Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ( ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանից, որը Մեդիա կենտրոնում ներկայացնում էր Հայաստանում խոսքի ազատության վիճակը եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները, հետաքրքրվեց՝ չի՞ կարծում, որ Հայաստանը եւ մասնավորապես հայկական լրագրողական կազմակերպությունները պետք է դիրքորոշում արտահայտեն Դմիտրի Գորդոնի, Գելա Վասաձեի, Միխայիլ Գուսմանի եւ Շուշիի մեդիաֆորումի ընթացքում հակահայկական հայտարարություններ անող այլ լրագրողների եւ քաղաքագետների վերաբերյալ:
«Շատ կարեւոր եմ համարում բարձրացրած հարցը, որովհետեւ, երբ տեղի ունեցավ այսպես կոչված Շուշիի ֆորումը, հատկապես երկրորդ ֆորումը, մենք ուշադրություն դարձրինք, թե ինչ է այնտեղ կատարվում, մեր պարտքը համարեցինք հայտարարությամբ հանդես գալ, եւ 10 լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ հանդես եկան»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Նրա ձեւակերպմամբ, նորություն չէ, որ Ալիեւի առաջարկություններից գայթակղվում են ռուսական լրատվամիջոցներ, ռուս լրագրողները միշտ էլ շքեղ ուղեւորություն եւ ընդունելություն են ունեցել Ադրբեջանում, կողմնակալ լուսաբանումներով աչքի ընկել: ԽԱՊԿ նախագահի խոսքով, անընդունելի ու վրդովվեցուցիչ էր այն, որ միջազգային հայտնի լրատվամիջոցներից մարդիկ են գնացել կամ միջազգային ասպարեզում հայտնի մոդերատորն է գնացել ու վարել այդ ֆորումը. «Մենք մեր հայտարարությամբ ուղղակի դատապարտում էինք այդ մոտեցումը, ասում էինք, որ նրանք օգնում են Ալիեւին դեմքը փրկել այն պարագայում, երբ Ադրբեջանը մամուլի ազատության ռեյտինգներով 154-րդ տեղից էլ ցածր է, լրագրողները բանտերում նստած են շինծու գործերով, այնտեղից բազմաթիվ լրագրողներ են փախել, որպեսզի խուսափեն հաշվեհարդարներից:
Շուշիում կայացածը մի չակերտավոր ֆորում է, որն իրականում որեւէ կապ չունի Ադրբեջանում լրատվամիջոցների ազատությունը զարգացնելու հետ: Ու փոխանակ միջազգային լրատվամիջոցները քննադատության ենթարկեն՝ գնացել, մասնակցել են:
Կարդացեք նաև
Ի դեպ, մենք այդպիսի փաստեր էլ ունենք, երբ հեգնանքով են վերաբերվել այդ ֆորումին: Առաջին անգամ էլ, երբ այդ ֆորումը տեղի ունեցավ, էլի հայտարարությամբ հանդես եկանք, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր եւ Շուշիում ֆորումին մասնակցող լրագրողներին հարց ուղղեցինք՝ իսկ միգուցե մի քանի կիլոմետր գնաք ու տեսնեք, թե այդ վայրում ոնց են մարդիկ ապրում շրջափակման պայմաններում:
Քանի որ մեր հայտարարությունները թարգմանվում են անգլերեն, մենք ուղարկել ենք միջազգային գործընկերներին, առանձին դեպքերում շնորհակալություն են հայտնել մեր ուղիղ խոսքի ու դիրքորոշման համար: Մի դեպքում էլ արձագանքել են, որ կվերանայեն իրենց վերաբերմունքը: Շատ կարեւոր է, որ Հայաստանից եւ հայաստանյան լրագրողական հանրությունից վրդովմունք է հայտնվել ու նման գնահատական ուղարկվել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ