Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընթացը միտված է փաստագրելու Ադրբեջանի հանցագործությունները եւ հասնելու միջազգային պատասխանատվության»․ ընդդեմ Ադրբեջանի հայցեր՝ միջազգային դատարաններում

Հուլիս 22,2025 13:54

Իրավապաշտպաններն Արցախում մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների վերաբերյալ հայցեր են ներկայացնում միջազգային դատական ատյաններ։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս գործընթացում կարեւոր տեղ են զբաղեցնում Արցախի մշակութային ժառանգությանն առնչվող հայցերը։

Սիրանուշ Սահակյան

«Սա նախաձեռնություն է, որտեղ ներկայացված են եւ հասարակական կազմակերպությունները, եւ ակադեմիայի ներկայացուցիչները, եւ փաստաբանները։ Նպատակը մարդու իրավունքի տարաբնույթ խախտումների առնչությամբ գանգատների ներկայացումն է ՄԻԵԴ, եւ դրա ասպեկտներից մեկը հենց մշակութային ժառանգությանն է առնչվում»,- ասաց նա։

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը, Արցախի համայնքներն ու Ստեփանակերտի թաղամասերը, հատկապես հին թաղամասերը։ Արցախում գտնվող հայկական եկեղեցիները կամ ոչնչացվում են, կամ էլ պղծվում ու բռնությամբ յուրացվում։

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմ կա Ադրբեջանի մշակութային էթնոցիդի քաղաքականությունը կանխելու համար, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի մեխանիզմ եւ անմիջական անդառնալի վտանգը խափանելու նպատակով կիրառում է հայցի ապահովման միջոցներ կամ միջանկյալ միջոցներ։

«Բայց դատական պրակտիկան ձեւավորվել է այն ճանապարհով, որ մեծամասամբ կիրառվում են կյանքի իրավունքի ու խոշտանգումների արգելքի համատեքստում։ Շատ բացառիկ դեպքերում դատարանը նաեւ կիրառել է այլ ազատությունների առնչությամբ, բայց իմ գնահատմամբ եղել է քաղաքական կոնտեքստ, որի պայմաններում դատարանը միջամտել է։ Օրինակ՝ Վրաստանի հետ կապված խոսքի ազատության եւ լրատվամիջոցի փակման հարց էր դրված, դատարանը կիրառեց անհապաղ միջոց։ Ես տեղյակ եմ, որ կա հայց ներկայացված, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին դիմումատուն է։ Նաեւ հայցվել են հայցի ապահովման միջոցներ, ընդ որում, այդ հայցերը ներկայացվել են ավելի վաղ ժամանակամիջոցում՝ 2020 թվականի զարգացումներից հետո, երբ Շուշիի եւ Հադրութի կրոնական մշակութային ժառանգությունը վտանգվեց։ Բայց դատարանը, ցավոք սրտի, շատ ստանդարտ պաշտպանողական մոտեցում ցուցաբերեց եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում հատուկ հանձնառություն չստանձնեց»,- ասաց նա։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ այս պարագայում հասկանալի է, որ այդ հայցերը մերժվելու են, ուստի, ձեւական ներկայացումն արդյունավետ չէ, բայց նման պայմաններում խիստ կարեւոր է խախտումների արձանագրումը եւ դրանց համար Ադրբեջանի միջազգային իրավական պատասխանատվությունը։ Եվ այս գործընթացը միտված է փաստագրելու այն հանցագործությունները, որոնք նաեւ մարդու իրավունքների խախտումների տարրեր են պարունակում եւ հասնելու դրա համար պետության միջազգային պատասխանատվությանը։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ կա հնարավորություն՝ հասնելու պետության միջազգային պատասխանատվությանը։ «Միջազգային հանցագործություն է եկեղեցական մշակութային կոթողները ոչնչացնելը։ Միջազգային քրեական դատարանի դատախազին որոշ կազմակերպություններ դիմումներ են ներկայացրել, մեր կազմակերպությունն ընթացիկ աշխատանքների փուլում է եւ առաջիկա ամիսներում կներկայացնի։ Շատ ընդգրկուն փաստաթուղթ ենք ներկայացնում՝ բոլոր պահանջվող ապացույցներով եւ դատախազից պահանջելու ենք նախաձեռնել քննություն։ Եվ առանձին բաժին նվիրված է մշակութային, կրոնական ժառանգությունը ոչնչացնելուն»,- հավելեց նա։

Սերգեյ Շահվերդյան

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ Արցախում իրականացվող ավերածությունների հարցում որեւէ նոր բան չկա, դա Ադրբեջանի՝ հայերի հետքը ջնջելու քաղաքականության մի մասն է, որի շրջանակներում տեղավորվում է թե պատմամշակութային հուշարձանների վնասումը, այլափոխումը, պատկանելության փոփոխությունը, թե Ստեփանակերտ քաղաքում եւ այլ բնակավայրերում բնակելի թաղամասերի ոչնչացումը։

«Մենք վերջերս արձանագրեցինք 1,3 հեկտար բնակելի թաղամասի քանդումը, որտեղ կային վեց բազմաբնակարան շենք եւ 20-ից ավելի հասարակական շինություններ։ Դա այն է, ինչ տեսնում ենք ադրբեջանական կայքերում, չի բացառվում, որ շատ ավելին են ավերածությունները։ Ստեփանակերտի տեսքն այլափոխել է ամբողջովին, բոլոր շինությունները ներկվել են սպիտակ գույնով։ Դա երեւի իրենց քաղաքաշինական մոտեցումն է։ Հատկապես տուֆապատ շենքերն են ներկվել սպիտակ գույնով: Ստեփանակերտում չի մնացել անձանց վերաբերող որեւէ արձան, դա կարող ենք հաստատ ասել։ Վերջին արձանը, որը կանգուն էր մնացել, Մարշալ Բաղրամյանի արձանն էր, այն էլ մայիսի 9-ի նախօրյակին են քանդել։ Քանդման են ենթարկվում կենտրոնում գտնվող բոլոր մեր մոնումենտալ կոթողները, դա պարզապես մեր քաղաքի այլափոխումն է»,- նշեց Շահվերդյանը։

Ինչպե՞ս է հնարավոր կանխել այս ամենը, հարցին Շահվերդյանը պատասխանեց․ «Այս հարցի հասցեատերը պետք է լինեն ՀՀ իշխանությունները, որոնք պետք է հետապնդեն այդ բոլոր հարցերը թե միջազգային ասպարեզում, թե բանակցային գործընթացում։ Բայց մենք այդ ուղղությամբ ձեռնարկվող որեւէ տեսանելի քայլ չենք տեսնում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Ստեփանակերտում այժմ կառուցվող «Հաղթանակի այգին», որի համար ավերվել են մի շարք շենքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031