«Խորհուրդը բաղկացած է նաև այլ անդամներից։ Եթե ուզում էին, կարող էին քվեարկել, եթե կողմ էին, քվեարկության արդյունքներով թող ընդունեին․ երկու դեմը չէր խանգարում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ օրերս կայացած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում որոշումները չընդունվեցին, քանի որ կարծիքներ կան, որ այդ որոշումների խոչընդոտմանը նաև ինքն է պատճառ դարձել, այսպես պատասխանեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը։
Հիշեցնենք՝ օրերս կայացել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։ Մեզ հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը մտահոգություն էր հայտնել, որ «մեծ հաշվով խորհրդի երկու անդամների՝ Վլադիմիր Վարդանյանի և Կարեն Թումանյանի պատճառով է, որ որոշումներ չընդունվեցին»։
Կարեն Թումանյանի վստահեցմամբ՝ նիստի որոշումներն ընդունելու հետ կապված ամեն մեկն իր կարծիքն ունի․ «Այնպես չէ, որ խորհրդի անդամներից մեկը մյուսի կարծիքով կաշկանդված է։ Ոչ մեկն էլ ոչ մի բանի չի խոչընդոտում, ուզում ենք, որ արդյունավետ փաստաթուղթ կազմվի»։
Կարեն Թումանյանից հետաքրքրվեցինք՝ այս հարցում ո՞րն է իր դիրքորոշումը․ «Իմ դիրքորոշումն այն է, որ Սահմանադրության նախագիծը պետք է կազմվի ամբողջությամբ, ամբողջական տեքստ ունենանք և այդ ամբողջական տեքստը՝ որպես մեկ միասնական համակարգ էնպես կառուցենք, որ փոխկապակցվածություն լինի, որ մեխանիզմներն աշխատեն։ Հատվածային հոդվածներով, կարծում եմ, արդյունավետ չի լինի»։
Կարդացեք նաև
Հստակեցմանը՝ այսինքն՝ կայուն մեծամասնությանը կո՞ղմ եք, ԲԴԽ անդամն արձագանքեց․ «Կայուն մեծամասնությունն առանձին վերցված չէ․ մյուս մեխանիզմների հետ պետք է այնպիսի համակարգ ստեղծել, որ արդյունավետ աշխատի Սահմանադրությունը։ Սահմանադրությունը հո ամեն օր չե՞նք կարող գրել, փոխել։ Դատական համակարգ ձևավորելու համար Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ է ձևավորվում խորհրդարանի կողմից, ԲԴԽ-ն՝ հիսուն տոկոսով, ՍԴ-ն ամբողջությամբ․ պետք է այնպիսի համակարգ ձևավորել, որ այդ մեխանիզմներն աշխատեն»։
Հարցին՝ իսկ ի՞նչ մեխանիզմ եք դիտարկում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ առաջարկած մեխանիզմը փաստաթուղթն ամբողջությամբ կազմելն է, որպեսզի մեկը փոխկապակցված լինի մյուս հետ․ որպես մեկ ամբողջական համակարգ արդյունավետ աշխատի Սահմանադրությունը»։ Հստակեցմանը՝ այսինքն՝ քննարկումներ չլինե՞ն, Սահմանադրության տեքստը գրվի, հետո՞, Կարեն Թումանյանը պատասխանեց․ «Իհարկե, քննարկումներով կազմվի նախագիծ, քննարկումների արդյունքում բովանդակություն քննարկենք, հետո անցնենք տեխնիկական մասին, և ամբողջական մեկ փաստաթուղթ ունենանք, շրջանառության մեջ դնենք, որ հասարակության կողմից առաջարկություններ լինեն, և այդ փաստաթուղթն արդեն իր շարունակությունն ապահովի»։
Մեր դիտարկմանը՝ փորձագիտական կարծիքներ կան, որ կայուն մեծամասնության դրույթը հակաժողովրդավարական է և հարցին՝ դրա՝ պահպանելու հարցում Ձեր հիմնավորումը ո՞րն է, Կարեն Թումանյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասում, որ պետք է մնա։ Ես ասում եմ՝ փոխկապակցվածություն ունենանք։ Զուտ կայուն մեծամասնություն բառը հանելով՝ մյուս համակարգերը չեն աշխատելու, որովհետև դա, որ գրել են, մյուս գլուխներում, հոդվածներում էլ են բաներ գրել․ դրանց հետ հակասություն է առաջանալու միայն դա հանելու դեպքում Կայուն մեծամասնությունն ինչ-որ մի բանի հիմքում է դրված, եթե հիմքը հանում ենք, մնացածները սկսում են չաշխատել կամ փլուզվել։ Պետք է մյուս դրույթներն էլ այնպես կառուցենք, որ փաստաթուղթն աշխատի»։
Հետաքրքրվեցինք՝ ո՞ր դրույթները նկատի ունեք, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Դիցուք՝ դատական իշխանության գլուխը։ Կարող է՝ դրա մասին ասենք սենց կամ նենց պետք է գրվի, ամբողջական մենք խորհրդով պետք է քննարկենք։ Ի վերջո, մենք այսօր չունենք նոր սահմանադրության կոնցեպցիա»։
Հարցին՝ հստակ է, չէ՞, որ պետք է նոր Սահմանադրություն գրվի, Կարեն Թումանյանը պատասխանեց․ «Նոր Սահմանադրությունն է, որ պետք է մենք մշակենք, գրենք և քննարկման առարկա դարձնենք։ Մեկը կա ասում է այս ձևով, մյուսը՝ էն ձևով։ Եթե մեկի ասածով անեինք, մեկը կգրեր, կտար»։
Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ եք, որ մինչև 2026-ը նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի, Կարեն Թումանյանը պատասխանեց․ «Որ աշխատենք, կլինի»։ Մեր փաստմանը՝ սակայն մինչ այժմ խորհուրդը բավականին ուշ-ուշ էր նիստեր կազմակերպում, խորհրդի անդամն այսպես արձագանքեց․ «Կային օբյեկտիվ պատճառներ․ նախարար էր փոխվել։ Այս նախարարը ցանկություն ունի, որ արդյունավետ աշխատենք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը խորհրդում խոչընդոտում կամ մի բան անում է, որ նիստ տեղի չունենա կամ որևէ մեկը մյուսի կարծիքի վրա ուզի բացասական ազդեցություն գործել։ Բոլորս էլ ուզում ենք, որ ունենանք գործող, լավ Սահմանադրություն, որը հակակշիռներ, ժողովրդավարական սկզբունքներ կապահովի»։
Կարեն Թումանյանը վստահեցրեց՝ դեռևս խորհրդի անդամներից որևէ մեկը չի ներկայացրել, թե կայուն մեծամասնության դրույթը հանելու դեպքում ինչպիսի մեխանիզմ կունենանք, որ ժողովրդավարական սկզբունքները պահպանելով՝ ունենանք այնպիսի ԱԺ, որն աշխատի․ «Տարբեր կարծիքներ կան։ Ներկայացվում է կարծիք, որ կարող են շարունակական ընտրություններ լինել․ օրինակ՝ կոալիցիա չձևավորվի․ ընտրություններ լինեն։ Իմ կարծիքը չի համընկնում այդ կարծիքների հետ, որ պետք է շարունակական ընտրություններ լինեն, քանի որ մենք այս պահին չունենք այնպիսի մի կայուն վիճակ, որ մի քանի՝ իրար հետևից ընտրություններ ունենանք»։
Մեր դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ կայուն մեծամասնության մեխանիզմը կարող է իշխանությանն ապահովել արհեստական հաղթանակ, Կարեն Թումանյանն այսպես հակադարձեց․ «Մինչև հիմա այդ դրույթը չի օգտագործվել, որտեղի՞ց որոշեցին, որ կարող է արհեստական հաղթանակ ապահովել»։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հետ կապված հարց խորհուրդը չի քննարկել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ