությունը և ո՛չ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Մի՛ խուսափեք քաղաքական պատասխանատվություն վերցնելուց, սկուտեղի վրա մատուցվող իշխանություն մի՛ սպասեք։ Եկեղեցու զանգերը վաղուց արդեն հնչել են, Մայր Աթոռի հայտարարությունները խնդրում եմ ուշադի՛ր ընթերցեք և ավելին Սուրբ Եկեղեցուց մի՛ պահանջեք։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031