Լրահոս
Օրվա լրահոսը

Հատվել է 3221 ծառ. «Հայանտառ»-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը ավելի քան 360 մլն դրամի վնաս է պատճառել

Հուլիս 22,2025 13:15

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի պահաբաժիններում իրականացվող ապօրինի ծառահատումների, փայտանյութի մթերման և վաճառքի մասին՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, բանավոր ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել այդ փաստերը հայտնաբերած անտառապետերին և անտառապահներին, որպեսզի վերջիններս չարձանագրեն ապօրինի ծառահատումների դեպքերը և դրանք թաքցնելու ուղղությամբ կատարեն որոշակի գործողություններ:

Արդյունքում, մասնաճյուղի ենթակայությամբ գործող պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է 3221 տարբեր տեսակի ծառ, ինչը հայտնաբերվել է միայն վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անտառտնտեսության մասնաճյուղի տարբեր պահաբաժիններում իրականացված ստուգման արդյունքում:

Մասնաճյուղի տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 377 հզր 625 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Նախաքննության ընթացքում պատճառված վնասից 21 մլն 111 հզր 587 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Հ.Ա.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031