Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը խոստովանեց, որ ՀՀ երեք նախագահների վարած քաղաքականությունը տանում էր Արցախի միջազգային ճանաչման․ Գագիկ Մինասյան

Հուլիս 22,2025 15:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բռնազավթված Ստեփանակերտից ՀՀ քաղաքացիներին բավական լուրջ ուղերձներ ուղարկեց․ այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Դրանք են․ «Ալիեւն, ըստ էության, ասաց, որ ՀՀ առաջին երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք Հայաստանը ստորացված վիճակում էր պահում ոչ միայն Ադրբեջանի իշխանություններին, այլ ողջ ժողովրդին, որովհետեւ այն խայտառակ, անմարդկային չարագործությունները, որոնք բերել էին ադրբեջանցիները ԼՂՀ ժողովրդի գլխին, ընդվզում էր առաջացրել ոչ միայն ԼՂՀ-ում, այլեւ ողջ հայության շրջանում։ Նրանք ոտքի էին կանգնել եւ գնացել էին խիստ սահմանադրական եւ ԽՍՀՄ ու միջազգային իրավունքի նորմերի ճանապարհով, ինքնորոշվել էին։ Եվ քանի որ ՀՀ երեք նախագահների օրոք էլ Հայաստանը վարում էր չափազանց ճշգրտված ու միջազգային իրավունքին համահունչ քաղաքականություն՝ Ադրբեջանին ոչ մի շանս չէր թողնում։ Գործընթացը անխուսափելիորեն, անկասելիորեն գնում էր դեպի ինքնորոշման ճանաչում»։

Գագիկ Մինասյան

Գագիկ Մինասյանն ուշագրավ է համարում նաեւ Ալիեւի այն խոստովանությունները, որ եթե ինչ-ինչ իրավիճակներում իրենց հաջողվում էր միջազգային բանաձեւերում փոքր-ինչ պրոադրբեջանական ձեւակերպումներ տալ, որոշ ժամանակ անց Հայաստանին հաջողվում էր գործընթացները բերել այն հուն, որում գտնվում էին։

Հիշեցնենք, բռնազավթված Արցախում օրերս տեղի ունեցած մեդիա-ֆորումի ժամանակ Իլհամ Ալիեւը ծաղրեց ՀՀ իշխանություններին, նաեւ նոր պահանջներ առաջադրեց Հայաստանին՝ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ալիեւն այդ օրը հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Նիկոլ Փաշինյանն բարդ օրեր բերեց հայ ժողովրդի եւ անձամբ իր համար։

Գագիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե 2018-ին Սերժ Սարգսյանն ասել էր, որ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ էության չկան եւ չի բացառվում, որ Ադրբեջանն ագրեսիայի անցնի։ Սրանից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն եւ պատրաստ է դրա լուծարման մասին համաձայնագիր ստորագրել։

Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, երբ միջազգային իրավունքի նորմերի ներքո ընթանում է անկախացման գործընթացը եւ մետրոպոլիան այլեւս տարբերակ չի ունենում՝ դիմում է վերջին քայլին՝ ագրեսիա է իրականացնում եւ հենց այդ պարագայում կառույցը, որը կառավարում էր գործընթացը, հասկանում է՝ այլ ելք չկա, քան անկախության ճանաչումը։ Այդպես եղել է նաեւ Թիմորում եւ այլն։ Գագիկ Մինասյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Նա Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե պատերազմը ևս մի քանի օր շարունակվի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը․ «Իսկ այդ ժամանակ բանակցային գործընթացում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Ադրբեջանը հաստատ համոզված էր՝ Հայաստանի ճանաչումը կողջունվի միջազգային հանրության, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Նաեւ դա էր պատճառը, որ Ադրբեջանը կասեցրեց ռազմական գործողությունները, բայց ստացավ նոր դրական վերաբերմունք Արցախի ինքնորոշման մասով՝ Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի համաժողովներում»։

2018-ին թուրք-ադրբեջանական հովանավորությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, ըստ բանախոսի, փաստացի վերացրեց այն դիվանագիտական աշխատանքի արդյունքները, որոնք երեք տասնամյակի ընթացքում ձեւավորվել էր՝ այդպիսով նպաստելով, որ Ադրբեջանը իրականացնի իր վաղեմի երազանքը եւ ագրեսիայի ճանապարհով զավթի Արցախը, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ «հոգացել» էր, որ Հայաստանն այլեւս աջակիցներ էլ չունենա։

Ալիեւի հաջորդ կարեւոր ուղերձն, ըստ Գագիկ Մինասյանի, «Զանգեզուրի միջանցքի» մասն էր։ Այդ ճանապարհը Չինաստանից Եվրոպա ձգվող ճանապարհի հայաստանյան հատվածն է եւ իր բնութագրմամբ՝ չափազանց կարեւոր է միջանցքի առկայությունը արեւմուտքի եւ թյուրքական աշխարհի համար ու պատահական չէ, որ թյուրքական աշխարհն այն անվանում է՝ «Թուրանական միջանցք»։

Ի դեպ, Ալիեւը հայտարարեց, որ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածը պատրաստ է եւ այդ հատվածում արտաքին այլ վերահսկողություն չի լինելու, այդ հատվածում կանգնելու են բացառապես ադրբեջանցի սահմանապահները։ Ինչ վերաբերվում է միջանցքի հայկական հատվածին՝ Ալիեւն ասաց․ «Ոչ մի ադրբեջանցի իր դիմաց չպետք է տեսնի հայ սահմանապահ, որովհետեւ դա կվտանգի ադրբեջանցիների կյանքը»։

Գագիկ Մինասյանն ասում է․ «Մեղրիի միջանցքի նշանակությունը չափազանց մեծ է, հատկապես, երբ այն արտապատվիրակվում է կամ ինչպես ավելի հստակ արեւմտյան վերլուծաբաններն են ասում՝ Մեղրիի տարածքը ԱՄՆ-ին 100 տարվա վարձակալության է տրվում։ Տեղի է ունենում Հայաստանի եւ Հայաստանը շրջապատող երկրների համար շատ կարեւոր բան՝ Հայաստանն այդ տարածքում զրկվում է ինքնիշխանությունից եւ դա բերում է նրան, որ տարածքը վարձակալած ուժերը՝ տվյալ դեպքում ամերիկյան, իրականացնելու են բոլոր շինարարությունները, սպասարկումները։ Իսկ դրանք, ակնհայտորեն կլինեն թուրքական եւ ադրբեջանական ընկերություններ եւ կամաց-կամաց Սյունիքը կդադարի լինել հայկական՝ դառնալով թուրանական աշխարհի կապող օղակը»։

Գագիկ Մինասյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ կա երկաթուղի, որը կապում է Չինաստանը՝ Սեւ եւ Կասպից ծովերով, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ․ դա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհն է, բայց արեւմուտքը փորձում է ևս մեկ ճանապարհ ունենալ։ Բանախոսի բնութագրմամբ՝ այս երկու ճանապարհների տարբերությունն այն է, որ Վրաստանով անցնող ճանապարհն արտապատվիրակված չէ, Վրաստանի տարածքը վարձակալությամբ հանձնված չէ եւ գտնվում է Վրաստանի սուվերենության ներքո։ Իսկ Մեղրիով անցնող ճանապարհը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, չի գտնվելու ՀՀ սուվերենության ներքո։ Նաեւ՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո, ակնհայտ է, որ ՌԴ-ի համար երկաթե վարագույր կիջնի՝ դեպի Եվրոպա եւ միակ ճանապարհը կմնա Հյուսիս-Հարավ մայրուղին։ Վերջին զարգացումների արդյունքում այդ ճանապարհի Ղազախստանով, Ադրբեջանով եւ Կասպից ծովով անցնող հատվածները հուսալի չեն ՌԴ-ի համար․ մնում է միակ՝ ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ ճանապարհը․ «Ակնհայտ է, որ եթե Սյունիքում եւ Մեղրիում մենք ունենում ենք ԱՄՆ-ին արտապատվիրակված կամ ավելի ճիշտ՝ վարձակալությամբ հանձնված ճանապարհը, ընդհանրապես անտրամաբանական է դառնում Հյուսիս-Հարավի իրականացումը։ Սա աղետ է ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ԻԻՀ-ի համար։ Այսպիսով, նաեւ փակվելու է Հնդկաստան-ԻԻՀ-ՀՀ-Վրաստան մայրուղին էլ՝ Մեղրիում հանդիպելով ամերիկյան պատնեշին»։

Այն, ինչի մասին խոսում էր Ալիեւը, Գագիկ Մինասյանի փոխանցմամբ, նաեւ նրա մասին էր, որ ՌԴ-ն զրկվելու է աշխարհի հետ կապող իր ամենահուսալի ճանապարհից, «խաչ է քաշվելու» մի շարք կարեւոր ծրագրերի վրա, որի շահառուն ՌԴ-ն եւ ԻԻՀ-ն են։

Ըստ բանախոսի, Ալիեւը նաեւ հստակ ցույց տվեց, որ իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ կոշտանալու է՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում անթաքույց խոսելով ի պաշտպանություն Ուկրաինայի։ Հետագա գործընթացների առումով էլ նկատեց՝ շատ բան կախված կլինի ՌԴ արձագանքից, մանավանդ, վերջին յոթ տարիներին Հարավային Կովկասում ՌԴ սխալ քաղաքականության արդյունքում, որը եղել է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ ՌԴ-ի շահերին դեմ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031