Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի հետ մեր այս սերտ հարաբերությունները պետք է հանգեցնեն ռազմավարական համագործակցության. դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը Հունաստանի Հանրային ռադիոյին

Հուլիս 22,2025 14:48

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը Հունաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության (ERT) լրատվական ծրագրին։

Հարց. Պարոն դեսպան, ողջունում եմ ձեզ մեր ծրագրում։ Շատ շնորհակալ եմ ձեզ հետ քննարկելու հնարավորություն ընձեռելու համար։ Հայաստանն ու Հունաստանը ավանդաբար շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Ձեր կարծիքով, որո՞նք են այն տարրերը, որոնք պահպանում են այդ հարաբերությունները սերտ, և որո՞նք են Հունաստանում հայկական առաքելության ներկայիս առաջնահերթությունները՝ այդ հարաբերություններն է’լ ավելի սերտացնելու համար։

Դեսպան Մկրտչյան. Նախ շատ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Մեծ ուրախությամբ կպատասխանեմ ձեր հարցերին։ Իհարկե, դուք ճիշտ եք։ Հույն-հայկական հարաբերությունները շատ հին են, մենք դարեր շարունակ եղել ենք բարեկամներ։ Կարելի է ասել, որ արյունակից եղբայրներ ենք։ Եվ, իհարկե, մեր առջև ծառացած այս նոր իրողություններին հիմնվելով՝ մենք զարգացնում ենք մեր համագործակցության քաղաքական, մշակութային, առևտրային և պաշտպանական ոլորտները։ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մի քանի օրով այցելելու է Հունաստան՝ նոր մշակութային և այլ համաձայնագրեր ստորագրման համար։ Շատ կարևոր է նաև պաշտպանական համագործակցության ոլորտը, և մենք դրան բարձր առաջնահերթություն ենք տալիս։ Վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել, և, իհարկե, մենք կշարունակենք այս ճանապարհով։ Քաղաքական երկխոսությունը շատ ամուր է։ Մեր երկրի վարչապետը և Հունաստանի վարչապետը շատ հաճախ են միմյանց հետո խոսում և հանդիպում, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները։

Այսպիսով, ամփոփելով՝ Հունաստանի հետ մեր ունեցած այս սերտ հարաբերությունները պետք է հանգեցնեն ռազմավարական համագործակցության։ Մենք արդեն ունենք նման համաձայնագրեր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Նիդեռլանդների հետ, և Հունաստանի հետ հարաբերություններն ըստ էության ոչնչով չեն զիջում նրանց։ Հետևաբար, կարծում եմ, որ առաջիկա ամիսներին, գուցե առաջիկա տարիներին, պետք է քննարկենք մեր հարաբերություններն այս ուղղությամբ է’լ ավելի խորացնելու հարցը։

Հարց. Իհարկե, ես կարծում եմ, որ Հունաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են է’լ ավելի սերտանալ, ինչպես նշեցիք ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության դեպքում , բայց նախքան դրա մասին խոսելը, ես հասկանում եմ, որ դուք լավ եք պատկերացնում հելլենիզմը, ունեք դրա խորը ընկալում, քանի որ դուք նաև ծառայել եք Կիպրոսում: Ինչպե՞ս էր այս փորձը ձեզ համար: Գուցե այսօրվա համար ուղերձ ունե՞ք Կիպրոսին ուղղված:

Դեսպան Մկրտչյան. Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ պետք է գտնվի արդար, հարատև և խաղաղ լուծում՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի, միջազգային իրավունքի վրա։ Բոլոր նրանք, ովքեր կորցրել են հարազատներին, ընկերներին, ովքեր դեռևս տառապում են այս ներխուժման հետևանքներից։ Ինչպես այսօր ասում ենք՝ «Չենք մոռանում»(Δεν ξεχνάμε): Իհարկե, նրանց մեջ կան նաև շատ կիպրահայեր, ովքեր դեռևս ապրում են Կիպրոսում, նրանք նույնպես այնտեղ ազգականներ ունեն, և դա ընդհանուր ցավ է։

Հարց. Այսպիսով՝ դուք նշեցիք նաև այլ երկրներ, որոնց հետ համագործակցում եք։ Ի՞նչ ապագա կունենան Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ։ Ինչպե՞ս եք կարծում, ինչպե՞ս կշարունակվեն դրանք ապագայում։

Դեսպան Մկրտչյան. Շնորհակալություն։ Մեր վարչապետը վերջերս շատ հետաքրքիր մամուլի ասուլիս ունեցավ Հայաստանում, և նույն հարցին՝ կապված Հայաստանի ապագայի հետ Եվրոպական Միությունում, նա ասաց, որ 20 տարի անց ես պատկերացնում է տեսնել Հայաստանը որպես Եվրոպական Միության անդամ։ Իհարկե, դա ժամանակատար գործընթաց է, որին պետք է հետևել: Մեր խորհրդարանն ընդունեց նոր օրենք՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Իհարկե, մենք դեռ չգիտենք, թե ինչպես կզարգանա այս իրավիճակը, բայց Հայաստանն ունի ամբողջ երկրի վերակառուցման նոր օրակարգ, որը շատ հավակնոտ է։ Այս պահին Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում, և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրականացման փուլում է։ Մոտ է ստորագրման Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը։ Կստորագրվեն նաև նոր համաձայնագրեր։ Մենք ունենք վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց՝ ճանապարհորդությունները հեշտացնելու նպատակով։

Բայց ԵՄ հարաբերություններում անկյունաքարը մեր արժեքներն են, մեր ընդհանուր արժեքները։ Դա միայն առևտուր չէ, ինչ-որ բան վաճառելը և մյուսը գնելը չէ, դրանք մեր արժեքներն են։ Հայաստանն ունի նույն արժեքային համակարգը, ինչ եվրոպական երկրները, և պատահական չէ, որ Հայաստանը շարժվում է այս ուղղությամբ։

Հարց. Բնականաբար, իհարկե, այսպիսով կենտրոնանանք քաղաքական հարաբերությունների վրա։ Ես նաև ուզում էի հարցնել ձեզ ձեր տարածաշրջանի, ձեր երկրի մասին։ Հայաստանը շարժվում է դեպի ապագա՝ առաջընթաց գրանցելով բազմաթիվ ոլորտներում։ Իհարկե, դուք աշխարհագրորեն մոտ եք Ադրբեջանին։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ի՞նչ ապագա է սպասվում իրականացվող խաղաղության ջանքերին։

Դեսպան Մկրտչյան. Սա հաճախ է քննարկվում, գիտեմ՝ այս օրերին սկսած ԱՄՆ նախագահից մինչև մյուսները Եվրոպայում։ Անցյալ շաբաթվա վերջին Աբու Դաբիում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Հանդիպումը դրական էր, համենայն դեպս այդպես երևաց։ Այսպիսով, խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Երկրներն արդեն հայտարարել են, որ համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրության։ Այսպիսով, այս համաձայնագիրը բավականին համապարփակ է, այն անդրադառնում է մեր ունեցած բոլոր հարցերին, բոլոր խնդիրներին։ Քանի որ երբեմն Ադրբեջանը պնդում է, որ մենք պետք է որոշակի բաներ անենք, մենք էլ հակառակն ենք պնդում։

Սակայն այս համաձայնագրի տեքստը անդրադառնում է, ընդգրկում է այս բոլոր պայմանները և կարող է ստորագրվել ցանկացած պահի։ Հենց որ Ադրբեջանը ցանկանա ստորագրել այն, մենք պատրաստ ենք։
Այժմ, ինչ վերաբերում է մեր կողմին՝ Հայաստանին, 2023 թվականից ի վեր կառավարությունը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Դա մի գաղափար է, հայեցակարգ՝ բացելու տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիները, իհարկե, հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը։ Այս «Խաղաղության խաչմերուկը» հանուն խաղաղության, դիվանագիտության, երկխոսության, համագործակցության համար է։ Դա միայն տարածաշրջանային համագործակցություն չէ, օրինակ՝ միայն Հարավային Կովկասի կամ ավելի լայն տարածաշրջանի համար, այլ կարող է կամուրջ դառնալ Եվրոպայից մինչև Չինաստան, ընդգրկելով դրանց միջև գտնվող բոլոր տարածաշրջանները։ Այն կարող է վերածվել շատ կարևոր միջազգային համագործակցության։ Եվ, իհարկե, մենք աջակցություն ունենք ԵՄ-ից և ԱՄՆ-ից, իհարկե նաև Հունաստանից, ինչպես նաև շատ այլ երկրներից։ Մենք պետք է ունենանք մեր հարևան երկրների համաձայնությունը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։

Հարց. Եվ վերջին հարցը, խնդրեմ։ Ձեր դաշնակիցների և հարևանների վերաբերյալ։ Իհարկե, այս խաղում շատ խաղացողներ կան, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան։ Ինչպե՞ս են Հայաստանի հարաբերությունները այս երկու երկրների հետ, և ի՞նչ սցենարներ է դիտարկում Հայաստանը։

Դեսպան Մկրտչյան. Ոչ միայն Ռուսաստանից և Թուրքիայից, մենք ակնկալում ենք, հույս ունենք և ցանկանում ենք, որ բոլոր երկրները հարգեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հայաստանը և նրա անկախությունը պետք է հարգված լինի բոլորի կողմից, և Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտություն չի հանդուրժվելու։

Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, և սահմանները պետք է բացվեն որքան հնարավոր է շուտ։ Կարծում եմ, որ այս պահին աշխարհի և թուրքական կողմից դրական միտում կա մեր միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Եվ այս հարաբերությունների կարգավորումը անխուսափելի էր։ Խոսքը գնում է նրա մասին, որ ոչ թե «արդյոք» կկարգավորեն հայ-թուրքական հարաբերությունները, այլ թե «երբ» դա տեղի կունենա։ Կարծում եմ, որ սա նաև կխթանի Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, այն ավելի ներգրավված կլինի:

Հարց. Շնորհակալություն, պարոն դեսպան։ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր եթերում, և շատ կցանկանայինք կրկին հանդիպել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031